Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, որը երկու օր առաջ ԱԱԾ-ի կողմից ձերակալվել է, կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ (ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ մաս):

Նրա ձերբակալման եւ կասկածանքի վերաբերյալ տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Դավիթ Մնացականյանը:
Նա ասել է, որ Ադյանը ցուցմունք չի տվել, առաջադրված կասկածանքը չի ընդունում: «Որպես լիազորված աշխատակիցներ, ուզեցել են հավասար պայմաններ ստեղծել շուկայում, որպեսզի ինչ-որ մի ընկերություն գերիշխող դիրք չունենա: Օրինակ, էդ ընկերությունը, որը տարիներ շարունակ ինքն է կոնկրետ մրցույթներին միշտ հաղթող ճանաչվել, այդ չափանիշներն այնպես են սահմանված եղել, որ ուրիշ ընկերություն ուղղակի հնարավորություն չի ունեցել մասնակցելու այդ մրցույթին: Այսինքն՝ ուզեցել են այդ դաշտը օրինականացրել, արադարություն հաստատել, որպեսզի մյուս ընկերությունները եւս հնարավորություն ունենան մասնակցելու մրցույթին: Հիմնական նպատակը դա է եղել, բայց արի ու տես՝ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, այս մարդկանց նկատմամբ, կոպիտ ասած, լավ բան են ուզեցել անել, բայց իրանց դեմ ա ֆռացել»,- ասաց Մնացականյանը:

Հարցին ի պատասխան նա նաեւ ասել է, որ բողոքարկել են Ադյանին ձերբակալելու քննիչի որոշումը, սակայն դատարանը մերժել է այն՝ ձերբակալությունը ճանաչելով իրավաչափ:
ՊՎԾ ձերբակալված մյուս պաշտոնյան Գևորգ Խաչատրյանն է: Նրա փաստաբան Արման Արզումանյանը «Հետք»-ին ասել է, որ իր պաշտպանյալի գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելն է: Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս կասկածյալը ևս իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում:

Կարդացեք նաև՝ ՊՎԾ աշխատակիցների մասին տարածված տեղեկատվությունը խեղաթյուրված է. ՊՎԾ
Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ. ՊՎԾ աշխատակիցը՝ ԵՊՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին


