Հունիսի 20-30-ը Հայաստանում կկայանա իր տեսակով աննախադեպ՝ հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը, որը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը եւ «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ: Փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 20-ին` Կարապի լճի տարածքում:
«Շուրջ 25 երկրներից արդեն մասնակցության հայտ են ներկայացրել 300 ֆիլմեր, չնայած, հայտերի ընդունումը դեռևս շարունակվում է: Ֆիլմերը կցուցադրվեն նաև Ախթալայում, Օձունում, Տաթևում: Ընդգրկված են բոլոր այն ֆիլմերը, որոնք քարոզում են մարդասիրություն: Արդեն ունենք մեծ քանակությամբ ֆիլմեր: Հայաստանից դեռևս քիչ է, մոտ 30-ը: Ժյուրիի կազմում ընդգրկված են այլ երկրների նմանատիպ փառատոների անդամներ: Ֆիլմերը ներկայացնելու են հենց ֆիլմերի հերոսները: Օրինակ, կա ֆիլմ, որը նկարահանված է Ռումինիայում: Այն պատմում է հոգևորականի մասին, որը մանկատուն է հիմնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց փառատոնի համակարգող Աննա Կարապետյանը:
Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոնն էլ հավելեց, որ բացօթյա ֆիլմերի այս փառատոնն ուղեկցվելու է քննարկումներով: Այն հասանելի է լինելու թե' տարեցներին, թե' երիտասարդներին:
«Մարզերում փառատոնի անցկացման ընթացքում մասնակիցները կապրեն վրաններում, իսկ երեկոյան խարույկի շուրջ ակտիվ քննարկումներ կլինեն»,-ասաց Շահեն Նազարենկոն:
Փառատոնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով էլ, երբ որ լսում ենք հոգևոր ֆիլմերի փառատոնի մասին, արձագանքը միանշանակ չէ, բայց ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որ ունեցան տարբեր առիթներ` հոգևոր, բարոյական, մարդասիրական, տարբեր բովանդակության ֆիլմեր դիտելու և եղավ մեծ ցանկություն` խոսել դրանց մասին:
«Փառատոնում կնեկայացվեն ֆիլմերի հեղինակների աչքերով տեսած այն պրոբլեմները, որոնք առկա են մեր կյանքում: Կարևոր է, որ Հայաստանում ևս շատ ֆիլմ արտադրողների ուշադրությանը ներկայացնել այդ խնդիրները, որ նկարահանեն, ներկայացնեն հանրությանը` լրացնելով բացը»,-նկատեց Տեր Եսային` նշելով, որ անգամ ֆիլմեր կան մուսուլմանական երկրներից, որոնք խոսում են քրիստոնյայի և մուսուլմանի բարեկամության մասին:
«Կան ֆիլմեր` Հնդկաստանից, Չինաստանից, Կորեայից, որոնք մարդկային երկխոսության լավագույն օրինակներն են»,-նշեց քահանան:
Անդրադառնալով փառատոնի` ձկան տեսքով լոգոյին, Տեր Եսային մեկնաբանեց.
«Ֆրեսկոն որմնանկարն է, և, եթե ուշադիր եք եղել, հատկապես մեր եկեղեցիներում վնասված, ժամանակի ընթացքում մաշված պատկեր է ներկայացնում, որի մեջ կա գեղեցկություն, արվեստ: Ձուկը քրիստոնեության խորհրդանիշն է: Հունարենում ձուկ բառը նշանակում է Հիսուս Քրիստոս` Փրկիչ Աստված»:
Նշենք, որ փառատոնի նպատակն է` հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության, մարդասիրական արժեքների վերահաստատումը, հոգևոր արժեքների տարածումը, հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծումը, կինոգործիչների փոխշահավետ համագորշակցությունը:
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է մրցութային և ոչ մրցութային բաժիններ: Մրցանակներ կշնորհվեն հետևյալ` լավագույն մարդասիրական ֆիլմ, լավագույն«մեսիջ», խնդրի լավագույն վերլուծություն, սեր և խաղաղություն, լավագույն դեբյուտային ֆիլմ և «Մեր օրերի հերոսը» անվանակարգերում:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարում է նախընտրական հանձնաժողովը: Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը:
Կլինի միաժամանակյա կենդանի թարգմանություն` խուլերի համար, պայմաններ կստեղծվեն տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը և ուղարկել info@fresco.am հասցեով:
Անի Կարապետյան