Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. Աղդամի տարածքում հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և սկսել է հնագիտական պեղումներ կատարել նրա տարածքում: Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և սկսել է հնագիտական պեղումներ կատարել նրա տարածքում:
«Հնագիտական պեղումները բացի զուտ ակադեմիական հետաքրքրությունից` ունեն ավելի կարևոր հեռանկար, դա մեր մշակութային ժառանգության հանդեպ հասարակության ուշադրությունը բարձրացնելն է, տեղական համայնքներին, Արցախի բնակչությանը և, երբեմն էլ ամբողջ հայությանը մշակութային այդ գործընթացի մեջ ներգրավելն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքով` Տիգրանակերտի այս տարվա պեղումները շատ կարևոր էին:
«Այս տարի կարևոր ձեռքբերումներ ունենք` Տիգրանակերտի ամրոցը: Այն Տիգրան Մեծի հետ որևէ առնչություն չունի: Այնտեղ քաղցրահամ ջրերի աղբյուրներ կան, որոնք Տիգրանից առաջ էլ գրավել են տարբեր նվաճողների, ցեղախմբերի` որպես բարեկեցիկ մի վայր` բնակվելու, հանգիստը կազմակերպելու համար: Այս տարի ամրոցի հյուսիսային պարիսպը հասցրել ենք 250 մետրի: Այն կառուցված է ժայռերի վրա, Կովկասում այսօր նման մանրամասնությամբ բացված առաջին հուշարձանն է: Պարիսպների բարձրությունը տեղ-տեղ 5 մետրի է հասնում: Շրջանաձև 9 մետր տրամագիծ ունեցող աշտարակներին հաջորդում են ուղղանկյուն աշտարակները: Պատրաստվում ենք բացել գլխավոր մուտքը, հույս ունենք արձանագրության բեկորներ գտնել»,-պատմում է Համլետ Պետրոսյանը:
Բանախոսի փաստմամբ` արշավախումբը մեծ է. ոչ միայն Հայաստանի, այլև Ֆլորենցիայի, Մարսելի համալսարանների հետազոտողներն են ներկա եղել:
«Նպատակը ոչ թե մասնագետների խնդիրն է, այլ` Տիգրանակերտի հանրահռչակումը: Ադրբեջանն անընդհատ դիմում–բողոքներ է ուղարկում այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են մեր պեղումներին։ Մենք համառորեն դա շարունակում ենք և լուրջ արդյունքներ ունենք: Արշավախմբին այս տարի միացավ հայտնի մարդաբան Պոլ Բեյլին: Քանի որ բազմաթիվ թաղումներ ենք հայտնաբերել` խնդիրներ ունենք նրա ժամանակագրությունը, կմախքների սեռն ու տարիքը որոշել և այլն»,-ասաց արշավախմբի ղեկավարը:
«Ամենաընդարձակ պեղումները եղել են կենտրոնական թաղամասում: Բացել ենք երկրորդ եկեղեցին, որը սրբատաշ քարերով է, այնտեղ հայտնաբերել ենք վաղ քրիստոնեական դամաբարան, որի հարավային և հյուսիսային մասերը սրբատաշ խորշերով են, որտեղ, ամենայն հավանականութայմբ, դրված են եղել սրբերի մասունքները: Տիգրանակերտում բոլոր կառույցները սրբատաշ են, որը ցույց է տալիս, քաղաքի հարստությունը, հզորությունը, նրա վարպետների ճարտարությունը: Հասկանում ենք, որ 5-րդ դարի կեսերին Վաչագան Բարեպաշտի ժամանակ Արցախում շատ մեծ կրոնական ռեֆորմ է եղել, որի հիմքում էլ եղել է սրբերի մասունքները պաշտելը: Հետաքրքիրն այն է, որ դամբարանը մեկ մուտք ունի և այն արևելքից է»,-մանրամասնեց Համլետ Պետրոսյանը:
Արշավախմբի ղեկավարը ցավով է նշում` չկա որևէ օժանդակություն ՀՀ կառավարության կողմից, անտարբերություն է նաև քաղաքական գործիչների, կուսակցությունների կողմից, բայց մեծ եռանդով քաղաքական գործիչները հայ մշակույթն օգտագործում են իրենց քաղաքականության մեջ:
«Դժվար է մեր երկրում արարել ի հեճուկս: Ասում են, որ ես դժգոհ մարդ եմ: Այո', դժգոհ եմ, ինչու պետք է գոհ լինեմ: Դա հիմարի կեցվածք է»,-ասում է Համլետ Պետրոսյանը:
Նշենք, որ արշավախմբին օժանդակում է ԼՂՀ կառավարությունը` տարեկան հատկացնելով 22-ից 23 մլն դրամ:
Անի Կարապետյան