Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր բավարարել է Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆադեևայի խոսքերը.
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավումը՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,-նշել է Ֆադեևան:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի օդանավակայանում ՌԴ իրավապահ մարմինները բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերով: Մասնավորապես նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:
Նա հաճախ է դժգոհություն հայտնել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ նաև նշելով, թե «Սերժ Սարգսյանը լավագույնն է վատագույնների մեջ»:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալման փաստին արձագանքել է նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը և գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: