▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանին

Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` ագրեսիա կիրառելով Արցախի բնակչության նկատմամբ և հրաժարվելով ճանաչել բոլոր ազգերի միջև հավասարության կարևորագույն սկզբունքը:

Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին:

 

 

 

 

 

 

 

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդես գալով պատասխան խոսքով՝ Վահրամ Կաժոյանը նշել է. «Հենց Ադրբեջանն է, որ հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և շարունակաբար ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախի հետ շփման գծում: Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով»:

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը միջազգային միջնորդության միակ մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահության կողմից նշվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:

Այնուհետև, Վահրամն Կաժոյանը հիշեցրել է, որ Չմիավորման շարժման անդամների մեծ մասն ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ է անկախացել: «Արցախի Հանրապետության ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին ժողովրդավարական հանրաքվեի միջոցով արդեն կայացրել է իր որոշումը, և նրանք ամեն իրավունքն ունեն ճանաչված լինելու` որպես անկախ պետություն: Դա իրենց ընտրությունն է, և որևէ մեկը չի կարող ստիպել նրանց անել հակառակը»:

 

 

 

 

 

 

 

 

Բանդունգյան սկզբունքները հաստատվել են 1995թ. ասիական-աֆրիկյան համաժողովի ժամանակ և միտված են աշխարհում խաղաղության և համագործակցության խրախուսմանը: Այդ սկզբունքներից են բոլոր ժողովուրդների հավասարությունը, մարդու հիմնարար իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգումը, ագրեսիայի կամ ուժի կիրառման գործողություններից զերծ մնալը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին