▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 օրում այդ ամենը փլուզվեց, հասկացա, որ մնացի առանց որևէ բանի. ինչպես Հայաստանի չեմպիոն Արթուրը դարձավ երգիչ Ալեքս

8 տարի առաջ Մոսկվա տեղափոխված երգիչ Ալեքսը (Արթուր Մարգարյանը) երբեք ոչնչի համար չի զղջում: Թեև ստացած վնասվածքը փոխեց ապագա օլիմպիական չեմպիոնի ճակատագիրը, սակայն նա խոստովանում է, որ իրեն փրկել է երաժշտությունը: Asekose.am-ը զրուցել է Ալեքսի հետ` սպորտից հեռանալու պատճառի, ստեղծագործական ուղու, «Հայաստանի ձայն»-ից դուրս մնալու, սպասվող նորությունների մասին և ոչ միայն:

Երբ 1 օրում այդ ամենը փլուզվեց, ես հասկացա, որ մնացի առանց որևէ բանի

17 տարի զբաղվել եմ սպորտով, սպորտի վարպետի թեկնածու կոչում ունեի, ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարան թեթև ատլետիկայի բաժինը, եղել եմ Հայաստանի չեմպիոն: Մինչ այսօր էլ զբաղվում եմ սպորտով, առանց դրա չեմ կարող պատկերացնել իմ կյանքը: Սակայն, սպորտն ունի մի բացասական կողմ` պրոֆեսիոնալ սպորտով չես կարող ամբողջ կյանքդ զբաղվել: Եկավ այն պահը, որ մինչև բանակ գնալը ես վնասվածք ստացա, որն անհամատեղելի էր պրոֆեսիոնալ սպորտի հետ և հասկացա, որ պետք է հրաժեշտ տամ սպորտին: Այդ շրջանում ինձ համար հոգեբանական առումով շատ դժվար էր: Ծնողներս ինձ մանկուց ասում էին, որ ես պետք է օլիմպիական չեմպիոն դառնամ, որ իրենք պետք է հպարտանան ինձանով: Երբ 1 օրում այդ ամենը փլուզվեց, ես հասկացա, որ մնացի առանց որևէ բանի, որովհետև ես իմ մտքում օլիմպիական չեմպիոն դառնալու մեծ նպատակ ունեի, ես ուրիշ բանի մասին անգամ չէի էլ մտածում: Եղել են այնպիսի պահեր, որ մտածել եմ, որ վերջն է, որ ես արդեն անելիք չունեմ, բայց դա երկար չի տևել, ինքս եմ այդ վիճակից ինձ հանել` լավատեսորեն փորձելով գտնել մի բան, որն ինձ առաջ գնալու հնարավորություն կտա:  Կարծում եմ, որ երեխայի վրա այս առումով չպետք է ճնշում գործադրել, քանի որ ցավոք ամեն ինչ քեզանից չէ կախված, կան հանգամանքներ, որ ավելի ուժեղ են, և, ի վերջո, կա բախտի գործոնը:

Կարելի է ստանալ երգ, որը կոմերցիոն տեսանկյունից մեծ հաջողություն կունենա

Երաժշտությամբ զբաղվել եմ մանկուց, մայրս ձայնային շատ լավ տվյալներ ունի և ժամանակին երգել է, սկսել եմ կիթառից, հաճախել եմ երաժշտական դպրոց: Երաժշտական առաջին քայլերս արել եմ 9 տարեկանում: Ինչո՞ւ ընտրեցի Ալեքս բեմական անունը, քանի որ հայրիկիս անունը Ալիկ էր, և ցանկանում էի նրա անունը կրել, անունը ձևափոխեցինք, և դարձավ Ալեքս: Նվագել եմ բազմաթիվ խմբերում ու ակումբներում: Առաջին երգիս տեսահոլովակը նկարահանել է Սերժ Գաբյանը 2015 թ.` «Սիրելուց լավ բան չկա» երգի հիման վրա, երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը: Չկան կոնկրետ մարդիկ, ում հետ միշտ համագործակցում եմ, քանի որ կարծում եմ, որ երգերը պետք է տարբեր ձեռագիր ունենան: Ինքս ել եմ երգեր գրում: Վերջին տեսահոլովակս նկարահանվել է մայիսին, սակայն այս ընթացքում չեմ դադարել աշխատել, ունեմ գրված երգեր, որոնցից մեկը շուտով կներկայացնեմ: Երգի հեղինակները կրկին Ռիչարդ Մադլենյանն ու Գրիգոր Կյոկչյանն են, վերնագիրը անակնկալ է (ժպտում է): Դեռ չեմ կարող ասել` երգը տեսահոլովակ կունենա, թե` ոչ, քանի որ կարծում եմ, որ ոչ բոլորը երգերը սյուժետային տեսահոլովակի կարիք ունեն, առանց տեսահոլովակի էլ կարելի է ստանալ երգ, որը կոմերցիոն տեսանկյունից մեծ հաջողություն կունենա: Օրինակ` «Մայրիկ» երգի ժամանակ ես չեմ մտածել կոմերցիայի մասին, պարզապես ցանկանում էի ստանալ պատմություն, որը անմիջական կապ կունենա ինչպես իմ, այնպես էլ շատերի կյանքի հետ` կապված 90-ական թթ.-ի հետ:

Կարծում եմ, որ մեր օրերում երգը պետք է լինի պարզ

Առհասարակ, առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում երգի ստեղծագործական կողմին, սակայն մտածում եմ, իհարկե, նաև կոմերցիայի մասին, քանի որ երգչի համար ֆինանսական կողմն ապահովվում են երգերը: Սակայն դա չի նշանակում, որ երգը պետք է անորակ լինի: Կարծում եմ, որ մեր օրերում երգը պետք է լինի պարզ, որպեսզի հեշտ ընկալեն այն: Ես լիրիկայի կողմակից եմ, բայց սիրում եմ նաև ռիթմիկ երգեր. ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից: Ճիշտ է` ես ունեմ իմ ձեռագիրը, սակայն չեմ կարող ասել, որ լիովին գտել եմ ինձ, սակայն այն ինչ անում եմ, զգում եմ ու սիրում եմ: Հնարավոր է նաև, որ իմ երգացանկում լինեն նաև 6/8 ձևաչափով երգեր:

Սկզբնական շրջանում ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր

Կիթառն ինձ համար ամեն ինչ է: Այն գործիքն է, որն ինձ  օգնել է թե՛ բանակում ծառայելու տարիներին, թե՛ Ռուսաստանում: Երբ Հայաստանից տեղափոխվեցի Մոսկվա, հարմարվելու խնդիր կար, այդ պատճառով էլ 3-4 ամիս երաժշտության մեջ չէի, բայց կիթառը միշտ ինձ հետ էր:  Սկզբնական շրջանում ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր, բայց հաղթահարեցի: Երբեք չեմ մտածում, թե ինչ կանեի, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի, քանի որ ինչ-որ  քայլից հետո նոր ճանապարհ է բացվում, միգուցե, եթե ժամանակին այդ քայլին չգնայի, այսօր շատ լավ ու կարևոր բաներ իմ կյանքում չէին լինի:

Մրցույթների կշարունակեմ մասնակցել, սակայն` ոչ «Հայաստանի ձայն»-ին

Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների`«Հայ սուպերսթար», «Հայաստանի ձայնը», որտեղ Հայկոյի թիմից էի: Ռուսաստանում մասնակցեցի «Пироговский рассвет»  միջազգային մրցույթի, որտեղ 11 երկրների ներկայացուցիչների մեջ զբաղցրել եմ 3-րդ տեղը:«Հայաստանի ձայն»-ը բոլոր սկսնակ երգիչներին տալիս է շատ լավ մեկնարկ, սակայն որոշ մարդիկ չեն հասկանում, թե ինչու են մասնակցում: «Հայաստանի ձայն»-ը էստրադա մուտք գործելու շատ արագ տարբերակ է, սակայն կարծում եմ, որ եթե հաղթողները մրցույթից հետո ասելիք չունեն, ուրեմն անելիք չունեն, մասնակիցները պետք է մի փոքր կայացած լինեն, որպեսզի օգտագործեն մրցույթի`իրենց տրված պաշարը: Ես երբեք մրցույթի  բացասական կողմի մասին չեմ մտածում, ծանոթացա Հայկոյի հետ, ում հետ մինչև հիմա կապ ունեմ: Մրցույթների կշարունակեմ մասնակցել, սակայն ոչ «Հայաստանի ձայն»-ին: Առջևում նպատակ ունեմ մասնակցելու մի հեղինակավոր մրցույթի, սակայն այդ մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին