Լրագրող Մարգարիտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր հոկտեմբերի 27-ն է: 1999թ. այս օրը ԱԺ դահլիճում, ըստ էության, գնդակահարվեց Հայոց պետականությունը:Որպես գործի բնույթից տեղյակ (մինչեւ 2003 թ. մանրամասն լուսաբանել եմ)՝ կարող եմ պնդել,որ կազմակերպիչները գործի հետագա ընթացքը ճշգրիտ հաշվարկել էին. ավելի քան 70 հատոր քրեական գործի նյութերի մեջ ամեն ինչ մանրամասն նկարագրված է:
Ժամանակը ցույց տվեց,որ այդ մասով որեւէ վրիպում չեղավ ճշգրիտ հաշվարկից: Ավելին, բազմաթիվ նորանոր շահառուներ հայտնվեցին, ընդ որում «27-ի գործով» շահառուների մի մասը նաեւ զոհերի հարազատներից դուրս եկան: Բայց այդ թեմային մեկ այլ առիթով կանդրադառնամ:
Բավական է միայն հետադարձ հայացք ձգել, թե Վազգեն Սարգսյանի «շրջապատի» հայտնի դեմքերից ով ինչ ուներ հոկտեմբերի 27-ից առաջ, եւ ինչ ունեցավ հոկտեմբերի 27-ից հետո: Այս համատեքստում շահառուներն ուղղակի ոտնատակ են ընկնում:
Դեպքից հետո 2 տասնամյակից ավելի, ժամանակին Վազգեն Սարգսյանին հավատարմության երդումներ տված, Եռաբլուրում իրար արյուններ խառնած բեղավոր ու անբեղ ինչ-որ ոչնչություններ տարին մեկ-երկու անգամ իրենց պարտքն են համարում գնալ Եռաբլուր՝« կամերաներով» աղջիկների եւ տղաների բրիգադով ու Գյուլնազ տատի հեքիաթների շարքից իրենց մասին ստեր են պատմել՝ դա ներկայացնելով իբրեւ Վազգեն Սարգսյանի մասին հիշողություն, հոգու խորքում հույս ունենալով,որ Վազգեն Սարգսյանի հաշվին պատմության գիրկը կանցնեն: Պերսոնաժներ,որոնք մի ախոռ սիլոսի դիմաց պատրաստ են հայրենիքի սահմանները հանձնել թշնամուն:
Չեմ ուզում շատ ծավալվել,գտնում եմ,որ հիմա լռելու ժամանակն է, նաեւ հասկացել եմ, որ այս փուլում ողջամիտ խոսքն արժեզրկված է, բայց շատ մարդկանց լավ ճանաչելով՝ մեկ-մեկ նյարդերս չեն դիմանում…
Հ.Գ. Ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի՝ այդ օրը գնդակահարված գործիչներն էին ափսոս: