▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերտերությունների կողմից ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա

 

«Սիրիայում լարվածությունը շատ բարձր մակարդակի է: Գերտերությունների կողմից ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա՝ առանց հաշվի նստելու մյուս կողմի հետ: Սրացման համար հիմք հանդիսացան Դումայի հատվածում քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները: Ռուսական կողմը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել, բայց արևմտյան կոալիցիան՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, շարունակում է պնդել հակառակը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը՝ շարունակելով.

«Եվ արդեն էական չէ, դա եղե՞լ է, թե՞ ոչ, խոսվում է հետևանքների վերացման մասին։ ԱՄՆ-ին միացան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք ասացին, որ կմասնակցեն հավանական ռազմական գործողությանը։ Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի երկու բանաձև էր դրված՝ քիմիական զենքի հետ կապված, մեկը ԱՄՆ-ն էր առաջարկում, մյուսը՝ Ռուսաստանը։ Դրանց տարբերությունն այն էր, որ ԱՄՆ-ի բանաձևը կոչ էր անում պարզել, թե ո՞վ է մեղավոր, իսկ ռուսական բանաձևը նման պահանջ չուներ։ Վետո կիրառվեց ՌԴ-ի կողմից, և փաստացի վիճակը չհանգուցալուծվեց անգամ այդ քաղաքական դաշտում։ Այս ամբողջն ավելի լարվեց, երբ ռմբակոծվեց Դեր Զորի մոտակայքում գտնվող ռազմաբազան, որի փաստացի մեղադրանքն ուղղվեց Իսրայելին, որը կազմակերպել էր դա։ Բացի նրանից, որ դա ահաբեկչության դեմ պայքարի հիմնական կետն էր, այլև Իսրայելի հարվածը հիմնականում ուղղված էր իրանական ենթակառուցվածքների ներկայությունը թուլացնելուն, որովհետև այնտեղ էին կենտրոնացած իրանական անօդաչու սարքերը։ Այսինքն՝ սա ֆորմալ կապ չունի քիմիական զենքի կիրառմանն արձագանքելուն, այլ Իսրայելը, իր շահերից ելնելով, հարմար պահն օգտագործեց՝ թուլացնելու իրանական ազդեցությունը Սիրիայում»։

Հայկ Քոչարյանի խոսքով՝ խնդիրը լուրջ է, սպասում են տեսնեն, թե ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը:

Ինչ վերաբերում է Սիրիայում բնակվող հայերին՝ արաբագետը նշեց, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի ժամանակ պետք է օգտագործել այս հարթակն ու բարձրաձայնել մեր խնդիրները, հատկապես որ Ֆրանսիան սիրիական հակամարտության հարցում պասիվ չի մնալու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին