Ես գրել էի, որ ադրբեջանական տիպի համակարգերն ինքնապահպանման համար երբեմն մտնում են «ակտիվացման» փուլ: Դա ռազմական ու այլ բնույթի ագրեսիան է, որը երբեմն լինում է ավելցուկային ու ինքնակործան:
Ահա և ուղղաթիռի խոցումն այդ «ակտիվության» ավելցուկի դրսևորում էր: Ագրեսիան այլևս ադրբեջանի էլիտայի մոտ քաղաքական կուրսից վերաճել է մտածելակերպի ու կենսակերպի, որը սպառնում է և իրենց, և հասարակությանը: Իսկ նավթի վրա կառուցած քաղաքական խախուտ վերնաշենքը սկսում է ճաքեր տալ, որոնք քարոզչական կոսմետիկայով ոչ թե փակվում, այլ խորանում են:
Արդյունքում, վերևինները կորցնում են իրականության զգացողությունը, իսկ ներքևինները՝ համակվում անորոշությամբ, որովհետև քարոզիչների մատուցած տեղեկատվական նյութը, և մարդկանց տեսած իրականությունը հակադարձ համեմատական հարթությունում են: Իսկ ուղղաթիռի խոցման նրանց ներկայացրած կադրերն ու իրենց կողմից տրված մեկնաբանությունները ցայտուն կերպով ցույց տվեցին, որ Բաքուն վերստին լղոզում է իրականությունը:
Ինչևէ, ագրեսիվ ու նվաճողական ձգտումները, որոնք համեմված են սուտ տեղեկատվությամբ, բումերանգի նման կործանում են դրանք հղացող, բայց դրանց բարոյապես, մտավոր ձևով, տեխնոլոգիապես ու ռազմուժով անպատրաստ իլյուզիոնիստներին, ընդ որում՝ և արտաքին, և ներքին ազդակներով: Հիտլերը դասական օրինակ, և ֆյուրերի կործանումը մեր հարևանների սուլթանին ապավեն... Ամենածանրը կլինի այն, որ էթնիկ փոքրամասնությունների մոտ պատերազմի վտանգը սկսի աշխատել որպես անհանգստացնող գործոն, ինքնապահպանման սպառնալիք: