▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիալուսինն այսօր արտառոց կլինի

Նոյեմբերի 14-ի լիալուսինն արտառոց կլինի։ Գրինվիչի ժամանակով 13:52 (Երևանի ժամանակով 17:52) Երկրի միակ բնական արբանյակը՝ Լուսինը, առավելագույնս մոտ կլինի Երկրին (356509 կմ) և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Այն դիտվում է, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում միջինից ավելի է մոտենում: Այս երևույթը կրկնվում է 411․8 օրը մեկ անգամ և դիտվում է համարյա ամեն տարի։ 2016թ․Լուսինն ամենամոտը կգտնվի Երկրին հենց նոյեմբերի 14-ին։ Սակայն այն ոչ միայն այս տարվա ամենամոտ, ամենամեծ և ամենապայծառ գերլուսինն է, այլև ամենամոտն է 1948թ․ հունվարի 26-ից ի վեր։ Թեև Հայաստանում Լուսնի ամենամոտ պահին երեկո է լինելու, լիալուսինը կարելի է դիտել նաև նոյեմբերի 14-15-ի ողջ գիշերը։

Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 402 կմ (այն հավասար է Երկրի 60․32 շառավղի): Սակայն Երկրի շուրջ Լուսնի ուղեծիրն էլիպս է, և նրա կիզակետերից մեկում է գտնվում Երկիրը։ Լուսինն իր պտույտի ընթացքում անընդհատ փոփոխում է Երկրի նկատմամբ հեռավորությունը։ Ամենամոտ դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը միջինում կազմում է 362600 կմ, սակայն այն նույնպես տատանվում է մոտ 356400–370400 կմ սահմաններում: Իսկ ամենահեռու կետում, որը կոչվում է ապոգեոս (երկրահեռ կետ կամ հեռերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը միջինում կազմում է 405400 կմ, սակայն տատանվում է մոտ 404000-406700 կմ սահմաններում: Հաջորդ ապոգեոսը կլինի նոյեմբերի 28-ին, երբ Լուսինը կհեռանա մինչև 406554 կմ։

«Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 14%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի:

Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտական որևէ փաստ չկա գերլուսնի էական ազդեցության վերաբերյալ: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ողջ ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է:

Լուսինը Երկրին այսքան մոտ չի լինի մինչև 2034 թ. նոյեմբերի 25-ը (այդ օրը Երկիր-Լուսին հեռավորությունը կլինի էլ ավելի փոքր՝ 356446 կմ): Լուսինը Երկրին էլ ավելի մոտ կլինի 2052 թ․ դեկտեմբերի 6-ին (356425 կմ)։ 356400 կմ-ից ավելի մոտ հեռավորությունները ծայր աստիճան հազվադեպ են․ վերջին անգամ նման դեպք եղել է 1930 թ․ հունվարի 14-ին (356397 կմ), իսկ հաջորդը կլինի միայն 23-րդ դարում՝ 2257 թ․ հունվարի 1-ին՝ 356371 կմ։

Հայկական աստղագիտական ընկերություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին