▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ

Հետք․am-ը գրում է․ Հայաստանում գործող էսթետիկ բժշկության կենտրոնները կնճիռները հարթեցնելու համար հիմնականում առաջարկում են բոտուլինոթերապիա, որը ներարկումային միջամտություն է։ Այն իրականացվում է բոտուլինում A տիպի տոքսին պարունակող դեղամիջոցներով։ Այդ դեղամիջոցները աշխարհում բազմաթիվ են, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված են դրանցից միայն երեքը՝

  • «Բոտուլաքս» (Botulax) - 50ՄՄ (Միջազգային միավոր), 100ՄՄ, 200ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի,
  • «Ֆորտոքս» (Fortox) - 100ՄՄ, դեղափոշի ներարկման լուծույթի, 
  • «Մեդպորտ» (Medport) - 150ՄՄ, 300 ՄՄ, 500ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի։

Չնայած դրան՝ Հայաստանում լայնորեն շրջանառվում են գրանցում չունեցող դեղամիջոցները, օրինակ՝ «Դիսպորտ» (Dysport), «Քսեոմին» (Xeomin), «Ռելատոքս» (Relatox), «Կանիտոքս» (Canitox), «Նաբոտա» (Nabota) և այլն։ Էսթետիկ բժշկական կենտրոնները շատ հաճախ իրենց կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակում են, որ այդ դեղամիջոցներն են օգտագործում։ 

Օրինակ՝ «Medest» բժշկական կենտրոնն իր էջում նշել է, որ օգտագործում են «Դիսպորտ» պրեպարատը։ 

Մեկ այլ՝ «Դավիդյանց» կլինիկայի էջում տեսնում ենք, որ բոտուլինոթերապիայի համար առաջարկում են «Կանիտոքս» դեղամիջոցը, որը նույնպես Հայաստանում գրանցված չէ։

Կոսմետոլոգիական և բժշկական ծառայություններ մատուցող «ELGA» անվանումով ֆեյսբուքյան էջը ևս առաջարկում է բոտուլինոթերապիա իրականացնել այնպիսի դեղամիջոցներով, որոնք Հայաստանում գրանցում չունեն՝ «Դիսպորտ», «Բոտոքս», «Քսեոմին», «Ռելատոքս»։

Մենք զանգեցինք նաև էսթետիկ բժշկության մի շարք կենտրոններ՝ ներկայանալով բուժառու, որը ցանկանում է բոտուլինոթերապիա անել։ «Ամանտիս» բժշկական կենտրոնից ասացին, որ իրենք աշխատում են լիցենզավորված նյութերով, սակայն թվարկվածներից միայն մեկ դեղամիջոցն էր, որ գրանցված էր Հայաստանում՝ «Բոտուլաքսը»։ 

«Մեզ մոտ բոլորը պաշտոնական ներկայացված նյութեր են, լիցենզավորված ամբողջը։ Աշխատում ենք տարբեր պրեպարատներով, օրինակ՝ «Բոտուլաքս», «Կանիտոքս», «Նաբոտա»»,- նշեց բժշկական կենտրոնի աշխատակիցը։

«Cosmolab» բժշկական կենտրոնի աշխատակիցն ասաց, որ բոտուլինոթերապիան հիմնականում իրականացնում են «Ռենտոքս» և «Նաբոտա» դեղամիջոցներով, ունեն մի քանի այլ տեսակի դեղամիջոցներ ևս, սակայն հիմնականում աշխատում են դրանցով։ Ինչպես երևում է, այդ դեղամիջոցները ևս Հայաստանում գրանցում չունեն։

«Ավանտա» բժշկական կենտրոնի աշխատակցին երբ խնդրեցի ասել, թե ինչ դեղամիջոցներով են աշխատում, որ ուսումնասիրեմ պրոցեդուրային դիմելուց առաջ, նախ ասաց, որ «Ռենտոքս» նյութով են աշխատում, ապա հավելեց, որ դեղամիջոցի անունը ինձ մոտ նշեմ «Ֆորտոքս»՝ «Ռենտոքսի» փոխարեն։ «Ֆորտոքսը» Հայաստանում գրանցված դեղամիջոց է, իսկ «Ռենտոքսը»՝ ոչ։

«Արգինե Դավթյան» բժշկական կենտրոնից էլ ասացին, որ աշխատում են «Ուանտոքս» (Onetox), «Բոտուլաքս» դեղամիջոցներով։ Դրանցից «Բոտուլաքսը» Հայաստանում գրանցում ունի, իսկ «Ուանտոքսը»՝ ոչ։

Բացի էսթետիկ բժշկական կենտրոններից՝ անհատ բժիշկները ևս իրականացնում են բոտուլինոթերապիա՝ շատ հաճախ օգտագործելով Հայաստանում չգրանցված վերոնշյալ դեղամիջոցները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին