Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը
-Եվրամիությունն, ըստ էության, գնաց փոխզիջման Հայաստանի հետ և ստորագրեց հենց այն կառուցվածքով և փիլիսոփայությամբ, որն առաջարկում էր Հայաստանն ու անձամբ Դուք: Հայաստանի բանաձևը՝ լինել կամուրջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, «և-և»-ի քաղաքականությունը որքանո՞վ կաշխատի այն պարագայում, երբ որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով վատթարանում են, կամ եթե վատթարանան: Արդյոք մենք ստիպված չե՞նք լինի ետ կանգնել այն բարեփոխումներից ու պարտավորություններից, որ ստանձնել ենք Եվրամիության հետ փաստաթուղթը ստորագրելուց:
-Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո: Սա իմ համոզմունքն է: Ես կարծում եմ, որ առողջ տրամաբանությունն, իրոք, հաղթեց, և եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին: Այնպես, որ թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը, դա զուտ բանակցային պրոցես է: Երբեք մեզ համար երկխոսությունը արևմտյան և արևելյան ուղղություններով չի դիտարկվել՝ որպես հակադրություն: Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Արևելքի, թեև դժվար է Ռուսաստանն անվանել արևելք, կոնկրետ Ռուսաստանի հետ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը, որովհետև շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, ուղղակի, երևի, իրենց նեղություն չեն տվել մի քիչ հետ գնալ և սկսել ակունքներից: Եթե հիշում եք, Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թվականին և այն ժամանակից սկսած մենք բանակցություններ էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, գուցե դրանից ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ մենք բանակցությունների առաջին փուլը սկսում էինք Եվրամիության հետ, մենք մեր եվրոպացի գործընկներին անկեղծորեն ասացինք, որ Ռուսաստանը մեր դաշնակցին է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է առաջին հերթին Ռուասաստանի և ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Եվ մենք չեն կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերը՝ առաջին հերթին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին և ինչպես իրենք ասեցին՝ ըմբռնումով մոտեցան, և մենք տևական ժամանակ բանակցում էինք: Բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել՝ գիտեք, Եվրասիական տնտեսական միության դրույթները հակասում են մեր պայմանագրի դրույթներին: Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել՝ երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ շատ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենը արել ենք թափանցիկ՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը, Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն:
-Այո, բայց այլ բան էր, որ եվրոպացիներն էին սկզբում շատ կատեգորիկ:
-Սկզբում՝ ոչ, այլ՝ ընթացքում:
-ԵԱՏՄ-ին միանալուց հետո՞:
-Ոչ: Մինչ միանալը: Ես ասում եմ՝ որոշման դրդապատճառը: Երբ մարդիկ խոսում են, ասում են, իբր, մի գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն և այստեղ այլ կարծիք լինել չի կարող:
-Մի անգամ Դուք ասել եք, որ եվրոպացի գործընկներին ԵԱՏՄ միանալու Դուք տեղեկացրել եք առնվազն 4 ամիս առաջ: Դա այդպե՞ս է:
-Այո, իհարկե: Բայց խոսքը միայն դրա մասին չէ, խոսքը նաև հրապարակային ելույթների մասին է, որ դժվար չի վեր հանել: Բոլոր դեպքերում բանակցությունները շարունակվեցին: Շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, և դա հիմնականում տեղի ունեցավ 2015թ.-ի Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Ռիգայի գագաթնաժողովը պատմական իրադարձություն է այս առումով և այնտեղ որոշում կայացվեց, որ արևելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, որովհետև բոլոր պարագաներում բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ ետխորհրդային երկրներ լինելը, բայց Հայաստանն էապես տարբերվում է և՛ Ուկրաինայից, և՛ Բելառուսից, և՛ Մոլդովայից: Բանակցությունները շարունակվեցին արդեն այդ ոգով, և ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայնագիրը հաջողվեց ստորագրել: Ինչպես ասացի, ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր գործընկների կողմից, և՛ մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, և մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի և մեր նպատակը պետք է լիներ և այդպիսին էլ կա, արտահանման խթանումը: Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, և այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել և՛ Եվրասիական տնտեսական միության շուկա, և՛ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է: Մեր արտահանումների 28 %-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, կառուցվածքային առումով տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք և այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է: Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը և ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում: Կան այդպիսի օրինակներ:
-Պարոն Նախագահ, Դուք բազմիցս ասել եք, որ ինտեգրացիոն միությունները և պրոցեսները ժամանակ են պահանջում՝ տնտեսական էֆեկտը զգալու համար: Ընդ որում՝ և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրամիության դեպքում: Եվրամիության դեպքում «առաջին ծիծեռնակը» կարող է դառնալ վիզաների ազատականացումը: Որքան հասկանում եմ պաշտոնական հայտարարություններից՝ վիզաների ազատականացման պայմանավորվածության շուրջ բանակցություններն ավարտվել են, և հիմա ժամանակն է բանակցել վիզաների ազատականացման մասին: Կա՞ մոտավոր ժամկետ՝ դա երբ կլինի:
-Ուզում եմ, որ բոլորին հասկանալի լինի՝ նոր համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումը, կամ, ինչպես Դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումն այլ գործընթաց է: Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայանագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Այո, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին, կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին:
-Դուք խոսեցիք արտահանման մասին՝ և՛ ԵԱՏՄ, և՛ Եվրոպական միություն: Հայտնի է, որ Եվրամիության հետ մեր գործարարները շփվում են GSP+ համակարգի շնորհիվ, բայց շատ քչերն են, ըստ էության, դրանից օգտվում: Ասացեք խնդրեմ, նոր ստորագրված փաստաթղթում արդյոք նոր հնարավորություններ կբացվե՞ն գործարարների համար:
-Նախ՝ չէի ասի, որ շատ քչերն են օգտվում: Մեր արտահանումների 40 տոկոսը հենց այդ համակարգի ներքո է կատարվում: Այո, ապրանքատեսակները շատ են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 6200 ապրանքատեսակների գծով մենք Եվրամիությունում ունեն արտոնյալ պայմաններ՝ այսինքն դրանք մաքսազերծվում եմ կամ 0-ական դրույքաչափով, կամ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարևորը ապրանք արտադրելն է: Մենք պետք է կարողանանք շատ ու որակյալ մրցունակ ապրանք արտադրել, և այն ժամանակ արտահանողների համար որևէ խոչընդոտ չի լինի: Այսօր էլ խոչընդոտ չկա, ով արտահանում է մրցունակ, որակյալ արտադրանք, նա հանգիստ այդ ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության շուկայում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում, այլ շուկաներում ևս: Այնպես, որ այդ համակարգը մեզ համար շատ օգտակար համակարգ է, նաև այդ համակարգն է, որ մեզ հնարավորություն է տալիս այդպիսի ծավալ՝ այսինքն առևտրաշրջանառության 1/3-ը ունենալ Եվրամիության պահանջկոտ շուկայում:
-Պարոն Նախագահ, Եվրամիության և Հայաստանի միջև կնքված նոր փաստաթղթում բավականաչափ հավասարակշռված դիրքորոշում և ձևակերպումներ կան Ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Փորձագետների մի մասը հակված է կարծելու, որ սա շատ կարևոր ձեռքբերում է հայկական կողմի համար, այն իմաստով, որ սա իրավական փաստաթուղթ է, որը վավերացվելու է Եվրամիության բոլոր երկրներում: Փորձագետների մյուս մասն էլ հակված է կարծելու, որ սա ձևակերպում է, որը մեզ չի խանգարում, բայց, այսպես ասած, ավելի իներտ ֆոն է ստեղծում: Դուք ի՞նչ կասեք:
-Անկեղծորեն ես ծանոթ չեմ երկրորդ խմբի փորձագետների կարծիքին, քանի որ դա շատ տարօրինակ կարծիք է: Դուք ասացիք, որ այս պայմանագիրը պետք է վավերացվի անդամ երկրների խորհրդարանների կողմից, իսկ եթե մեր խորհրդարանը վավերացնում է մի համաձայնագիր արդյոք մեզ համար դա չի՞ դառնում առաջնորդվելու փաստաթուղթ:
-Օրենքի ուժ է ստանում:
-Բա, եթե օրենքի ուժ է ստանում, դա նշանակում է, որ Լեռանային Ղարաբաղի խնդիրին առնչվելիս այդ երկրները պետք է առաջնորդվեն օրենքի ուժ ստացած այդ փաստաթղթով: Դուք լավ հիշում եք, որ այդ փաստաթուղթը վերահաստատում է Եվրամիության հանձնառությունն օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր գործառույթն իրականացնելու: Փաստաթղթում հաստատորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ բոլորի կողմից ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առաջարկել է: Երեք սկզբունքներն այնտեղ առկա են, ձևաչափն առկա է, Եվրամիության հանձնառությունը կա: Ներողություն, ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ այդտեղ, որպեսզի մարդիկ կասկած չհայտնեին այս փաստաթղթի օգտակարության և շատ կարևորության մասին: Ես կարծում եմ, որ սա այս փաստաթղթի կարևոր դրույթներից մեկն է:
-Հակամարտության մասին վերջին, այսպես ասած, լուրը վերաբերում էր Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի Արտգործնախարարների հանդիպմանը, բայց, ըստ էության, հանդիպումը չէր կարող քննարկել բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, այլ ընդամենը միտված էր համաձայնեցնելու նախագահների օրակարգները, ընդհանուր հանդիպումները: Ասացեք խնդրեմ, արդյոք ճի՞շտ է պնդումը, որ, ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի շուրջ, կամ կարգավորման կետերի շուրջ արդեն գոնե 2 տարի չի խոսվում:
-Կոնկրետ կետերի շուրջ, այո, չենք խոսում: Բայց Դուք եթե տեսնեք, թե այս երկու տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարել: Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով: Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայամաններում հնարավոր չէ գալ համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության:
-Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր տարածաշրջանում: Նա եղավ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում և, ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը հենց Ղարաբաղյան հակամարտությունն էր: Ի՞նչ էր առաջարկում Լավրովը:
-Որևէ հայեցակարգային և նոր առաջարկություն չկար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում մենք լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասեց: ՌԴ Արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը:
-Հասկանալի է, որ հիմա բանակցությունների փուլում կողմերն ավելի կարծրացած են իրենց դիրքորոշումներում: Դուք կարծում եք կացնի՞ այս ուլիտիմատային փուլը, և եթե անցնի որտեղից պետք է շարունակել: Ո՞րն է կարգավորման Ձեր տեսլականը:
-Իմ տեսլականը հետևյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն:
-Վստահ եմ, հետևել եք խորհրդարանական քննարկումներին, որտեղ խորհրդարանական որոշ ընդդիմադիրներ առաջարկում էին դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ բերելով քաղաքական, տնտեսական փաստարկներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պահանջին: Հասկանալի է, որ Ձեր կուսակիցները արտահայտել են իրենց դիրքորոշումը քվեարկությամբ, բայց Դուք անձամբ որքանո՞վ եք ռացիոնալ հատիկ տեսնում այդ բանավեճի մեջ:
-Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում: Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց, բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել:
-Օրինակ՝ հունվարի մեկից 900 ապրանք կարող է թանկանալ:
-Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ
-Այսինքն, գների թռիչքձև ազդեցություն....
- Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում, երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք: Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեև, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր:
-Ռեգիոնալ զարգացումներից թերևս ամենամտահոգիչներից մեկը Իրանի և Արևմուտքի հարաբերություններն են: Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կասկածի տակ է դնում Իրանի միջուկային, ատոմային ծրագիրը: Ասացեք խնդրեմ, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս զարգացումներին և արդյոք դա չի վտանգի հայ-իրանական ծրագրերը, որոնք այս տարի բավականաչափ ակտիվացան և առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ նույնպես:
-Մենք մեր դիրքորոշումը մշտապես արտահայտել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ և, մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են առաջին հերթին մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից, ուստի, իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Ի վերջո, կարծում եմ մենք պետք է մտածենք հետևյալ կերպ. որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին: Օգտակար է, քանի որ կաշխուժանա առևտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջո, ցանկացած հանրություն բաղկացած է անհատներից, սուբյեկտներից և որքանով բարեկեցիկ ապրեն այդ անհատները, այդ սուբյեկտները, այդքանով նաև բարեկեցիկ կլինի ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա և այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն և այդ դեպքում այդ կայունության և խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաև մենք:
-2018 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը, իհարկե, Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովն է Հայաստանում: Ասացեք խնդրեմ, որքանո՞վ է դա կարևոր Հայաստանի համար:
-Չափազանց կարևոր է, ընդհանրապես 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: Ինչպես նշեցիք, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում մենք տոնելու ենք Երևանի 2800 ամյակը, իսկ մայիսին տոնելու ենք Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձը: Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր: Կոնկրետ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից: Մենք այդպիսի փորձ չունենք: Դա պահանջում է քրտնաջան աշխատանք, պահանջում է ճշգրիտ հաշվարկներ, պահանջում է կատարողական մեծ կարգապահություն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք, դա հնարավորություն է և մարտահրավեր: Մարտահրավեր այն առումով, որ պետք է կարողանանք, իրոք, բարձր մակարդակով անցկացնել, իսկ հնարավորություն այն տեսակետից, որ եթե մեկ անգամ կարողանում ենք անցկացնել այդպիսի մեծ ֆորում, ապա հաջորդներն իրենց շատ սպասեցնել չեն տա:
-Դուք վերջերս Արցախում էիք, որտեղ այցելել եք զորամասեր, հետևել եք զորավարժություններին, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ շփման գծում կատարված աշխատանքների մասին այն մասով, որ, օրինակ, կարելի է ասել, որ հենց այդ կատարված աշխատանքների շնորհիվ դիվերսիաները նվազել են, գրեթե զրոյացել, որովհետև եթե երկու-երեք տարի առաջ դիվերսիաները մեծ խնդիր էին, հիմա դրանք արդեն վերացել են: Ի՞նչ խնդիր է հիմա դրված պաշտպանության բանակի առաջ:
-Ես ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետ, երկու-երեք փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս:
-Հոկտեմբերի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հայտարարեցիք բանակը բարեփոխելու յոթամյա ծրագրի մասին: Պարոն Նախագահ, բանակը բարեփոխվել է միշտ, և բանակը բարեփոխվել է սկսած այն ժամանակվանից, երբ պաշտպանության նախարար էր և՛ Վազգեն Մանուկյանը, և Վազգեն Սարգսյանը և՛ Դուք: Ես հիշում եմ Ձեր առաջին բարեփոխումներից մեկը, որ ամենամեծ կոռուպցիոն կծիկը հանեց, երբ Ձեր հրամանագրով զինվորները որ օրը զորակոչվում են, այդ օրը զորացրվում էին, այսինքն՝ շատ ավտոմատացվեց և բոլորը գիտեին, երբ են տուն գնալու: Ուզում եմ ասել՝ բանակը միշտ բարեփոխել է, ինչի՞ համար էր անհրաժեշտ որևէ ժամկետ ֆիքսել:
-Դուք ճիշտ եք, բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է սպառազինության նոր տեսակներով, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ: Սա մեկ, որը շատ կարևոր է, երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ որ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է: Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու, և ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում:
-Անսովոր էր նաև գիտեք ինչը, որ սովորաբար երկարաժամկետ ծրագրեր չեն հայտարարվում, այսինքն մեր ընդունված ամենահայտնի արտահայտությունը՝ «տեսնենք գլխներիս վաղն ինչ է գալիս», հետևաբար յոթ տարին բավականաչափ է:
-Բայց մենք գնալով որպես պետություն հասունանում ենք, մենք հասունանում ենք նաև որպես զինված ուժեր: Ակնհայտ է, որ բանակը շատ տևական ժամանակ բավարարվել է նրանով, ինչը որ հատկացրել ենք բանակին: Ես կարծում եմ, որ մեզ մի փուլ պետք է, որպեսզի մի քիչ ավելին անենք բանակի համար և դրա հնարավորությունները կան:
-«Global Military» ինդեքսը Հայաստանն համարում է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը և աշխարհի երրորդը, դա Ձեզ չի մտահոգում, որ մենք դառնում ենք բանակ-պետություն:
-Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ դա մեր թերությունն է՝ իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են, և առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք, որ ռազմականացված պետություն, առաջին տպավորությունը այն է՝ փողոցում տանկ կա, և նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են և այլն: Փառք Աստծո, որևէ մեկը դա չի կարող ասել: Այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով. Օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով, դա արդեն մի քիչ այլ բան է, քան ռազմականացվածը գոնե մեր պատկերացումներով: Իհարկե, նորմալ պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյո՞ք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք, հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը:
-Այսինքն՝ մենք ադեկվատ ենք մեր կարիքներին:
-Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել և ավելորդ բաներ չունենք:
-Պարոն Նախագահ, Ձեր ղեկավարությամբ արդեն երկրորդ անգամ է ներկայացվում տարկետումը հանելու օրինագիծ: Ի տարբերություն առաջին փորձի, որի ժամանակ Դուք պաշտպանության նախարար էիք, այս անգամ օրինագիծն ընդունվեց: Նախ առաջինը՝ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում և արդյոք տարկետման հանումը Ձեր համար ունի սկզբունքային նշանակություն:
-Գիտեք, նախ ժամանակներն են փոխվում, փոխվում են և մեր գործողությունների փիլիսոփայությունը և օրենքների տրամաբանությունը, սա մեկ, և երկրորդ, պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել. Փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, փոխվել է տարկետման տրամաբանությունը և այնպես էլ չէ, որ 180 աստիճանով: Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ մի հանճարեղ զորակոչիկ անպայման այդ հանճարեղ զորակոչիկին մենք տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին, որովհետև մտածողներ, ցանկացողներ որպես այդպիսին շատ-շատերն են, և ասել, գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ՝ մեր բոլոր սովորողներին, ինչպես հայտնի է ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ: Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի ներկայացնում են, որ իբրև վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում տարկետման իրավունքը: Մյուս կողմից՝ մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմա դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև կրթության համակարգի վրա, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու և բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և ոչ թե նրանք, ովքեր բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար: Արդեն շրջանառության մեջ է դրված բարձրագույն կրթության մասին նոր օրենքը, ես կարծում եմ այնտեղ ևս էական փոփոխություններ կան: Մենք տեսանելի ապագայում հինգ-տասը տարվա կտրվածքով պետք է բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում:
-Պարոն Նախագահ, «Զինապարտության մասին» օրենքը շատ քննարկվեց և փիլիսոփայությունը հասկանալի է և Դուք Ձեր խոսքում նշեցիք նաև բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների բանակում չծառայելու հարցը: Ըստ էության բոլոր նրանք, ովքեր կողմ էին ավելի առողջ բանավեճի, հենց առաջինը դա էին ասում, որ մենք կողմ ենք մեր երկրի, հայրենիքի պաշտպանությանը, եթե օրենքը գործի բոլորի համար: Այս փուլում կամ գուցե որոշ փուլից հետո ինչու՞ դա չդարձնել օրինակ պարտադիր, որ պետական բարձր պաշտոններ ստանալու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր: Եթե պարտավորությունը բաշխվում է հավասարապես բոլորի վրա, ապա հնարավորությունները նույնպես:
-Նախ պետք է ասեմ, որ ես չգիտեմ հիմա գործող օրենքով դեպք, երբ որ օրենքի դրույթների խախտմամբ է, որ ինչ-որ մարդկանց երեխաներ խուսափում են դրանից, այսինքն՝ օգտվում են դրանից: Երբ որ այդ հնարավորությունը սահմանափակում ենք, նշանակում է՝ մենք հավասարություն ենք սահմանում, գոնե ցանկանում ենք այդպես անել: Ինչ վերաբերվում է Ձեր ասածին, ապա ես կատեգորիկ դրան դեմ եմ երկու պատճառով. Նախ, նրանք, ովքեր բանակում չեն ծառայել և չեն ծառայել օրենքի շրջանակներում, ապա նրանք ինչո՞վ են մեղավոր, ո՞րն է նրանց մեղքը, եթե ասում ենք մենք օրենքի երկիր ենք ուզում դառնալ, եթե խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա մարդու մոտ հարց կառաջանա չէ՞, դուք ինձ հնարավորություն եք տվել օգտվելու, ես օգտվել եմ այդ հնարավորությունից, ինչու՞ եք հիմա սահմանափակում իմ իրավունքները: Երկրորդ՝ բոլոր հասարակություններում էլ, այդ թվում մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր չեն ծառայում ելնելով առողջական վիճակից կամ ընտանեկան դրությունից: Իսկ ո՞վ է ասել, որ օրինակ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, նույնիսկ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող պետական ապարատում լավ ծառայել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է փորձենք սահմանափակել ուրիշների իրավունքը, այլ պետք է խրախուսենք այն մարդկանց, ովքեր հավելյալ ջանք են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում:
-Դուք բազմիցս Ձեր ելույթներում խոսում եք կրթության անհրաժեշտության մասին, և մի քանի անգամ շեշտել եք, որ բանակից մինչև արդյունաբերություն պետք է կառուցել գիտելիքահեն իրականություն: Մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության և կրթության ֆինանսավորումը կրճատվում է:
-Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք գիտությանն ուղղված այն մասը, որը կա պաշտպանության նախարարության բյուջեում, այլ նախարարությունների բյուջեներում, սա էլ մենք անպայման պետք է հաշվի առնենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրոմիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր թեմա անպայման պետք է դառնա հաստոց, ինքնաթիռ, համակարգիչ և այլն: Բայց գոնե տասից հինգը պետք է այդպիսին լինի, հակառակ պարագայում որտեղից պետք է լինեն այն միջոցները, որ տրվում են նրան:
-Հիմա մի քիչ խոսենք իրավապահների աշխատանքից։ Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած Կազմակերպված հանցավորության գլոբալ ինդեքսում Հայաստանը 62-րդ, մինչդեռ հարևան Վրաստանը 38-րդ-ն է, իսկ Ադրբեջանը՝ 43-րդը։ Դրան գումարած տարվա ընթացքում եղել են աղմկահարույց սպանություններ հենց Երևանի կենտրոնում։ Ես գիտեմ, որ Դուք մի քանի ծրագրային ելույթներ եք ունեցել և իրավապահ մարմիններում՝ քննչականում, և ոստիկանությունում։ Ձեզ ընդհանուր առմամբ գոհացնո՞ւմ է մեր իրավապահ մարմինների աշխատանքը, հաշվի առնելով, որ մենք միշտ Հայաստանը որպես զբոսաշրջային այցեքարտ, մենք միշտ ասում ենք, որ Հայաստանը ամենաապահով և անվտանգ երկրներից մեկն է։
-Նախ պետք է ասեմ, որ ցանկացած գերատեսչության աշխատանք, նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ տրամաբանական մոտեցում է, նույն հարթության վրա չի կարելի գտնվել, մշտապես պետք է ունենալ առաջընթաց։ Երկրորդը, ինչ ուզում եմ ասեմ, նույն է , ինչ քիչ առաջ ասեցի, մենք զգուշավորությամբ պետք է մոտենանք տարբեր ինդեքսների, տարբեր ռեյտինգների և պիտի ասեմ, որ այդ նույն զեկուցումներ նույն զբոսաշրջության, ճանապարհորդության մասով Հայաստանը շատ-շատ առաջ է Ձեր նշած երկրներից։ Ցանկացած երկրում, ցավոք սրտի, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ։ Ցավոք սրտի եմ ես սա ասում, նույնն էլ Հայաստանում։ Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում տվյալ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և որ ամենակարևորն է՝ կանխարգելել։ Այս առումով կարծում եմ մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում և եթե պարզ թվերը վերցնելու լինենք, օրինակ սպանությունները մեզ մոտ տարեց տարի կրճատվում են։ Օրինակ այս տարի դիտավորյալ սպանությունները, թվեր չասեմ, որպեսզի շահարկումների առարկա չդառնա, որովհետև տարին չի լրացել, բայց մոտավորապես 15-20 տոկոսի սահմաններում կրճատում է տեղի ունեցել, և տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանություններն էլ, գրեթե բոլորը, բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մի օր գանք հասնենք մի իրավիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որևէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ։
Ինչ վերաբերում է Երևանի անվտանգությանը, այստեղ կարծում եմ, ամենաճիշտ մոտեցումը, մեր սեփական զգացողությունն է և մեր հյուրերի կարծիքը։ Լավ կլինի, երեկոյան դուրս գաք, փառք Աստծո, թեև դեկտեմբերի կեսերն է, Երևանում զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնեք, ինչպես է ինքը զգում Երևանում և կարող է արդյո՞ք գիշերը 1-ին, 2-ին մենակ առանց ուղեկցողի, ենթադրենք, ռեստորանից հասնել հյուրանոց և այլն։ Այս առումով, կարծում եմ, մեր վիճակը բավարար է, թեև մենք իրավունք չունենք հանգստանալ այս ձեռքբերումներով, մենք, իրոք պետք է լինենք շատ անվտանգ երկիր՝ անվտանգ երկիր ներսում, և անվտանգ երկիր մեր սահմաններում։
-Պարոն նախագահ, այս տարի Դուք ևս մեկ ծրագրային ելույթ ունեցաք խորհրդարանում և էլի անսովոր ժամկետ նշեցիք, Ձեր ելույթում Դուք խոսեցիք 2040թ մասին և որպես 2040 թվականի չափանիշ ասեցիք, որ պետք է Հայաստանի բնակչությունը դառնա 4 միլիոն։ Դուք մի անգամ, Ձեր առաջին ժամկետի ավարտին ասեցիք, որ երկրի իշխանությունը և առաջնորդները պետք է դնեն բարձր նշաձողեր դրան հասնելու համար, նույնիսկ եթե գիտեն, որ դրան չհասնեն, բայց պետք է լինի այդ նշաձողը։ 4 միլիոնը դա գործողությունների արդյունքում ակնկալվող արդյունք է և արդյո՞ք այդ ճանապարհը իրատեսական է, թե՞ ձեր նշած նշաձողերից է՝ այսինքն՝ պետք է ձգտենք, տեսնենք, ոնց կլինի։
-Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, բայց ես համարում եմ իրատեսական է։ Կոնկրետ գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի մենք ինչ պետք է անենք, որովհետև, ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ աշխատանքային խումբը դրանով է զբաղված։ Ես կարծում եմ, ո ր մեր առաջիկա խնդիրը այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար, կամ գոնե զրոյական։ Մենք, ակնհայտ է, որ ծնունդ, մահ ամուսնություն, ամուսնալուծություն էդ բնական ճանապարհով մենք չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի։ Ուստի մի կողմից, իհարկե, շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։ Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել։
-Ադրբեջանը վերջերս շահագործման հանձնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այժմ բանակցություններ են գնում Ռուսաստանը և Իրանը իրար կապելու մասին, այս ընթացքում Հայաստանի ամենամեծ կոմունիկացիոն նախագիծը մնում էր Հյուսիս-Հարավ մայրուղին, իր մեկնարկից մինչև հիմա, նախ նախագիծը թանկացել է մոտ երկու անգամ, և երկրորդ նույնիսկ տրանսպորտի նախարարը այսպես ասած շատ մշուշոտ է խոսում ժամկետների մասին։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ հարավային հատվածը կարող է վճարովի լինել մեքենաների համար, հյուսիսային հատվածի համար դեռ ամբողջությամբ գումարներ չկան։ Ինչո՞ւ այսպես ստացվեց պարոն նախագահը, և արդյո՞ք գումարները կհերիքեն այն ավարտելու համար։
-Իհարկե կհերիքեն։ Նախ պետք է ասել հետևյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, և այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկական հաշվարկների վրա, որովհետև դա խոշոր ծրագիր էր և ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է և այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։ Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապառից, չգիտեմ , ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջներ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ և այլն, դար համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա առաջին հանգամանքը։ Երկրորդ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի և բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որևէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք ստեղից գնացեք, մենք էստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաև Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։ Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, էդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել , պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլիներ, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում ե մ էդպես ա։ Ճիշտ էդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար, պարտադիր են, բայց նրանք ենթական են որոշակի փոփոխությունների ելնելով կոնկրետ երկրի շահերից․
-Պարոն նախագահ, 2018թ կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանա, մինչդեռ պարենամթերքների գները բարձրանում են և ավելի կբարձրանան հունվարի 1-ցի, դու դրան արդեն անդրադարձաք, ի՞նչ է պլանավորում կառավարությունն անել սոցիալական լարվածությունը մեղմելու համար։
-Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի։ Հիմա կասեք, ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք նշում։ Այո՛, հիմա կոնկրետ թիվ չեմ նշում, հաշվի առնելով, որոշակի հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի։ Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բարձր վճարվող աշխատատեղերի մասին է։ Երբ որ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի, որ 2017թ-ի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին Հանրապետության միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ հոկտեմբերին, նույնը լինելու է 2018թ-ին։ Այսինքն՝ ոնց ուզենք չուզենք, աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա կարևորը, ոնց որ մենք հիմա այդ շրջանակներում ենք։
-Պարոն նախագահ, ինչո՞ւ չեք ասում թվեր, ընդհանրապես, հարցս վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարությանը, նախորդ բոլոր վարչապետների ժամանակ, Դուք հրապարակային տվել եք այսպես կոչված պլանային տնտեսության ցուցանիշներ և եղել է շատ հրապարակային պայմանավորվածություն՝ այս աճը ապահովում եք, Դուք շարունակում եք, եթե ոչ՝ ցտեսություն։ Կարեն Կարապետյանի դեպքում չկա որևէ այպիսի հրապարակային պայմանավորվածություն և դժվար է դատել Ձեր վերաբերմունքը ինչպիսին է։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը և արդյո՞ք դա որևէ քանակական չափման եզրում է։
-Նախ պետք է ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ էր շատ կոնկրետ խնդիր դրված և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունը իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք, հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ, վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի։
-Պարոն նախագահ, երկիրը պատրաստվում է 2018թ-ին անցնել խորհրդարանական կառավարման, ավելի մեծ թափով, և, ըստ էության, առաջանալու են ավելի թափուր պաշտոններ, տեղեր։ Հանրապետական կուսակցությունը, իշխող կուսակցություն է և իրեն է վերապահված նոր խորհրդարանական պայմաններում իշխանություն ձևավորելու հնարավորությունը։ Դուք ունե՞ք արդեն նոր իշխանության գծապատկերը։
-Իշխանության գծապատկերը Սահմանադրություն է սահմանել: Եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա, բանական է, որ ես, իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք։ Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել։ Երբ խոսում եք, որ այս պաշտոնում այս մեկն է լինելու, մյուսում՝ այն մեկը, երևի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որևէ տեղ որևէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություններ չի անում, և դա ճիշտ է։ Դրանք ընտրություններ չեն, որին մասնակցելու ժամկետները սահմանադրորեն ամրագրված են, կամ օրենքով ամրագրված են, և դու ստիպված ես դա անում, կամ որոշակի կանոններից ելնելով, կամ որոշակի մտահղացումներից ելնելով: Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է։
-Կառավարությունում կան անդամներ, որոնք երկարակյաց են՝ 2008թ-ից աշխատում են, մյուսները հեռացել են։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, կարծո՞ւմ եք, որ նրանք հեռացել են, և այսպես ասած նրանց ժամանակը անցել է, պետք չէ, որ վերադառնան, թե, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ։
-Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան, տրամաբանությունը հետևյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաև պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումը անթույլատրելի է։ Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ։ Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես շատ հարգանքով եմ վերաբերվում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց նորարարությունները չպիտի լինեն այնպիսիք, որպեսզի հետագայում խոշոր պրոբլեմներ հարուցեն։ Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետևյալն է՝ այստեղ ամեն դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ բերել օրինակներ և հավերժ գնացածի, և ետ վերադարձածի, ուղղակի չգիտեմ հարմար է թե չէ։ Օրինակ, ես իմ մասով կարող եմ ասել. նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, ով տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից ետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ մոտեցումը եղել է և մնում է անհատական։
-Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այս ընթացքում, առաջիկայում էլ մամուլը մեծ թափով գրելու է, թե ինչով եք Դուք զբաղվելու: Դուք այդ հարցին միշտ պատասխանում եք՝ ժամանակը կգա և ես իմ որոշումը կկայացնեմ։ Ինձ հետաքրքիր է՝ արդյոք դեռ չե՞ք որոշել և ի՞նչ գործոններով է պայմանավորված Ձեր որոշումը։
-Նախ՝ պիտի ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ որ կգա կհայտարարեմ: Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ: Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, ես փնտրողներին, նկատի ունեմ։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին։
-Պարոն նախագահ, իսկ Դուք անձամբ, զգո՞ւմ եք հոգնածություն, կամ Դուք զգո՞ւմ եք, որ Ձեր մոտ նոր շնչառություն է բացվել, Ձեր ինքնազգացողությունը իշխանության ներսում ինչպիսի՞ն է։
-Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում։
-Ինչի՞ համար եմ սա հարցնում, որովհետև դատելով վերջին ամիսներին ձեր ծրագրերից, Դուք նման չեք պաշտոնյայի, ով ցանկանում է եզրափակել իր կարիերան։ Դուք սկսում եք բանակային բարեփոխումների շրջան առաջիկա 7 տարիների համար, Դուք նախորդ շաբաթ հրապարակեցիք համայնքերի զարգացման 10 տարիների նոր ռազմավարությունը, և ըստ էության, բավականաչափ սուր ելույթ ունեցաք համայնքապետերի համար։ Դուք առաջիկա 4 տարիներին կոռուպցիայի պայքարի նոր ծրագիր եք մշակել և դատաիրավական բարեփոխումների նոր մասշտաբային ծրագիր, որը դեռ նոր է սկսել թափ հավաքել։ Այս իմաստով սա հեռացող, կամ կարիերան եզրափակող մարդու ծրագրեր չեն։
-Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է։ Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Վերջ ի վերջո որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ:
-Ի՞նչ իմաստով, պարոն նախագահ։
-Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ ձևացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ։
-Դուք կշարունակե՞ք մնալ քաղաքականության մեջ։
-Տեսնենք։