▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդառատ անձրևի դեպքում ես չգիտեմ, թե Հրազդան գետի հետ ի՞նչ կկատարվի.Ճարտարապետ

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահ է՝ ուժգին անձրևների պատճառով Երևանը չի «կործանվի»:

«Ուղղակի քաղաքի որոշ հատվածներ աղբի մեջ կորած են, դրա համար լուրջ աշխատանք է հարկավոր՝ խողովակները, ցանցերը մաքրելու համար: Եվ այն, որ խոսում են 1946 թվականին  Երևանի կենտրոնի փողոցները Գետառի ջրերով հեղեղվելու մասին, կառուցապատման խնդիր չի եղել, պարզապես սարերից ջուրն իջել է, ու բնականաբար, այդպես է ստացվել: Իսկ հիմա քաղաքի աղբը սոսկալի է: Ջուրը հեռացնելու համար նախատեսված ցանցերը տիղմով են լցված և հորդառատ անձրևի ժամանակ էլ խնդիրներ են առաջանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մկրտիչ Մինասյանը:

 Նրա գործընկեր Գուրգեն Մուշեղյանն էլ նկատեց.

«Հաճախ խոսում են Գետառից ու ասում, որ այս բոլորը այն փակելու պատճառով է, քանի որ ջուրը չգիտի, թե ուր գնա: Գետառն ո՜ւր, Մաշտոցի պողոտան ուր: Ասեմ, որ Գետառի շատ քիչ հատվածն է փակ, մնացածը բաց է: Իսկ հեղեղումների պատճառը խցանումներն են: Հորանները հարկավոր է միշտ մաքուր պահել: Մենք պետք է պայքարենք, որպեսզի ջրերը չմտնեն քաղաք, ինչպես  դա եղավ 1946 թվականին: Դրա համար երկու հեղեղատար կա՝ մեկը Գետառը, մյուսը՝ Հրազդան կիրճը: Ի դեպ, լավ չէ Հրազդանի վիճակը, գետի երկու կողմը կառուցապատված է: Հորդառատ անձրևի պարագայում  ես չգիտեմ, թե նրա հետ ինչ կարող է պատահել»:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևը տհաճ իրավիճակ էր ստեղծել մայրաքաղաքում: Փողոցներում կարծես ջրհեղեղ էր, երթևեկությունն էլ շատ մեքենաների համար պարզապես անհնարին էր դարձել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին