Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Սուրեն Փահլևանյանը:
-Վերջին շրջանում հեռուստատեսային դադար եք վերցրել, ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Այս պահին աշխատում եմ պետական ոլորտում, բայց մանրամասնել չեմ կարող, քանի որ չունեմ դրա իրավունքը, նկատի ունենամ, որ ոստիկան չեմ: Նաև աշխատում եմ առանձին կազմակերպությունում, ինչի հետ այսօր կապված են իմ բոլոր մեծ նպատակներն ու հույսերը, բայց սրա մասին ևս հավելյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել:
-Այսինքն՝ մեդիա ոլորտում «փակե՞լ» եք բոլոր դռները, Ձեզ այդ ոլորտում այլևս չե՞նք տեսնի:
-Ոչ, գալիք եթերաշրջանում պարտադիր կլինի հեռուստատեսային համագործակցություն, թեպետ ինձ համար հեռուստատեսային աշխատանքը միշտ էլ հիմնական և առաջնային չի համարվել, ես միշտ էլ ունեցել եմ իմ կողմնակի բիզնեսները, աշխատանքները, պարզապես մեդիա ոլորտը շատ եմ սիրել և այդ սիրո արդյունքում է, որ այսօր, ունենալով ուրիշ հիմնական աշխատանք, միևնույն է, շարունակում եմ այդ ոլորտում աշխատելու մասին մտածել:
-Կար ժամանակ, որ ներկայացաք նաև որպես դերասան, հետաքրքիր է այս առումով առաջարկներ և համաձայնություններ չկա՞ն:
-Ես շատ հաճախ եմ առաջարկներ ունենում, բայց միշտ չէ, որ համաձայնվում եմ, քանի որ միշտ չէ, որ ինձ պայմանները ամբողջությամբ համապատասխան են լինում: Դա կարող է կապված լինել, թե կերպարի անհարմարությունների, թե ֆինանսական խնդիրների հետ:
-Չկա՞ մտավախություն, որ անընդհատ մերժումներով առաջարկները կպակասեն:
-Ոչ, ես չունեմ այդ վախը, քանի որ ինձ համար ոչինչ պատահական չի լինում, եթե ես պետք է մերժեմ մի քանի անգամ, և ինձ այլևս տվյալ ռեժիսորը չհրավիր իր հետ համագործակցության, ուրեմն հենց այդպես էլ պետք էր. այնտեղ, որտեղ ես պետք է հայտնվեմ, միևնույն է, կհայտնվեմ:
Ձեզ բարձր վարկանիշային դերասան կամ հաղորդավար համարո՞ւմ եք:
-Ավելի շատ հաղորդավար:
-Բավականին երկար տարիներ է, ինչ մեդիա ոլորտում եք և կատարվող փոփոխությունների ականատեսներից եք, հետաքրքիր է՝ ինչպես եք գնահատում այս ոլորտի այսօրվա որակը:
-Իհարկե, այսօրվա ողջ մեդիա ոլորտը շատ վատ վիճակում է գտնվում, բայց շատ վատ վիճակում է գտնվում մեր ողջ երկիրը, չկա մի ոլորտ, որտեղ լավ լինի, ամենուր տխուր դեմքերով մարդիկ են: Մեդիա դաշտի խնդիրը կապված է այսպես ասած «գները ընկնելու» հետ՝ գովազդի գնից այսօր պարզ է դառնում, թե հեռուստատեսությունները ինչպես են գործում, դրանից էլ մարդկանց աշխատավճարներն են ցածր լինում, այդ ամենը դարձյալ կապված է երկրի վիճակից, իսկ մեդիա ոլորտում այդ վատ ազդեցությունները ուղիղ կերպով ազդում են բովանդակային որակի վրա՝ հեռուստատեսության աշխատակիցները լավ չեն վաստակում և ինքնըստինքյան վատանում է նաև որակը, որը իրենցից է կախված: Ես չեմ ուզում շատ բողոքել, քանի որ մեր փոքր պետության համար այնքան էլ վատ վիճակում չի գտնվում մեր մեդիա ոլորտը, ուղղակի այն վիճակն էլ չէ, ինչ կար ժամանակին, ամեն դեպքում, հաստատ ավելի լավ կլինի, ուղղակի ոչ հիմա:
-Դուք երիտասարդ ընտանիք եք, ունեք փոքրիկ, երբևէ մտածե՞լ եք նրա ապագան այլ երկրում զարգացնելու մասին:
-Շատ ժամանակ մտածել ենք դրա մասին, բայց ես և Յանան այնքան ուժեղ մարդիկ ենք, որ մեր դստեր ապագայի մասին մի գրամ անգամ չենք կասկածում, որ մենք այստեղ էլ կարող ենք անել ամենը, որպեսզի նա ոչինչի կարիքն ու պակաս չզգա, նաև չզգա, թե երկիրն ինչ վիճակում է: Դեռ այստեղ ենք ուզում ապրել և մեծացնել մեր փոքրիկին, ըստ նախատեսածի՝ Ադելը միջնակարգ դպրոցը այստեղ կսովորի, թե հետո էլ ինչ կլինի, չեմ կարող ասել: Չեմ կարող խոստանալ, որ չենք գնալու, որ հանկարծ մի օր էլ գնանք, ասեն, դու խոստացել էիր, բայց գնացիր: Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ ամեն բան լավ է, ամեն ինչ հասցնում ենք:
-Սուրեն հիմա ինքներդ Ձեզ համեմատելով մի քանի տարի առաջվա հետ՝ շա՞տ են փոփոխվել Ձեր նպատակները, ցանկությունները և ձգտումները:
-Իհարկե, շատ են փոփոխվել, եթե տարիներ առաջ ես մտածում էի միայն ինձ համար, այսօր ես ունեմ ընտանիք՝ կին, աղջիկ, շուն, և բոլոր նպատակներս այսօր միայն իրենց հետ են կապված: Տարիներ առաջ իմ բոլոր նպատակները մի քանի օրում կարող էի իրականացնել, իսկ հիմա այլ է: Իմ փոփոխությունը կարող է նաև հեռուստադիտողը նկատել:
-Հայ տղամարդկանց ընդհանուր երազանքը Ձեզ ևս համակե՞լ է՝ երազում եք արու զավակ ունենալու մասին:
-Դա ինձ համար երազանք չէ, ցանկություն կա, բայց մոտ ապագայում դրա մասին հազիվ թե լուրեր լինեն:
-Ինչո՞ւ:
-Ինչպես մեր պապերն են ասում՝ դեռ էս մեկը հորով-մորով անենք, նոր կերևա:
-Ձեր և Յանայի հարաբերությունների մասին խոսելիս շատերը ասում են, որ կա մշտապես սիրահարվածություն, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողանում պահպանել նման հարաբերությունները:
-Դա ունի պարզ պատասխան՝ մենք իսկապես իրար շատ ենք սիրում:
-Ձեզանից ո՞վ է ավելի զիջող, ո՞վ է առաջին քայլն անում:
- Մեր զույգում առաջին քայլը ես եմ անում: Ես չեմ թողնում, որ վեճը երկարի, ես շատ շուտ մոռանում եմ և անմիջապես հաշտվելու քայլեր եմ ձեռնարկում, եթե անգամ մեղավորը ես չեմ լինում:
-Գիտեմ, որ տանը շուն ունեք, ում թե դուք, թե Յանան վերաբերվում եք որպես տան անդամի: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրանց, ովքեր այնքան էլ չեն սիրում տանը կենդանի ունենալ:
-Կարծում եմ՝ աշխարհում չկա մեկը, ով կենդանի չսիրի, եթե կա մեկը, ով ասում է, ես կենդանի չեմ սիրում, ուրեմն և ինքն էլ չի իմանում, որ սիրում է: Բայց, առհասարակ, ինձ շատ քիչ է հետաքրքրում մնացածը սիրում են տանը կենդանի ունենալ, թե ոչ, ինձ հետաքրքրում է, որ մնացածը սիրեն հենց մեր շանը, ովքեր Չիկային չեն սիրում, մենք էլ իրենց չենք սիրում, որովհետև մենք մեր Չիկային շատ-շատ ենք սիրում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում