▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկումը»։

Մասնակցելով քննարկմանը՝  Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է․ «Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն․․․

Եթե հաշվի առնենք հետևյալը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, 2029 թվականին, հույս ունեմ, որ արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրոմիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի: Բաց սահմաններով խաղաղ երկիր: Սա գիտե՞ք ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի․․․ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ: Եվ այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես․․Իրականությունը տեսնելու, գնահատելու, լուծումներ ունենալու և լուծումները մինչև վերջ հասցնելու համար ամենակարևոր գործոնը կրթությունն է: Սա է պատճառը, որ Կառավարությունը կրթությունը հռչակել է ռազմավարությունների ռազմավարություն: Եվ այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք, որ չենք կարողանում լուծել որևէ խնդիր ցանկացած մակարդակում՝ անհատական, պետական, խմբային, մենք պետք է վերադառնանք և զբաղվենք մեր կրթությունով․․․»։

***

Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն օահանջել չի կարող»,- այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք քննարկումներ ենք սկսել Ադրբեջանի հետ, նախևառաջ արձանագրել ենք, որ Սահմանադրության հետ կապված հարցը մեր ներքին հարցն է, և մենք չենք պատրաստվում այդ խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ հետ, և որ մենք պատրաստվում ենք այն քննարկել միայն ու միայն մեր ժողովրդի հետ»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ իրենք ընդունում են՝ դա մեր ներքին գործն է։

***

«Կարո՞ղ եք դուք, որպես պետության ղեկավար, ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»,- Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ բարձրաձայնելով բանակում սպանությունների և ինքնասպանությունների խնդիրը՝ մասնակիցներից մեկն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այո՛, ես կարող եմ ներողություն խնդրել։ Եվ խնդրում եմ, և խնդրել եմ։ Եղել են դեպքեր, այդ թվում՝ այս խնդրի կապակցությամբ հրապարակայնորեն հայտարարվել է հրաժարականների մասին։ Բայց, անկեղծ ասած, այդ հրաժարականներն ավելի շատ քաղաքական մակարդակում էին։ Իսկ այն հարցերը, թե տեղում կոնկրետ որ պաշտոնյան չի կատարել իր պարտականությունները, սովորաբար պարզվում են քրեական գործերի շրջանակներում»,- պատասխանել է Փաշինյանը։

Հասարակություն ավելին