▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներն համաձայնագիր են ստորագրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը եւ պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:

Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցերը եւ քննության ընթացքը:

Հունվարի 20-ի երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին