Պատերազմի տարիներից անցած քսանամյակում չկար որևէ ժամանակաշրջան, երբ Հայաստանն ու հայությունը ենթարկվեն այսպիսի ակնհայտ ու մահաբեր նախահարձակմանն ու այսպիսի կորուստներ կրեն, ինչպես Ցեղասպանության հարյուրամյակի այս 2015 թվականի դեռ չավարտված հունվարին: Երկու տասնյակի մոտեցող զոհերի թիվը ցանկացած քաղաքակիրթ երկրում կառաջացներ համազգային հուզումներ և քաղաքական փոթորիկ: Մեզանում սա տեղի չի ունենում, երևի թե այն պատճառով, որ համազգային հուզումներն ու քաղաքական ճգնաժամը Հայաստանում կրում են մշտական բնույթ: Սակայն նման բացատրությունը բոլորովին բավարար չէ մեկ այլ զավեշտական հարցը պարզաբանելու համար` ինչու Հայաստանի Հանրապետության սահմաններին գոնե Տավուշի մարզում շարունակվող ադրբեջանական հարձակումներին բացարձակապես չի արձագանքում մեր «ռազմավարական դաշնակից» հանդիսացող Ռուսաստանը, որը պաշտպանական պայմանագիր է կնքել ՀՀ հետ և որի չարաբաստիկ ռազմակայանը գտնվում է չդադարող մարտերից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա՞։
Այստեղ կարելի է երկու ենթադրություններ անել: Առաջինը` ադրբեջանական նախահարձակման նոր ալիքը համընկավ Գյումրիում ռուսական զինծառայողի կողմից կատարված սարսափելի ոճռագործության հետ և միասին այս ակնհայտորեն համակարգված արյունահեղությունները կոչված են խուճապի մատնել հայությանը և խորացնել ազգային անպաշտպանվածության բարդույթը, որը պետք է չեզոքացնի ազգային արժանապատվության, ցասման ու ազատատենչության բոլոր դրսևորումները, հատկապես Ավետիսյանների ընտանիքի սպանդի պատճառով ալեկոծված հայ հասարակության մեջ: Ի վերջո, ռազմական հինգմիլիառդանոց գործարքը կատարած Մոսկվան ու Բաքուն հեշտությամբ պայմանավորվում են այդ նույն զենքի գործածման ժամկետի, տեղի ու պայմանների մասին: Երկրորդը` այս ամենը կատարելապես համընկնում ու ծառայում է Կրեմլի մյուս կարևորագույն գործընկերոջ` Անկարայի շահերին, որը Հայող Ցեղասպանության հարյուրամյակի շեմին հսկայական ջանքեր է թափում աշխարհն ու հայությանը շեղել այդ տարեթվից: Ու եթե Էրդողան-Դավութօղլու զույգը գործի մեջ է դրել անգամ Գալիպոլի/Չանակալե մարտի խեղաթյուրված տարելիցը, ապա շատ ավելի հեշտ է նման «լավություն» ստանալ Պուծին-Ալիև բարեկամական տանդեմից: Հայկական արևելյան սահմաններում չհայտարարված պատերազմից և արևմտյան սահմանում չբացահայտված զանգվածային սպանդից Էրդողանը ակնկալում է Ցեղասպանության անգութ հարցադրումների թուլացած ու լղոզված պատկերը, Պուծինը ակնկալում է համախմբվող հայության փոխարեն վախեցած ստրուկների ամբոխը, որը կրկին պետք է օրհնի ռուսի սապոգը, իսկ Ալիևը շահում է անվախ հերոս քաջ Նազարի երանելի դափնիները: Կորցնում է միայն Հայաստնանը: Այնպես որ բոլոր գայլերը կուշտ են, իսկ միակ ոչխարը... Դե, առաջին անգամ չէ: Ահա ինչու ոչ 102-րդ ռուսական ռազմակայանը, ոչ էլ բուտաֆորիկ ՀԱՊԿ-ը երբեք չեն պաշտպանելու Հայաստանը ոչ ռուսական զենքով մեզ սպանող ազերիներից, ոչ էլ ռուսական նավթագազային շահերն ու խողովակները պաշտպանող թուրքերից: Մինչև որ մենք չհասկանանք ու չպաշտպանենք ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ, դատապարտված ենք լինելու ծառայել, սպասարկել ու սպանվել ուրիշների շահերի համար:
Ինչու՞ Ռուսաստանը չի պաշտպանում իր «ռազմավարական դաշնակցին» ադրբեջանական հարձակումից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet