Հունիսի 12-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևը տհաճ իրավիճակ էր ստեղծել մայրաքաղաքում: Փողոցներում կարծես ջրհեղեղ էր, երթևեկությունն էլ շատ մեքենաների համար պարզապես անհնարին էր դարձել:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի գրեթե վստահ է՝ քաղաքաշինական սխալ կա, որ նման իրավիճակ է ստեղծվում.
«Որ ասում էին՝ չի կարելի փակել Գետառը, ճիշտ էր: Արդեն հիմնավորված է այն կարծիքը, որ Գետառի հունը չպետք է փակվեր, քանի որ ակնհայտ է՝ այն ուղին, որտեղ պետք է գնային ու լցվեին ջրերը, բավարար հատույթ չունեն: Այսինքն, չեն հասցնում կլանել ջուրը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զույցում ասաց ճարտարապետը:
Սաշուր Քալաշյանը նկատում է՝ կարող է նաև հեղեղների պատճառ լինել աղբը.
«Չեն մաքրում անձրևատար համակարգերը: Փնթի ազգ ենք»:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահ էր՝ ուժգին անձրևների պատճառով Երևանը չի «կործանվի»:
«Ուղղակի քաղաքի որոշ հատվածներ աղբի մեջ կորած են, դրա համար լուրջ աշխատանք է հարկավոր՝ խողովակները, ցանցերը մաքրելու համար: Եվ այն, որ խոսում են 1946 թվականին Երևանի կենտրոնի փողոցները Գետառի ջրերով հեղեղվելու մասին, կառուցապատման խնդիր չի եղել, պարզապես սարերից ջուրն իջել է, ու բնականաբար, այդպես է ստացվել: Իսկ հիմա քաղաքի աղբը սոսկալի է: Ջուրը հեռացնելու համար նախատեսված ցանցերը տիղմով են լցված և հորդառատ անձրևի ժամանակ էլ խնդիրներ են առաջանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Մկրտիչ Մինասյանը:
Գուրգեն Մուշեղյանն էլ հավելել էր.
«Հաճախ խոսում են Գետառից ու ասում, որ այս բոլորը այն փակելու պատճառով է, քանի որ ջուրը չգիտի, թե ուր գնա: Գետառն ո՜ւր, Մաշտոցի պողոտան ուր: Ասեմ, որ Գետառի շատ քիչ հատվածն է փակ, մնացածը բաց է: Իսկ հեղեղումների պատճառը խցանումներն են: Հորանները հարկավոր է միշտ մաքուր պահել: Մենք պետք է պայքարենք, որպեսզի ջրերը չմտնեն քաղաք, ինչպես դա եղավ 1946 թվականին: Դրա համար երկու հեղեղատար կա՝ մեկը Գետառը, մյուսը՝ Հրազդան կիրճը: Ի դեպ, լավ չէ Հրազդանի վիճակը, գետի երկու կողմը կառուցապատված է: Հորդառատ անձրևի պարագայում ես չգիտեմ, թե նրա հետ ինչ կարող է պատահել»:
Անի Կարապետյան