▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխող տգետ ուժը իշխանությունը պահելուց բացի ոչինչ չի ուզում անել

Հայաստանի 2018թ․ պետական բյուջեի օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: 2018-ի պետական բյուջեի նախագծում 2018-ի համար կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ՝ 2017-ի համար կանխատեսվող 4,3%-ի և 2017-ի փաստացի 0,2%-ի համեմատ։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը սա իրատեսական բյուջե է համարում՝ ելնելով ռազմաքաղաքական այն իրավիճակից, որին դիմակայում է մեր երկիրը:

«Կառավարությունը ներկայացրել է զուսպ բյուջե, ես այն ինչ-որ տեղ նաև հակասոցիալական կանվանեի: Եկամուտների մասով բավական ագրեսիվ, հավակնոտ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ատոմ Մարգարյանը:

Նրա հետ չհամաձայնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը.

«Կառավարություն չի եղել, որ ոչ իրատեսական բյուջե ներկայացնի: Ոնց որ ասեն՝ կրկին փորձիր: Ամեն անգամ իբր նոր դեմքեր են գալիս, բայց ոչինչ չի փոխվում: 2018 թվականին նույն կարծրացած, տգետ ու անբովանդակ քաղաքական համակարգն է մնալու: Հիմա էլ խոսում են կայուն երաշխիքների ստեղծման բյուջեի մասին: Ա՛յ տղեք ջան, 20 տարի անկայուն էիք ստեղծո՞ւմ: Ոչ մի տող չկա, որն ուղղված լինի արտագաղթի կարգավորմանը, բայց 5-րդ դասարանցուն էլ որ հարցնես ՀՀ կարևոր խնդրի մասին՝ կպատասխանի, որ արտագաղթը: Էլ չեմ խոսում կաշառակերության, սոցիալական վատ վիճակի, մենաշնորհի մասին: Այս իշխող տգետ ուժը իշխանությունը պահելուց բացի ոչինչ չի ուզում անել»,-նկատեց Բագրատ Ասատրյանը` շարունակելով.

«Պետական պարտքը 4 անգամ ավելացնելու արդյունքում մեր ՀՆԱ-ն կրճատվել է 10 տոկոսով: ՀՀԿ-ն սրա համար գոնե պետք է պատասխան տա»:

Բանախոսներն անդրադարձան նաև արտաքին պարտքին: Կենտրոնական բանկի նախկին նախագահն սա տնտեսական զարգացման համար չարիք համարեց.

«Վերջին տասը տարիներին այն կուտակվում է, տնտեսությունը չի աճում: Մենք այսօր պարտքային ծուղակի մեջ ենք և եկամուտների մեկ տասներորդը վճարում ենք ինչ-որ պարտքերի դիմաց»,-նշեց Բագրատ Ասատրյանը:

Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ այն մտահոգիչ համարեց՝ շեշտելով, որ արդեն սահմանին է մոտեցել:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին