Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ որպես անվտանգային հիմնական ռիսկերը պայմանավորող միջավայր, նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այնուհանդերձ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում: Մեկ առիթով ներկայացրել էի այդ սկզբունքները նախքան Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը, այժմ կուզեի կրկնել դրանք՝ որոշակի լրացուցիչ հստակեցումներով:
1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:
3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:
4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:
5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:
6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:
7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների: