▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու խոսք «Ժառանգության» էջի վրա երեկվա զոմբի-ֆեյքային հարձակման վերաբերյալ

 

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման.

«Երկու խոսք «Ժառանգության» էջի վրա երեկվա զոմբի-ֆեյքային հարձակման վերաբերյալ:

Քանի որ ակնհայտ էր նպատակը՝ ետ պահել մեզ Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրվելուց, հիմնավորելով դա նաեւ նրանով, թե իբր, բռնվե՛ք, մեկ է՝ ձայն չունենք (բա որ ձայն չունենք՝ ինչու եք այդքան անհանգստացած, այ ֆեյքեր ու զոմբիներ ջան): 

Ուրեմն ուշադիր կարդացեք եւ ականջներիդ օղ արեք: «Ժառանգությունը» առաջադրվելու է անկախ ինչ-որ չարակամների ուղղորդված-կազմակերպված ջղաձգումների: Մենք լա՛վ ենք ճանաչում մեր ընտրողներին, Հայաստանի արժանապատիվ եւ բանիմաց քաղաքացիներին: Իսկ նման հարձակումների մենք սովոր ենք:

 

 

 

 

 

 

 

«Ժառանգությունը» շարունակելու է մնալ հեղափոխության մասնակից եւ Հայաստանի մաքրազերծմանը եւ ինքնիշխանության հաստատմանը աջակից ուժ: «Ժառանգությունը» շարունակում է մնալ գործող կառավարությանը սատարող ուժ: Բայց, միեւնույն ժամանակ, մենք մեր ուժերի ներածին չափով թույլ չենք տալու Հայաստանում միակուսակցական համակարգի հաստատում ու այս կամ այն ձեւաչափով մասնակցելու ենք բոլոր ընտրություններին՝ ներկայացնելով մեր այլընտրանքային մոտեցումները, քանի որ դա՛ է պահանջում արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում ինձ, եւ, վստահ եմ, «Ժառանգության» շատ այլ անդամների, շատ ավելի հեշտ եւ հաճելի կլիներ մնալ մեր իսկ մասնակցությամբ իրականացված հեղափոխության շահառու՝ վայելելով այն սիրո եւ համերաշխության մթնոլորտը, որը տիրում է այժմ Հայաստանում եւ որը, հուսամ, ոչ մի ֆեյք կամ զոմբի չի կարող խաթարել: 

Եւ, վերջում, չեմ կարող չանդրադառնալ այն հիմնական փաստարկին, որը մատի փաթաթանի պես կրկնում են եւ կրկնում զոմբիացած, հաճախ էլ պատվեր կատարող, կամ էլ պարզապես մոլորության մեջ գտնվող, չտեղեկացված եւ դեռ նախկինների օրոք Ժառանգության դեմ սեւ PR-ի ալիքին տրված մեր համաքաղաքացիները, երբ նրանք ուզում են արգելած լինել Ժառանգությանը զբաղվել քաղաքական գործունեությամբ. ԱՂՈԹՔԸ:

Այդ հեքիաթային մեղադրանքը, որը 2013-ից հետո բոլոր իշխանական մեդիաներով եւ «Կենտրոն»-ներով կաթացրին հասարակության որոշ մասի ուղեղների վրա նախկին իշխանությունները եւ որոշ ընդդիմադիրներ եւ «քաղտեխնոլոգներ»: Եւ որը, բռնվե՛ք, մեզ եւ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնում է անգամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը (Րաֆֆին, թերեւս, այն գործիչն է, որի հանդեպ իռռացիոնալ ատելությունը միավորում է որոշ նախկինների եւ որոշ ներկաների):

Հաջորդը, հավանաբար, կլինի Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը, ով կմեղադրի մեզ, որ կոշտ մեթոդաբանությամբ մինչեւ վերջ, մինչեւ նոր Մարտի 1չպայքարեցինք 2013-ին, որպեսզի այսքան չհետաձգվեր Նոր Հայաստանի գալուստը եւ իրենց՝ ՀՀԿ-ի հեռանալը: 

Ուրեմն վերջին անգամ տեղեկացնում եմ անտեղյակներին, կամ թարմացնում եմ մոռացկոտների հիշողությունը. 2013-ի իրավիճակը այլ էր, քան 2018-ին: 

2013-ին Սերժ Սարգսյանն ուներ լիակատար միջազգային աջակցություն՝ թե՛ Արեւմուտքից, եւ թե՛ Ռուսաստանից: Եվ դա ենթադրություններ չեն, այլ՝ արտ. կենտրոնների հետ մեր ունեցած շատ կոնկրետ հանդիպումներին ստացված ուղերձներ: Իսկ պատճառները եւս հայտնի են. Արեւմուտքը խաբված էր Սերժ Սարգսյանի կեղծ խոստումներով նույն տարում ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, այն է՝ գնալ դեպի Եվրոպա, իսկ Ռուսաստանն էլ գիտեր, որ Սերժի Հայաստանը ոչ մի տեղ էլ չի գնալու (թեեւ Պուտինը դեռ չէր էլ պատկերացնում, որ Սերժը խնդրելու է իրեն մեր երկիրը կապել ԵԱՏՄ-ի պոչից):

Նման պայմաններում Սերժ Սարգսյանը չէր կանգնելու ոչ մի բանի առջեւ Ռոբերտ Քոչարյանից ետ չմնալու եւ երկրորդ ժամկետ նախագահի աթոռին բազմելու համար: Եւ դա եւս ուղերձ էր, որը մեզ հասցվում էր շատ կոնկրետ խողովակով: Այդ ուղերձը հղվում էր մեզ, բայց նաեւ ակնհայտ էր «Ժառանգության»-ը եւ ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված եւ մշտական գործող խորհրդակցական մարմինը՝ Խորհուրդը ձեւավորած ուժերին:

Վերջապես, այդ ուղերձը հղվում էր շարքային քաղաքացիներին՝ ոստիկանական կոշտ միջոցներով կասեցնելով ցանկացած, անգամ ամենափոքր անկանխատեսելի գործողություն (չհիշեցնեմ, թե ոնց էին ջարդում մեր ընդամենը մեկ վրանը, այն էլ՝ Ազատության հրապարակի մայթերին դրած, ոնց էին ոստիկանական շարքերով փակում բուհերի դռները եւ հետապնդում ուսանողներին հանրահավաքներին մասնակցելու համար): Նման պայմաններում չկար որեւէ բանական քաղաքական գործիչ, ով, անդամակցելով Խորհրդի նիստերին, կառաջարկեր գնալ կոշտ միջոցների: Այդ նիստերի, թերեւս, միակ իռռացիոնալ, ոչ բանական մասնակիցը ես էի, որ 2013-ի ապրիլի 9-ի երդման արարողությանն ընդառաջ առաջարկում էի այդ օրը ժողովրդով փակել Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Սարյան-Բաղրամյան խաչմերուկ ընկած հատվածը՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի ներքին հաղորդակցությունը (այո, փողոցները փակելու քաղաքական գործիքը կարող էր կիրառվել արդեն այն ժամանակ, թեեւ ես, արդեն «Ժառանգության», Հիմնադիր Խորհրդարանի, քաղակտիվիստների եւ մոտակա շենքերի բնակիչների հետ այն ամեն դեպքում կիրառեցինք նույն տարում Կոմիտասի 5 բարձրահարկի կառուցման դեմ մեր պայքարի ժամանակ՝ բազմիցս փակելով Կոմիտասը):

Ես հույս ունեյի, որ Սերժը ամեն դեպքում չի համարձակվի նոր Մարտի 1-ի: Ու թերեւս Խորհրդի նիստերի մասնակիցներից ամենահեռատեսը հենց այսօրվա վարչապետն էր, ով դեմ էր որեւէ կոշտ գործողության եւ առճակատման, դրա փոխարեն առաջարկելով, բառացի,  «ապրիլի 9-ը դիմավորել Ազատության հրապարակում որպես տոն, ընտանիքներով, փուչիկներով»:

Ի վերջո, կար երկու ճանապարհ՝ փորձել ժողովրդի հուժկու գրոհով վերցնել Բաղրամյան 26-ը, կամ գնալ երկարատեւ, իշխանություններին հյուծող պայքարի: Ի դեպ, այն, որ պայքարը կարող է ոչ թե օրեր, այլ ամիսներ եւ տարիներ տեւել, Րաֆֆին մի անգամ չէ, որ հնչեցրել էր հանրահավաքներին՝ հարցնելով հավաքվածներին՝ արդյո՞ք պատրաստ են նման պայքարի: Եւ ժողովուրդը միշտ էլ պատասխանել էր «Այո՛»:

Ամեն դեպքում որոշվեց կողմնորոշվել տեղում՝ ապրիլի 9-ին, կախված նրանից, թե որքան մարդ կհավաքվի Հրապարակում: Իսկ մինչ այդ անել ամեն բան, որպեսզի այդ թիվը լինի առավելագույնը: Իսկ որպես պահեստային տարբերակ՝ որոշվեց քայլել դեպի Ծիծեռնակաբերդ եւ այնտեղ մոմեր վառել, ինչով խորհրդանշական զուգահեռ էր տարվելու Հայաստանի՝ 1915-ին կորսված 1,5 միլիոն զոհերի եւ անկախության տարիների ապօրինի ռեժիմների իշխանության տարիներին 1,5 միլիոն արտագաղթածների միջեւ: Դրանով, միաժամանակ ընդգծվելու էր Հայաստանում նոր զոհերի անթույլատրելիությունը: Ոչ մի աղոթք նախատեսված չէր: ԵՎ Րաֆֆու մեղավորությունը չէր, որ Վովան իր շքախմբով պոչ կպավ ու Ծիծեռնակաբերդում էլ սկսեց բարձր ձայնով աղոթել, ինչին միացան շատ ներկաներ: Պետք էր այնտեղ լինել՝ հասկանալու համար մթնոլորտը:

Դրանից ընդամենը 1-2 ժամ առաջ Րաֆֆին, ամեն դեպքում հնազանդվելով Ազատության հրապարակում հավաքված փոքրաթիվ ժողովրդի «հիմա-հիմա» պահանջին, առաջնորդել էր նրանց դեպի Բաղրամյան: Հավաքվածների կեսն էլ չեկավ մեր հետեւից: Կրկնում եմ, ապահովության այն զգացողությունը, որ մենք ունեինք 2018-ի ապրիլին փողոցները փակելիս՝ այն ժամանակ ոչ ոքի մոտ չկար եւ շատերը խուսափեցին մասնակցել ոստիկանության հետ առճակատմանը: Մարտի 1-ի հիշողությունն էլ բոլորի մոտ թարմ էր: Իսկ բախում տեղի ունեցավ: Ու քանի որ Րաֆֆին եւս եկել էր հանրահավաքի ընտանիքով՝ այդպես էլ առաջնորդեց մարդկանց ու մինչեւ հիմա աչքիս առաջ են թե՛ ոստիկանների կողմից գետին տապալված Րաֆֆին, ով, ի դեպ, միակն էր, ով, ամեն դեպքում, ի վերջո, կարողացավ ճեղքել ոստիկանական արգելապատնեշը (սա հատուկ նրանց համար, ով մեղադրում է Րաֆֆուն, թե նա թույլ է, ոչ վճռական, նահանջող), թե՛ գետնին տապալված տիկին Արմենուհին, այդ արիստոկրատ ու ամուսնուց ոչ պակաս հայրենասեր կինը:

Ոստիկանները շատ վճռական էին տրամադրված ու մի պահ առաջին շարքերից շատերս գետնին հայտնվեցինք: Իսկ Արմենին, ով մինչ այդ հատկապես կոշտ ու արժանապատիվ էր իրեն պահում ոստիկանների հանդեպ՝ կարմիր բերետավորները թիրախավորել էին եւ արյունլվա արեցին: Ի վերջո, Րաֆֆին ստիպված էր զիջել եւ ոստիկանապետի հետ կարճատեւ բանակցություններից հետո որոշվեց գնալ Ծիծեռնակաբերդ: Շուտով, արդեն Ծիծեռնակաբերդի ճանապարհին Րաֆֆուն տեղեկացրին, որ ոչ բոլորն են լսել այդ որոշման մասին եւ շատերը մնացել են Բաղրամյանի վրա ու գուցե հենց Վովայի՝ Րաֆֆիի կողքին լինելն էր, որ երաշխիք դարձավ, որ նրանցից ոչ մեկի գլխից (նրանց թվում էի նաեւ ես) մի մազ անգամ չպակասեց (սա էլ պատասխան այն տխմար զոմբիների տարածվող ստերին, թե «քանի դեռ Րաֆֆին Վովայի հետ աղոթում էր՝ Բաղրամյանի վրա ժողովրդին ոստիկանները կոտորում էին»): Սա էր իրավիճակը:

 

 

 

 

 

 

 

Այս ամենը չպատմվեց մեր կողմից, քանի որ ամբողջ մեդիա դաշտը կամ իշխանությունների ձեռքում էր, կամ էլ մեր եւ ժողովրդի պարտությունից հրճվող եւ ձեռքերը շփող որոշ ընդդիմադիր «գործընկերների»: Քաղաքական դաշտում բոլորն էին շահագրգռված այդ անկանխատեսելի, ինքնուրույն, գործարքների չգնացող մարդու եւ նրա շուրջ համախմբված ուժի՝ Ժառանգության չեզոքացմամբ, հեղինակազրկմամբ, թուլացմամբ: Եւ նրանք միաբերան տարիներ շարունակ դաջեցին շատ մարդկանց ուղեղներում այդ «աղոթքի պատմությունը»: 

Չնայած այնպես էլ չէր, որ Րաֆֆին եւ մենք բոլորս սխալներ թույլ չտվեցինք այն օրերին: Դրանցից էր, օրինակ, Սերժի պես մեկի հետ բանակցության՝ հրապարակային, թե փակ լինելը նրա հայեցողությանը թողնելը, ինչի արդյունքում Սերժը հետո սկսեց ստեր պատմել այդ բանակցությունների մանրամասների վերաբերյալ: Եւ գուցե հենց այդ դառը փորձը աչքի առջեւ ունենալով Նիկոլը 5 տարի հետո պնդեց, որ բանակցությունները պետք է լինեն հրապարակային: Շատ օգտակար եղավ նաեւ փողոցները փակելու մեր բոլորիս 2013-2017թթ. ունեցած փորձը: Ահա թե ինչու ենք ասում, որ ցանկացած հաղթանակ ունենում է իր ժառանգությունը: 

Իհարկե, 2013-ին մենք պարտվեցինք: Ինչպես երգում է ասվում՝ «մենք պարտվել ենք, պարտվել ենք, պարտվել ենք», բայց նաեւ «մեր կամքը քարից է»:

Image may contain: 5 people, people smiling, people sitting and outdoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եւ այժմ, չլինելով հավատացյալ (թեեւ չբացառելով նաեւ Բացարձակի գոյությունը), եւ կյանքում երբեւէ աղոթած չլինելով, ես հայտարարում եմ, որ այն պահին, երբ զգամ, որ իմ հրապարակային աղոթքով կարող եմ թեկուզ փոքր նպաստ բերել Հայաստանի եւ նրա քաղաքացիների փոխադարձ սիրո եւ համերաշխության մակարդակի ավելացմանը՝ պատրաստ եմ դա անել առանց մեկ վայրկյան երկմտելու եւ սիրով: Թեեւ հույս ունեմ, որ Նոր Հայաստանում աղոթքը կմնա խորապես անձնական, ոչ-հրապարակային մի արար՝ մեր հավատացյալ համաքաղաքացիների համար: Ու նաեւ ուզում եմ ստորեւ բերել հայոց լեզվի եւ համաշխարհային մշակույթի մեծագույն ստեղծագործություններից մեկը, որը հնչել էր որպես աղոթք այդ չարաբաստիկ օրը՝ կանխելու համար նոր արյունահեղության եւ նոր զոհերի հնարավորությունը՝ «Հայր մեր»-ը: Եթե այն իրոք ունի չարքերին չեզոքացնելու եւ մարդկանց հոգիները հանդարտեցնելու ուժ՝ թող որ այդպես լինի.

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ 
զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Եւ վերջում՝ չմոռանաք ժպտալ, քանի որ ամեն բան լավ է լինելու: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին