«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեղեկացնում է, որ այսօր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունից, կարելի է ասել՝ կայծակնային արագությամբ ստացել են նախորդ օրը ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած՝ «Անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագիրը փակուղուց դուրս բերելու ելքը» դիմում-ուղերձի պատասխանը:
«Հավանաբար կայծակնային արագությամբ պատասխանելու պատճառով էլ չեն անդրադարձել մեր մի շարք հարցապնդումներին: Կասեինք ավելին՝ պատասխանը նոր հարցականներ է ավելացնում: Մասնավորապես, թե հիմնադրամը ինչպես, և որ օրենքով է ինքնուրույն որոշում, թե հատկապես որ անօթևան ընտանիքներն են բնակարանի շահառուներ և այլն: Այնուամենայնիվ պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: Նշենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» առաջիկայում, երբ մյուս պատկան մարմիններից ևս կստացվեն պատասխաններ, կներկայացնի իր դիտողություններն ու նկատառումները:
«23 հունվարի, 2015թ.
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ պարոն Վահան Թումասյանին,
Հարգելի պարոն Վահան Թումասյան, տեղեկացնում ենք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Շանթ» հեռուստաընկերության /ԱՄՆ/համատեղ Հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարով Գյումրիում արդեն իսկ գնվել է 2 բնակարան: Խոստացված նվիրատվությունների հավաքագրման գործընթացը շարունակվում է, ինչին զուգահեռ շարունակվում են բնակարանների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները: Շահառու ընտանիքների ընտրությունը կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:«Հայաստան» համահայկական հիմնադրամը մշտապես իրագործել է իր ստանձնած ծրագրերը, եւԳյումրիի անօթևաններին բնակարանների տրամադրաման ծրագիրը բացառություն չի կարող լինել:
Շնորհակալություն
Հասարակայնության հետ կապերի բաժին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն»
Տեղեկացնենք, որ այս թեմայի մասին Asekose.am-ի Լոս Անջելեսի թղթակցի հոդվածը կներկայացնենք առաջիկայում, իսկ ստորև կարդացեք «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի՝ ավելի վաղ ներկայացված Դիմում-ուղերձը:
Դիմում-ուղերձ ՀՀ բարձրագույն իշխանություններին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին.
Ինչպես գիտենք, Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր՝ երկու փուլով:
ՀՀ կառավարության նույն որոշման համաձայն, վկայագրերի միջոցով տրամադրվող աջակցության չափը որոշվել և հիմք է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. հոկտեմբերի 1-ին հրապարակած՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 109.300 ՀՀ դրամ:
Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ից:
Գաղտնիք չէ, որ բնակարանատերերը վաճառքի հանված բնակարանների գները սովորաբար սահմանում են ԱՄՆ դոլարով, և քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, բնակարանների գնման վկայագրեր ստանալու ենթակա անօթևան ընտանիքները հայտնվել են ծանր խնդրի առջև: Թերևս նաև այդ պատճառով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախորդ երկու ամիսների ընթացքում, առաջին փուլով ԲԳՎ-ներ ստանալու ենթակա 215 ընտանիքներից ընդամենը 10 ընտանիք է ընդգրկված բնակարաններ գնելու գործընթացում:
Այդ իսկ նպատակով առաջարկում ենք
- Իրականացնել վկայագրերի միջոցով նախատեսված ֆինանսական աջակցության չափի վերահաշվարկ և ԲԳՎ-ների միջոցով տրամադրվող աջակցության չափը սահմանել Գյումրիում բազմաբնակարանային շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի ներկա պահին առկա շուկայական գնով:
- Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ԲԳՎ-ների միջոցով բնակարաններ գնելու տասնյակ շահառուներ չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել նաև այն պատճառով, որ Գյումրու բազմաբնակարան շենքերում չկան վաճառքի ենթակա անհրաժեշտ քանակությամբ բնակարաններ: Այդ իսկ նպատակով անհրաժեշտ է արագացնել Մուշ-2/2 թաղամասում դեռ 2012 թվականին շահագործման հանձնված 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը:
Նաև Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել Գյումրիում վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող հարյուրավոր անօթևան ընտանիքներին ոչ պետական միջոցներով բնակարաններով ապահովելու անհրաժեշտության վրա: Տասնյակ գյումրեցի անօթևան ընտանիքներ ուրախությամբ լսեցին, երբ տեղեկատվություն տարածվեց, թե 2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հեռուստատեսություններից մեկի նախաձեռնությամբ իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարով տասնյակ բնակարաններ են գնվելու և նվիրաբերվելու Գյումրու անօթևան ընտանիքներին: Գյումրեցիները հիմա էլ լիահույս սպասում են այն երանելի օրվան և ուզում են իմանալ, թե վերջապես ե՞րբ և ու՞մ են տրամադրվելու հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներով ձեռք բերված բնակարանները: Սակայն հեռուստամարաթոնից անցել է արդեն ավելի քան չորս ամիս և մինչև օրս հանգանակված գումարի ճակատագրի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:
Ուստի Ձեզ խնդրում ենք հանրությանն իրազեկել, թե գյումրեցի անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնի ընթացքում որքա՞ն գումար է հանգանակվել, վերջապես ե՞րբ են այդ գումարներով բնակարաններ ձեռք բերվելու, ու՞մ, ի՞նչ սկզբունքով ու պայմանով են նվիրաբերվելու կամ տրամադրվելու հանգանակված գումարներով գնվելիք բնակարանները:
Վերջում ուզում ենք Ձեզ հղել հարյուրավոր անօթևան ընտանիքների ևս մեկ ակնկալիք: Այն է՝ մոտակա ժամանակահատվածում իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից աղետի գոտու և Գյումրու, հատկապես պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով համահայկական հեռուստամարաթոն-դրամահավաք:
Հավաստիացնում ենք, որ ծայրահեղ սոցիալական պայմաններում ավելի քան քառորդ դար մաքառող անօթևան ընտանիքներին հուզում են վերը շարադրված հարցերն ու առաջարկությունները: Դրանք շարադրելիս հիմք եմ ընդունել մեր՝ «Շիրակ կենտրոն» կազմակերպության անօթևան ընտանիքների հետ երկարատև և ամենօրյա աշխատանքային փորձն ու ուսումնասիրությունները: Ուստի ակնկալում եմ, որ Դուք հնարավորինս կարճ ժամկետում հրապարակայնորեն կարձագանքեք:
Հարգանքով՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան
Գյումրի
2015 թ. հունվարի 22