▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ադրբեջանցիները հայկական տոլմայից խոսում՝ մոռանալով քոչվորներին բնորոշ իրենց կերակուրների մասին

Մայիսի 21-ին՝ շաբաթ օրը, ժամը 12:00-ին Մուսալեռում արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնը, որը կրում է «Խոհանոցը որպես ինքնության ցուցիչ» խորագիրը:

«Գաղափարն առաջացավ 2011 թվականին, երբ որ մեր թշնամի երկրի նախագահն իրեն ԳԱԱ շենքի բացման օրը խոսեց հայերի կողմից մշակութային յուրացման ու տոլմայի մասին: Որոշեցինք տոն կազմակերպել, որն էլ կլիներ մեր պատասխանը: Այս ամենը ցուցադրվեց CNN-ի եթերում:

Հետագա տարիներին շարունակեցինք միջոցառումը՝ այն դարձնելով ավանդական: Այս տարի  մասնակիցները մրցելու են 3 անվանակարգերում.լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում: Կընտրվի նաև լավագույն տաղավարը: Փառատոնին մասնակցելու են նաև զինվորները: Ժյուրիի կազմում մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Շարունակելով վերջինին՝ ազգագրագետ Խորեն Գրիգորյանը նկատեց.

«Փառատոնի հիմքում ավանդականությունն է, մշակութային ժառանգության մի մասի բարձրաձայնումը: Հետաքրքիր և գրավական է այն, որ փառատոնին մասնակցում են գիտական  հաստատությունները՝ օրինակ Երիտասարդ պատմաբանների ասոցացիան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում այս տոնին Մշակույթի նախարարությունը, ասեմ, որ սա մեր ժողովրդի տոնն  է, ոչ թե պետական կազմակերպությանը, որ որոշեր, թե սա ինչպես պետք է լիներ: Տոնը սիրված է, քանի որ ժողովրդին հաճելի է լինել այստեղ: Հիշում եմ՝ հարցումների ժամանակ, մի կին, ով Ուրֆայից  Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել էր Իտալիա, պատմեց, որ երբ հասան տեղ, առաջին բանը, որ պատրաստել է իր մայրը, դա բանջարեղենով տոլման է եղել»:  

Սեդրակ Մամուլյանն անդրադարձավ նաև  տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում ներառելու Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության մտադրությունը.

«Մենք որպես կազմակերպություն անում ենք այն, ինչ կարողանում ենք և՛ լավաշի, և՛ տոլմայի մասով: Կա «Հացը լեռներում» խորագիրը կրող միջոցառումը, ներկայացվում են տոնածիսական կերկուրները: Մեր կազմակերպությունն ուղղակի չի ճանաչում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այն մեզ համար ՀԿ է: Դեմ ենք մեր մշակութային ժառանգությունն այս կամ այն հարթակում վիճարկելուն: Ադրբեջանին հարց ունեմ.ինչո՞ւ նրանք քյաբաբի կամ բաստուրմայի մասին չեն խոսում, որոնք, ի դեպ, քոչվորներին բնորոշ կերակուրներ են: Եթե հետաքրքվենք, թե որտեղից է ֆինանսավորվում հատկապես «Ոչ նյութական ժառանգության» բաժինը, կտեսնենք, որ ճանապարհները տանում են դեպի Բաքու»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման» ՀԿ նախագահը:

Բանախոսների փաստմամբ՝ մեր առաջին տոլման փաթաթվել է ծեծած մսով.

«Դրա վկայությունը գտել ենք Գորիսի տարածաշրջանում: Կան նաև տոլմայի տեսակներ, որոնք պատրաստվել են մոռի կամ լոբու տերևներով, դդումի ծաղիկով: Մենք ունենք սոխե տոլմա, վուշի տոլմաները, որոնք պատկանում են Անիի խոհանոցին»,-ասացին նրանք:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել է տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում ներառելու Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության մտադրությունը.

«Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է», – նշել է Հասմիկ  Պողոսյանը՝ հավելելով.

«Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով: Մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, և երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին