Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները:
«Նպատակն է՝ աշխարհին ներկայացնել հայ երաժշտությունը: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն 2000 թվականից հետո: Մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, երիտասարդական, կամերային նվագախմբերը, Հայաստանի պետական Կամերային երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ՝ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Շվեյցարիայից»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ հավելելով, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կտարածվեն ողջ աշխարհում, քանի որ հայկական երաժշտությամբ հետաքրքրված են նշանավոր ձայնագրման ընկերություններ:
«Փառատոնից հետո կլինի քննարկում, որի ժամանակ կընտրվեն լավագույն ստեղծագործությունները և կուղարկվեն արտերկիր, որտեղ էլ կկատարվի ընտրություն և, այսպիսով, կտարածվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,-նշեց Արամ Սաթյանը:
Լրացնելով նրա խոսքը՝ ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նկատում է՝ ԽՍՀմ տարիներին միայն կապերը այդ սահմաններում էին լինում.
«Հնարավորություն չունեինք մրցել արևմուտքի երաժիշտների հետ»,-նշեց կոմպոզիտորը:
Նրա խոսքով՝ մեր երաժշտության հիմքերը հզոր են և երիտասարդությունը կկապվի նրա հետ:
Համաձայնելով մաեստրոյի խոսքի հետ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ այս փառատոնն իրենց համար շատ կարևոր է և հետաքրքիր ծրագիր են պատրաստել:
Ասուլիսին ներկա էր նաև հայտնի ջութակահար Բորիս Լիվշիցը (Շվեյցարիա), ով, ինչպես ինքն է նշում, կապված է Հայաստանի հետ, վերջերս էլ Արցախ է այցելել.
Շատ հայ ընկերներ ունեմ և երջանիկ եմ, որ իմ ստեղծագործությունները հնչելու են Հայաստանում: Մտահղացումը ֆանտաստիկ է:
Հարցին, թե չի՞ վախենում հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», երաժիշտը պատասխանեց, որ վաղուց է այդ ցուցակում հայտնվել.
«Դա ինձ ընդհանրապես չի մտահոգում»,-հավելեց Լիվշիցը:
Հավելենք, որ համերգային ծրագիրը կմեկնակրի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, իսկ նոյեմբերի 1-ին և 2-ին Կամերային երաժշտության տանը կներկայացվեն հայ հեղինակների ստեղծագործություններն՝ արդեն Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Համերգների ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի, Գագիկ Հովունցի, Արեգ Լուսինյանի և ուրիշների ստեղծագործությունները: Մուտքն ազատ է:
Անի Կարապետյան