▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Հունաստանի միջև միջպետական խոշոր սկանդա՞լ է հասունանում

Նոյեմբերի 12-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքեղ հանդիսությունը: Ըստ Asekose.am-ի ունեցած աղբյուրների` Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայիս նախագահի քրոջը՝ Դորա Բակոյաննիսին, հանդիսությանը մասնակցելու համար տրված հրավերը հետ վերցնել` վերջինիս անվանելով ադրբեջանամետ: Մեր տեղեկությունների համաձայն` դեսպանը համառորեն ճնշել է արդեն իսկ շաբաթներ առաջվանից մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը` դրանով անհարմար վիճակի մատնելով Ռամկավար ազատական կուսակցությանը:

Դեսպանի ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյաննիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցությունների միջև, որի արդյունքում «Նեո-Դեմոկրատիա» կուսակցությունը ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ հանդիսությանը, հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք՝ ուղղված ոչ միայն Բակոյաննիսի, այլև ողջ կուսակցության հասցեին:

Շատերի պնդմամբ`  դեսպանի նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է առնում հայ-հունական բարեկամական հարաբերությունները, քանի որ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն` «Նեո-Դեմոկրատիա» (կենտրոն-աջ) կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ձևավորելու է կառավարություն:

Մեր ունեցած աղբյուների փոխանցմամբ` դեսպանի այս քայլին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը ևս ՌԱԿ հանդիսությունը ձախողեցնելու նպատակով տեղի հայերին հորդորել է չմասնակցել ՌԱԿ-ի կողմից կազմակերպվող «հակահայկական» հանդիսությանը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին