Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Գեղագիտության ազգային կենտրոնում» գտնվող քանդակի արվեստանոցը վերածվել էր կահույքի ցեխի, ու կենտրոնի գլխավոր տնօրեն, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն, առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու, այնտեղ կահույքագործական հաստոցներ է տեղադրել, ինչը խոչընդոտում էր աշակերտների դասերին:
«Հաստոցները մոտ երկու ամիս առաջ են բերվել, փորձեցինք պայքարել, որ տանեն, բայց իրենք այն չեն անում, հակառակը՝ ստիպում են, որ մենք դուրս գանք այդտեղից»,-մեզ հետ զրույցում ասել էր քանդակի արվեստանոցի աշխատակից Հրաչ Համբարձումյանը:
Հարցը քննարկվել էր Հանրային խորհրդում, որն էլ պաշտոնապես դիմել է ԿԳ նախարարությանը՝ հարցին լուծում տալու համար:
Իսկ մինչ ԿԳՆ-ից կգնային ստուգնումներ կատարելու, որպեսզի որոշում կայացնեին, այդ ընթացքում ուսուցիչն ազատվել էր աշխատանքից, իսկ որպես հիմնավորում բերվել էր աշխատանքի չներկայանալը:
Մեզ հետ զրույցում Հրաչ Համբարձումյանն ասաց, որ խոսքը սեպտեմբեր ամսվա մասին է, իսկ դասերն ընդհատվել են, քանի որ հրաման էր ուղարկվել՝ տեղափոխվել ուրիշ տարածք.
«Հետո սկսեցին գույքագրում կատարել, իսկ այդ պայմաններում հնարավոր չէր դաս անել»,-մանրամասնեց «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչը:
ԿԳ նախարարության որոշմանը տեղեկանալու համար կապ հաստատեցինք ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանի հետ, ով և ասաց, որ Հանրային խորհրդից գրություն են ստացել այն մասին, որ տարածքում փայտամշակման կենտրոն են ցանկանում ստեղծել: Իսկ այցի ժամանակ որևէ փաստ կամ միտում չեն նկատել:
«Հին հաստոց էր, որը արվեստանոցում գրանցված էր»,-ասաց Արման Այվազյանը:
Նա նշեց, որ ուսուցչին հեռացնելը տնօրենի իրավասության շրջանակում է, իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա տեսել են ոչ թե 14, այլ 3 երեխա:
Մեր այն հարցին, որ ուսուցչի պնդմամբ նրանք 14-ն են, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետը նկատեց, որ երեխաները գրանցվում են դպրոցում, տնօրինության մոտ, իսկ նմանատիպ փաստաթղթեր խմբակը չի ունեցել:
Արման Այվազյանի խոսքով՝ բողոքներ են եղել արվեստանոցի՝ մինչև ուշ ժամի գործելու վերաբերյալ, իսկ թե այնտեղ ինչ է կատարվել, ոչ ոքի հայտնի չէ:
«Դա խայտառակ սուտ է: Ինչ է, ես տուն-տեղ չունե՞մ: Եթե այս շենքում լինի գեթ մեկ բնակիչ, ով կբողոքի ինձանից, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա, ուսուցչի խոսքով, նրանք 14-ն են. և գալիս են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
«Երեխաները վճարում են, կտրոններն ինձ մոտ են, իսկ դա հնարավոր չէ հերքել: Ես իրենց տվել եմ ծննդականների պատճեններն ու նկարները, իսկ հիմա ասում են, որ չկա»,-մանրամասնեց Հրաչ Համբարձումյանը:
Մեր այն դիտարկմանը, թե Լևոն Իգիթյանը լրատվամիջոցներից մեկի հետ զույցում ասել էր, թե թախտ է դրված դասարանում, գինու կիսատ շշեր կան, անգամ իր «Մունետիկ» ՀԿ-ն է այս հասցեով գրանցված, Հրաչ Համբարձումյանը պատասխանեց, որ արվեստանոցում նատյուրմորտ են նկարում, իսկ շշում մի փոքր գինի կա, որ գույնը երևա:
«Այդ ո՞ր միամիտը պետք է խմի, շիշն էլ դնի, որ գան ու տեսնեն: Ես 7.5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել, ոգելից խմիչք չեմ օգտագործում, անգամ սուրճ չեմ խմում»,-նկատեց Հրաչ Համբարձումյանը:
Իսկ թախտն էլ, ուսուցչի խոսքով, նրա համար է, որ երեխաներին սպասող ծնողները նստեն.
«Սովետական շրջանի երկար աթոռ էր, արդեն ոչ պիտանի, որը փոխարինեցինք թախտով»,-պատասխանեց նա:
Անդրադառնալով ՀԿ-ին, Հրաչ Համբարձումյանը մանրամասնեց, որ այն 12 տարի առաջ է հայրը ստեղծել և այդտեղ գրանցված չէ.
«Քանի որ նամակներ գալու խնդիր կար, հայրս ուղղակի ասել էր, որ այս հացեով ուղարկեն: Էլ ի՞նչ կարելի է օդից քերել: Խայտառակություն է, ի՞նչ է, աշխարհին փակ արվեստանոցո՞վ ենք ներկայանալու: Վաղուց է, ինչ չեն գործում քանդակի, արվեստի պատմության, ազգագրության, ոսկերչության, արծաթագործության արվեստանոցները: Եվ ինչո՞ւ դրանք չեն գործում, Իգիթյանը թող պատասխանի»:
Անի Կարապետյան