ASEKOSE.am-ի հարցերին պատասխանում է ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:
-Չկա ավելի մեծ հաղթանակ, քան ինքդ քո նկատմամբ տարած հաղթանակը: Ձեր կյանքում եղե՞լ են այնպիսի պահեր, երբ ստիպված եք եղել հաղթել ինքներդ Ձեզ:
-Չգիտեմ, դա երջանկություն է, թե հակառակը: Ողջ գիտակցական կյանքս ինձ հետապնդել են գայթակղությունները, որոնք ես համարել եմ փորձություն` ի վերուստ մարդկային տեսակս ձևավորելու նպատակով: Շատ գայթակղություններից եմ հրաժարվել իմ կյանքում` պաշտոն, շահավետ ամուսնություն, աշխատանք արտերկրում, թանկարժեք նվերներ և այլն: Ես միշտ հավատարիմ եմ իմ սրտի ձայնին, և նա դեռևս ինձ չի դավաճանել:
-Հատկանիշ, որն ամենաշատն եք գնահատում մարդու մեջ:
-Ազատություն, բարություն, հավատարմություն և հումոր:
-Ի՞նչ կարծիքի եք այժմյան շոու-բիզնեսի, կատարումների, տեսահոլովակների մասին:
-Եթե այս հարցին ավելի վաղ պատասխանեի` այլ կարծիքի կլինեի: Բայց հիմա կարծես թե ամեն ինչ դեպի լավն է գնում: Ասեմ, որ ըստ իս` տեսահոլովակները ավելի լավն են, ավելի որակյալ, քան երգերը: Կատարողների մի մասը երգում է այն, ինչ պահանջվում է: Ես համաձայն չեմ այդ արդարացման հետ: Կան կատարողներ, ովքեր չեն դավաճանում իրենց սկզբունքներին, և ավելի քան համոզված եմ` նրանք էլ ունեն «հացի խնդիր»: Դավաճանելով սկզբունքներիդ` դավաճանում ես ինքդ քեզ: Այն, ինչ հիմա կատարվում է, ես համարում եմ «մշակութային եղեռն», և յուրաքանչյուր կատարող ներկայացնելով անորակ կամ «արևելա-թրքա-արաբական» երաժշտություն հանրությանը` կամա թե ակամա դառնում է մասնիկը այդ «երևույթի»:
-Մեր հասարակության մեջ ի՞նչն է համարվում կնոջ դժբախտությունը:
-Ա´յն, որ չունեն մտքի ցանկությունների և երազանքների «ազատություն»: Դա բնավ չի նշանակում լիովին ազատություն և անտարբերություն ընտանիքիդ, հանրության և անտարբերություն կյանքիդ հանդեպ: Դա պարզապես օգնում է ապրել, լինել ազնիվ և սիրել:
-Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:
-Սեր, լիարժեք ընտանիք և նորից սեր:
-Ինչպե՞ս պետք է պայքարի կինն անհաջողությունների դեմ:
-Իրականում` կինը պայքարելու համար չէ, որ ստեղծված է: Կինը ստեղծված է սիրո համար, երեխաներ լույս աշխարհ բերելու, ընտանեկան անդորրը պահպանելու համար: Այս ամենը կոչվում է սեր: Ստել չեմ կարող, մարդ արարածը անզոր է պայքարել անհաջողությունների դեմ: Միայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր սթրես և անհաջողություն պետք է կարողանալ «օգտագործել» ի օգուտ քեզ: Ռուսերեն ասացվածք կա. «Чёрная полоса может оказаться взлетной»:
- Այսօր հայ կինն ազդեցիկ է իր հասարակական դերով, առաջընթաց նկատո՞ւմ եք:
-Ցավալի է, առաջընթացը հնարավոր է և կա, բայց նկատելի չէ:
-Ո՞րն է իդեալական կնոջ կերպարը Ձեզ համար:
-Ինձ համար կնոջ իդեալական կերպար ողջ գիտակցական կյանքում եղել է մայրս` կինոնկարչուհի Լիդա Գևորգյանը, ով ստանձնելով «տղամարդու մասնագիտություն»` կանացի է, բարի և հավատարիմ:
-Ինչո՞վ է երջանկությունը տարբերվում կանացի երջանկությունից:
-Երջանկությունը մեկն է բոլորի համար` կին, թե տղամարդ: Եվ ամենակարևորը պարզ սիրել և լինել սիրված, կազմել ամուր ընտանիք, զբաղվել սիրած գործով, ապրել քաղաքում, որը սիրում ես: Այդ ամենի համար պետք է մի հատկանիշ` չդավաճանել:
-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին: Ի՞նչն է նպաստել կյանքում մեծ կամ փոքր հաջողություններ արձանագրելուն:
-Անհամեստություն չհնչի, իհարկե համարում եմ, և ասեմ, որ հպարտանում եմ իմ հաջողություններով: Նրանք իմն են, ես այս ամենին հասել եմ առանց որևէ աջակցության: Ես պարզապես երազել եմ այնուհետ ինքս իրականցնել իմ երազանքները:
-Ընտանիքը փոքր պետություն է, պետությունը մեծ ընտանիք: Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:
-Ես ողջ կյանքում երազում էի ունենալ լիարժեք ընտանիք: Բայց այդպես չստացվեց: Դա բնավ չի նշանակում, որ ես հանձնվել եմ և դադարել երազել: Չկա ավելի հզոր և անպարտելի երևույթ, ինչպիսին է ամուր ընտանիքը:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի