▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ վիրահատություն՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա

«Մենք գերազանցել ենք բոլոր ցուցանիշները, որոնք որ առ այսօր հայտնի է ռազմաբժշկական ծառայությանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը.

Նրա խոսքով՝ պրակտիկայում գաղափարների ճիշտ կիրառման շնորհիվ քիչ թվով զինվորների կորուստ ենք ունեցել, հաշմանդամությանը տանող վիրահատություններ նույնպես.

«Մենք բացառիկ վիրահատություն ենք կատարել առաջնագծից 10 կմ հեռավորության վրա: Վիրահատել ենք զինվորի ենթածնկային անոթը՝ տեղում կատարելով պլաստիկ վիրահատություն: Մեր զինծառայողն հիմա քայլում է: Ունեցել ենք քներակի, սրտի վնասում ու տեղում վիրահատել ենք: Չենք կարողացել փրկել միայն կյանքի հետ անհամատեղելի վիրավորումների դեպքում.թոքեր, լյարդ, երիկամ...»,-հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը:

Կամավոր Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի իրականացրած հրետակոծության արդյունքում 3 զինծառայող է վիրավորվել, նրանցից մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն ոչ թե, որ կյանքին է վտանգ սպառնում, այլ վիրավորման ծավալով է ծանր: Բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում:

Անդրադառնալով ապրիլի 1-4-ը գրանցված 125 վիրավորներին, ապա, Խաչատրյանի խոսքով, նրանցից 87-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ծայրահեղ ծանր է շարունակում մնալ 3-ի վիճակը: Ցավոք,  5 հոգու կյանքը չի հաջողվել փրկել: 

Ինչ վերաբերում է  հարցին, թե վիրավորներից  քանի՞սն են հաշմանդամություն ձեռք բերել, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը նշեց.

«Ունենք գլխի, ողնաշարի վնասումով 5 զինծառայողներ, որոնց դեպքում դեռ վաղ է խոսել հաշմանդամության մասին»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը խոսեց նաև սփյուռքահայ բժիշկների մասին՝ ասելով, որ մեր հայրենակիցները բոլորն էլ ցանկացել են ձեռք մեկնել բանակին.

«Եթե գալիս են, ապա մենք պարտավոր ենք չմերժել մեր հայրենակիցների մեկնած ձեռքը»,-եզրափակեց Կամավոր Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին