▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանը, Գևորգ Կոստանյանը և Գորիկ Հակոբյանը պաշտոնանկ չարվեցին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Իսկապես չեմ հանգստանում: Այս օրերին բազմաթիվ գրքեր եմ նայել իրավագիտության վերաբերյալ, ուսումնասիրել եմ տարբեր միջազգային համաձայնագրեր, զրուցել եմ միջազգայնագետների հետ: Եվ բոլորի բացատրություններից ու մեկնաբանություններից հանգում եմ այն եզրակացության, որ Ավետիսյանների մարդասպանին բռնելու և ռուսական կողմին հանձնելու հարցում խախտվել են ոչ միայն բազմաթիվ համաձայնագրեր և օրենսդրական ակտեր, այլև, ըստ էության, տեղի են ուցել պաշտոնական դիրքի չարաշահումներ, պետական շահի դեմ գործված հանցագործություններ, որոնք պարտակվել են ոչ միայն ռուսական կողմի, այլև հայաստանյան իշխանությունների կողմից:
Այն, որ պերմյակովին ,,բռնել,, են ռուս սահմանապահները և հանձնել ռազմաբազային, արդեն հանցագործություն է: Սահմանապահները որևէ առնչություն չունեն ռազմաբազայի հետ, նրանք Հայաստանում են Սահմանապահ զորքերի հրամանատարությունների և Ազգային անվտանգության ծառայության համատեղ համաձայնագրերի հիման վրա: ՀՀ Գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ իրենք երկու ժամ առաջ են տեղյակ եղել, որ պերմյակովը շարժվում է դեպի սահման, ուստի թույլ են տվել, որ ռուս սահմանապահները բռնեն: Հասկացա՞վ Գասպարյանը, որ հանդես է բերել պաշտոնական անփութություն, որը վնասել է ազգային պետության շահերին: Հասկացա՞վ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, որ ինքը ևս թույլ է տվել պաշտոնական անփութություն... Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանը և Գորիկ Հակոբյանը պատասխանատվության չկանչվեցին, պաշտոնանկ չարվեցին, չէ՞ որ նրանք գործել են ի վնաս Հայաստանի Հանրապետության...
Բնականաբար, պաշտոնանկ չէին արվի, որովհետև պերմյակովը որևէ սահմանում չի եղել, նրան սահմանապահները չեն բռնել... Եթե սահմանապահները բռնած լինեին, ապա նրանք իրավունք չէին ունենա խախտելու համաձայնագիրը...
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս պիտի պաշտոնանկ արվեր, որովհետև նա հրապարակավ ընդունեց իր մեղքը, որ չի կատարել իր գործառույթները, չի գնացել ռուսական ռազմաբազա և չի ձերբակալել պերմյակովին, ինչը նա պիտի աներ անհապաղ՝ առաջնորդվելով միջազգային համաձայնագրերով և ՀՀ օրենքներով...
Բայց Գևորգ Կոստանյանը պաշտոնանկ չի արվել:
Ինչու՞:
Այս ամենը հուշում է, որ որքան էլ Ռուսաստանն իրեն պահել է լկտի ու ցինիկյ, արհամարհել է Հայաստանը, այնուհանդերձ վաղօրոք եղել են փոխադարձ պայմանավորվածություններ: Ինչ-որ մեկը Ռուսաստանից զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահին, հանձնարարել է չխառնվել, գուցեև բացատրել է, որ կարող միջազգային սկանդալ պայթել...
Այսքանն են իմ հերթական մտորումները:
Բնականաբար, դրանք այսօր արդեն որևէ մեկին պետք չեն: Բայց, հուսամ, շատ շուտով պետք կգան...

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին