Օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Բնունիս գյուղում սկսել է գործել 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի անվան հյուրատունը` «Էդգարի տունը»: Պաշտոնական բացման արարողությանը ներկա է եղել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հյուրատուն հիմնելը եղել է Էդգարի երազանքը: Մայրը` Արսինե Սահակյանը 2022-ին Երևանից տեղափոխվել է Բնունիս, իր առջև դնելով մեկ նպատակ` ավարտին հասցնել որդու երազանքը: Մեկ տարի անց «Էդգարի տունը» պատրաստ է:
Հայրենիքի հզորացումը պետք է սկսել հայրենի բնակավայրից` վստահ է Արսինե Սահակյանը: Էդգարի մոր ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է հյուրատանը, ծանոթացել հարմարություններին, հետաքրքվել առաջիկա ծրագրերով: Արսինե Սահակյանի խոսքով զբոսաշրջիկները հենց սկզբից են հետաքրքվել հյուրատնով, հոսքը սկսել է դեռ նախորդ տարի, երբ հյուրատունը դեռ պատրաստ չէր: Արսինե Սահակյանն այս քայլով նպատակ ունի զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, օրինակ ծառայելով ինչպես Բնունիսի, այնպես էլ շրջակա բնակավայրերի համար:
Էդգարի երազանքը իրականություն դարձնելուն շատերն են աջակցել, Արսինե Սահակյանը Աննա Հակոբյանին խնդրել է շնորհակալական խոսքեր փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կառավարության աջակցության համար:
Արսինե Սահակյանի ջանքերով Տոլորս գյուղում արդեն 2 ամիս է գործում է կարպետագործության, ասեղնագործության ու նկարչության խմբակ: Երեխաները Աննա Հակոբյանին են ներկայացրել իրենց աշխատանքները: Նպատակ կա խմբակների թիվն ավելացնել և ընդգրկել այլ բնակավայրեր ևս:
Բնունիսում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գևորգ Բաբաջանյանի տանը, զրուցել մոր` Լիլիթ Սողոմոնյանի, երեխաների հետ: Գևորգը պայմանագրային զինծառայող էր, Զինված ուժերում էր մնացել պարտադիր ժամկետային ծառայությունից հետո:
Բնունիսում հաջորդ կանգառը 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տանն էր: Կամավոր պատերազմի դաշտ մեկնած Գոռի ընտանիքը Քաշաթաղից է տեղափոխվել Բնունիս: Աննա Հակոբյանը բոլոր հերոսների ծնողներին շնորհակալություն է հայտնել, համբերություն մաղթել, տղաների արարքը անգնահատելի համարել:
Բնունիս այցը վարչապետի տիկինն ավարտել է գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի շրջայցով: Եկեղեցին թվագրվում է 19-րդ դարին: Այն վերանորոգվել և կահավորվել է պետական բյուջեի ու բարերարների տրամադրած ֆինանսական միջոցներով: