▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի պատգամավորի պնդմամբ` «Քամփ Արմեն»-ի հարցով զբաղվել է անձամբ Դավութօղլուն

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին: «Քամփ Արմեն» անունով հայտնի շինությունը, որը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը, ապօրինաբար խլվել էր հայ համայնքի ձեռքից:

Ճամբարի վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում հայտնի հայազգի լրագրող-գրող, իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր Մարգար Եսայանը:

Եսայանը, ով մինչ այս էլ հայտնի էր իր իշխանամետ հայտարարություններով, ասել է, որ «Քամփ Արմեն»-ի վերադարձի խնդրով զբաղվել է անձամբ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Եսայանը պնդել է, որ ճամբարը վերադարձվել է Դավութօղլուի` շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյի հետ տարած բանակցությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ  8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել էՀայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:

2015 մայիսի 6-ի ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել:  Հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին