▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնության գործադրմամբ հափշտակել են քաղաքացու՝ 600.000 դրամ արժողության ոսկյա շղթան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել է ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած կողոպուտը։ 

Նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Ահարոնյան 8-րդ շենքի 1-ին մուտքի մոտ 2 տղամարդ մոտեցել են քաղաքացի Գ.Մնացականյանին և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով` պարանոցից քաշել-պոկել մոտ 600.000 դրամ արժողության ոսկյա շղթան, ապա` դիմել փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, քաղաքացի Գ.Մնացականյանը ճանաչվել է տուժող:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ, պահանջվել և ուսումնասիրվել նշված տարածքն սպասարկող ալեհավաքից օգտված բաժանորդների տվյալները, տուժողի բանավոր նկարագրությամբ կազմվել առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի սունյեկտիվ պատկերը և համապատասխան հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կողոպուտին մասնակցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող  մարմնին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին