▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինեկոլոգ Կարեն Հակոբյանը՝ ՊՆ-ի կողմից պարգևատրվելու, կորոնավիրուսի ազդեցության, հղիությունների ընդհատման մասին և ոչ միայն

Asekose.am-ի զրուցակիցն է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, էնդոսկոպիստ Կարեն Հակոբյանը:

-Պրն. Հակոբյան, արդյո՞ք մեր ժամանակներում հայ կանայք հոգ են տանում իրենց առողջության մասին, քանի որ գաղտնիք չէ, որ մեզանում բժշկի գնալու և ժամանակ առ ժամանակ հետազոտվելու մշակույթը ոչ այդքան բարձր մակարդակի վրա է: Արդյո՞ք վերջին տարիներին այս առումով դրական տեղաշարժ ունենք:

-Վերջին ժամանակահատվածում կանայք առավել ուշադիր են իրենց առողջության պահպանման հարցում, ինչն, անխոս , գնահատելի փաստ է։ Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ խորհուրդ եմ տալիս կանանց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ դիմել բժշկի, քանի որ կան հիվանդություններ, որոնք ընթանում են անախտանիշ և ուշացած դեպքերի պարագայում կարող են ունենալ լուրջ խնդիրներ:

-Ո՞ր խնդիրներն են ամենից շատ տարածված հատկապես հայ կանանց շրջանում, և ինչո՞վ է դա պայմանավորված: Արդյո՞ք այս շրջանում տարածված կորոնավիրուսը կամ այլ վիրուսներ կարող են բացասական ազդեցություն ունենալ կնոջ առողջության վրա:

-Հիմնականում կանայք դիմում են, երբ ամուսնական երկարատև կյանքում չի հաջողվում հղիանալ, դրանք են անպտղություններ՝ առաջնային և երկրոդային։ Կան նաև այլ խնդիրներ, օրինակ ՝ արգանդի և հեշտոցի պատերի իջեցումներ, անմիզապահություն, արգանդի միոամաներ և ձվարանների ուռուցքներ ախտորոշմամբ։ Ի դեպ, նշված հիվանդություններն ունեն ինչպես գենետիկ, հորմոնալ, այնպես էլ կնոջ առօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ անմիջական կապ: Իսկ ինչ վերաբերվում է այս օրերին բոլորին մտահոգող կորոնովիրուս համախտանիշի տարածմանը, ապա բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս էլ ավելի զգոն լինել իրենց առողջության նկատմամբ, պահպանել մաքրությունը և առողջ սնվել, քանի որ ցանկացած վիրուսային հիվանդություն կարող է սրել քրոնիկ հիվանդությունները:

-Ժամանակակից կյանքում կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը երբեմն պարզապես անհրաժեշտություն է, սակայն կարելի է ասել, որ այն մեր օրերում կարծես նորաձև է դարձել: Դուք ի՞նչ կարծիքի եք և որպես բժիշկ ո՞րի կողմնակիցն եք:

-Կեսարյան հատում կատարելու որոշում կայացնելիս պետք է առաջնորդվել՝ ելնելով ծննդկանի և պտղի շահերից: Լինում են մանկաբարձական իրավիճակներ, երբ ծննդկանին պետք է ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով՝ շտապ կարգով, այսպիսով փրկելով մոր և մանկան կյանքը: Ինչ վերաբերվում է նորաձև լինելուն, այո, կա նման միտում, սակայն հարկ եմ համարում հիշեցնել որ ցանկացած վիրահատություն զերծ չէ ռիսկերից, ուստի խորհուրդ եմ տալիս կեսարյան հատման ցուցումների բացակայության պարագայում ծննդաբերել բնական՝ ծննդաբերական ուղիներով:

-Ցավոք, մեր հասարակության մեջ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման երևույթ կա: Արդյո՞ք որոշ դեպքերում կարող եք արդարացնել նման քայլերը:

-Զբաղվելով կանանց վերարտադրողականության և անպտղության խնդիրներով՝ հաճախ եմ շփվում նման խնդիրներ ունեցող զույգերի հետ: Հորմոնալ շեղումները շտկելով և լապարոսկոպիկ վիրահատությունների միջոցով հաճախ հասնում ենք այդքան ցանկալի ու սպասված հղիության: Ես կարծում եմ, որ հղիությունն Աստծո կողմից տրված մեծ պարգև է և սեռով պայմանավորված պետք չէ երեխային զրկել ապրելու հնարավորությունից: Ոչ մի պարագայում չեմ արդարացնում նման քայլերը:

-Գաղտնիք չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս զույգերին նախքան ամուսնությունը դիմել բժշկի՝ հետագա խնդիրներից խուսափելու և միգուցե արդեն առկա խնդիրները լուծելու համար: Այդ առումով արդյո՞ք մեր հասարակության մեջ արդեն ձևավորվել է այդ մշակույթը:

-Մենք միշտ հորդորում ենք  հղիություն պլանավորող զույգերին մինչ հղիությունը հանձնել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Կան հիվանդություններ, որոնք անախտանիշ են և հղիության ընթացքում կարող են հանգեցնել բազում խնդիրների, օրինակ՝ չզարգացող հղիություն, ինքանբեր վիժում, վաղաժամ ծննդաբերություն և այլն: Եվ ուրախալի է, որ երիտասարդ զույգերի մոտ ձևավորվել է վաղ ախտորոշման մշակույթը:

-Գաղտնիք չէ, որ շատ խնդիրներ մեզանում ի հայտ են գալիս ոչ բավարար չափով տեղեկացված լինելուց՝ կապված կլինի դա առողջության հետ, թե՝ ոչ: Այս առումով ի՞նչ կասեիք, և արդյո՞ք Ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, որոնք զարմացրել են Ձեզ, միգուցե զավեշտալի են եղել, սակայն դրանք կապված են եղել ոչ բավարար չափով ինֆորմացված լինելու հետ:

-Բարդացած դեպքերի մի մասը կապված են ինքնաբուժության, հարևանների, բարեկամների կողմից տրված խորհուրդների հետ: Կան պացիենտներ, որոնք բժիշկին դիմելու փոխարեն օգտվում են անհայտ ծագման կայքերի տրված կեղծ և սխալ խորհուրդներից՝ էլ ավելի բարդացնելով մեր աշխատանքը և վտանգելով իրենց իսկ առողջությունը։ Իհարկե, լինում են զավեշտալի դեպքեր՝ կապված ինքնուս բուժումների և տրված խորհուրդների մասով, սակայն ելնելով բժշկական էթիկայից՝ դրանք չեմ բարձրաձայնի: Խորհուրդս հետևյալն է՝ հարգելի կանայք, դիմեք բանիմաց և պրոֆեսիանալ մասնագետների և հիշեք, որ Ձեր առողջությունից թանկ և մեր հանգստությունից առավել ոչինչ չկա։

-Որքան ժամանակն առաջ է գնում և մեր մտածելակերպն էլ է փոխվում, սակայն հայ տղամարդկանց մի որոշ հատված դեռ այն աշխարհընկալումն ունի, որ իր կնոջ գինեկոլոգը չի կարող տղամարդ լինել:

-Կարող եմ փաստել, որ իմ պրակտիկայում նման մոտեցումը հազվադեպ երևույթ է, ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ կարճ ժամանակ հետո նման մտածելակերպը կվերանա: Բժիշկը պացիենտի հետ շփվում է վերջինիս առողջական խնդիրները լուծելու և կյանքի որակը բարելավելու նպատակով: Ուստի հարգելի տղամարդկանց խորհուրդ կտամ անհոգ լինեն նման իրավիճակներում:

-Ի՞նչ եք խորհուրդ տալիս կանանց և աղջիկներին մշտապես առողջ և երիտասարդ տեսք ունենալու համար: Նաև Ձեր խորհուրդը բոլոր այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ:

-Մշտապես հետևել առողջությանը և նույնիսկ փոքր գանգատների դեպքում դիմել բժշկին, իսկ մենք՝ բժիշկներս, պարտավորվում ենք պահպանել կանանց և աղջիկնների առողջությունը: Մայրանալ պատրաստվող կանանց խորհուրդ եմ տալիս նախօրոք հանձնել անհրաժեշտ անալիզները՝ հետագայում բարդություններից խուսափելու համար, զինվել համբերությամբ և վայելել մայրության բերկրանքը:

-Տեղյակ եմ, որ վերջերս Դուք պարգևատրվել եք պաշտպանության նախարարության կողմից: Հետաքրքիր է՝ ինչի ՞համար էր այդ պարգևը, և ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: Որքանո՞վ են , առհասարակ, նման պարգևները և խրախուսանքի տարբերակները կարևոր բժշկի համար:

-Պարգևատրվել եմ ՀՀ ՊՆ նախարարի հրամանով գերատեսչական մեդալով՝ հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով մեր զինվորներին առաջին բժշկական անհետաձգելի օգնություն ցուցաբերելու և առավել վտանգավոր գոտուց տարհանելու համար: Նման պարգևներն էլ ավելի են ոգևորում մասնագիտական կարողություններն ավելի բարեխիղճ և անձնվիրաբար կատարելու համար: Եվ որպես վերջաբան, ցանկանում եմ՝  բոլորի օջախներում լսվի մանկան ճիչը, ու ինչպես ասում է մեծն Շիրազը ՝ այն տունը տուն չէ, որ մանուկ չունի, ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան, այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի, լեզվակը պոկած զանգի է նման: Առողջ եղեք։

Հավելենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ, էնդոսկոպիստ Կարեն Հակոբյանն իրականացնում է կեսարյան հատում՝ լապարատոմիկ, լապարասկոպիկ, հեշտոցային եղանակներով, հեշտոցի պատերի պլաստիկա, արտաքին սեռական օրգանների պլաստիկա, ախտորոշիչ և վիրաբուժական հիստերոսկոպիա, ձվարանների կիստաների հեռացում, ախտորոշիչ լապարասկոպիա:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին