Արցախի բնակչության քանակական մեծամասնությունը և որակական զգալի շերտը, Հայաստանի բնակչության նման, կամ անզորությամբ ատամներն է կրճատացնում իշխանությունների օր օրի ավելացող մեծամտության, հոխորտանքի, ամբողջատիրությանը մոտեցող ճնշումների, տեղեկատվական մեկուսացման փորձերի և իշխանությունը կեղծիքով ու ոստիկանական մահակով պահելու միջոցների առաջ, կամ ինքն իրեն մխիթարում է, որ իր բոլոր զոհողությունները, այդ թվում լպիրշացած իշխանություններին հանդուրժելը հայրենիքի համար են՝ առիթ չտալու սահմանին կուտակված թշնամուն պատերազմը վերսկսելու: Տարօրինակ է, որ Արցախի իշխանություններն են այնքան օտարվել բնակչությունից, որ Հայաստանում տեղի ունեցող ըմբոստության զարգացումներին ՛՛խորհուրդ են՛՛ տալիս Հայաստանում մնալ, Արցախ չտեղափոխվել, որովհետև... Արցախը պատերազմի մեջ է: Այդ մարդիկ իրոք չեն տեսնում, չգիտեն, չեն էլ ուզում իմանալ, որ պատերազմի մեջ է նաև Հայաստանը, որի սահմաններին համարյա ամեն օր մարդ է սպանվում: Սակայն ՛՛Մենք պատերզմի մեջ ենք՛՛,-ով թե Արցածում, թե Հայաստանում իշխանություններն ՛՛սպառնում են՛՛ թե Արցախի բնակչությանը, թե Հայաստանի բնակչությանը, առաջարկելով չտեսնել, չիմանակ, չդատել և չհասկանալ, որ ՛՛պատերազմի մեջ գտնվող՛՛ երկրի իշխանությունները չեն կարող պալատների, բանկային պահուստների, մեքենաների շքեղության և իրենց սրբազան անձի պաշտպանության պահակազոր-գանգստերների մրցակցությամբ արբենալ՝ մոռանալով թե պատերազմը, թե պատերազմից ու իրենց անպատիվ մրցակցությունից սնանկացած ու պատերազմի բեռը կրող բնակչությանը: Այս երկվորյալ իշխանություններն ամեն ինչ անում են հայ ժողովրդի՝ ներկա պահին հավասարապես ծանրագույն պայմաններում գտնվող հատվածները փոխօտարելու, նույնիսկ՝ միմյանց դեմ թշնամացնելու համար: Դա տեսնելու համար բավական է կարդալ Բակո Սահակյանի, նրա խոսնակի, Արցախի ոստիկանապետի հաղորդագրությունները...Բայց այդ հաղորդագրությունները միաժամանակ վկայում են, որ այդ ինստիտուտները Բերձորի ոստիկանական հանցագործության ՛՛բացատրություններում՛՛ ի զորու չեն եղել նույնիսկ տրամաբանական շարադրանք ներկայացնել: Նրանց շփոթված ստերը միայն հաստատեցին հանցագործությունը և ավելացրին հարցականները: Իսկ ՀՀ պատգամավորների անգրագետ/կիսագրագետ անդրադարձը, խուսափողական կիսահամաձայնություններն ու կիսադատապարտումները միայն լրացրին պատկերը: Ի՞նչ է կատարվում հայության այս երկու հատվածների իշխանությունների հետ: Ի՞նչու են երկուսն էլ գլուխները կորցրել, ի՞նչու են ընտրել հանրության հետ հաղորդակցվելու համարյա բացառապես ոստիկանական բռնության ճանապարհը: Թե՞ իրականում գործ ունենք խեղված երևակայության հետ: Գուցե՞ պատճառն այն է, որ ԵՏՄ մտած Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել Արցախի իշխանությունների հետ՝ արագացնել բնակչության փոխօտարման գործընթացը՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային պահակակետն անցնցում տեղադրելու համար: Վախենամ, սա շատ վտանգավոր երևույթ է բոլորիս համար, եթե, իհարկե, Հայաստանի և Արցախի իրական բնակչությունը չհասկանա իրենց մեջ անջրպետ առաջացնող իշխանությունների այս սարսափելի վարքը, ինչը վնասում է ոչ միայն ՀԱՅԱՍՏԱՆ-ԼՂՀ ազնիվ մարդկանց, այլև մեր ընդհանուր պատերազմին:
ՀՀ և ԼՂՀ իշխանություններն արագացնու՞մ են բնակչության փոխօտարման գործընթացը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet