▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները հրապարակեցին հռչակագիրը

Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային Դիմադրության Ճակատը, որ կոչվելու է «Հանուն Հայաստան պետության ճակատ», այսօր հրապարակել է իր Հռչակագիրը:

Նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը հիշեցնում է՝ ներկա համակարգի հետ կոմպրոմիսի չեն գնալու. « Այս իշխանությունները, ցավոք, ոչ մի հույս չեն ներշնչում, որ իրենց կողմից վերահսկված չակերտավոր ընտրությունների միջոցով հնարավոր է իրավիճակ փոխել: Լուծումը պետք է լինի համաժողովրդական մոբիլիզացիայի միջոցով»:

«Մենք ունենք Սասնա ծռեր ու տասնյակ այլ ազատազրկված գործող մարդիկ: Բայց երբ մտավորականը, փաստաբանը, որոնք շատ թե քիչ ապահով պայմաններում են ապրում, միանում են այդ կոչին, հակված եմ դրանում տեսնել ապագա հաղթանակի գրավականը»,- ասում է ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Հանուն Հայաստան պետության ճակատի հռչակագիրը՝ ստորև

  • Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված կարգ,  հետևողականորեն ոչնչացնելով հանրային և անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական  կործանման շեմին:
  • Արտագաղթը՝ որպես այդ քաղաքականության ուղղակի հետևանք, զրկում  է Հայաստանի Հանրապետությանը` ներառյալ Արցախը, ոչ միայն բնականոն զարգացման հեռանկարից, այլև նվազագույն անվտանգությունն ապահովելու կարողությունից, ավելին՝ չնվազող արտագաղթը իրական սպառնալիք է ոչ միայն Հայոց պետության գոյության համար, այլև կհանգեցնի վերջնական հայրենազրկման:  
  • Վերջին երկու տասնամյակում անիրավության, անարդարության և իրավազրկվածության դեմ մղվող պայքարի բոլոր փորձերը իրարահաջորդ վարչախմբերը ճնշել են զինված ստորաբաժանումների, իրավապահ համակարգի ու դատարանների, պատվիրված դատավճիռների միջոցով. շինծու, անհեթեթ, մտացածին քրեական մեղադրանքներով ամբաստանվում են իրավիճակին չհամակերպված, ընդվզող, հանուն Հայաստան պետության պայքարի ելած նվիրյալները` բանտերը համալրելով նորանոր քաղբանտարկյալներով:
  • Իրավիճակն ավելի մտահոգիչ են դարձնում ժողովրդի զգալի հատվածում արմատացած հուսալքությունը, հավատի կորուստն արդարության, ապագայի հանդեպ, օտարացումը, սոցիալ-հոգեբանական աստիճանական անկումը:
  • ՀՀ անկախությունից ի վեր ստեղծված հակաժողովրդավարական պետական  կառավարման համակարգում գործող իշխանությունները բնակչության մի ստվար զանգվածի դատապարտել են ծայրահեղ չքավորության՝ հասցնելով մեր ինքնությանն անհարիր մուրացկանության, բացահայտ քվեավաճառության ու հանրային ցինիզմի այլ դրսևորումների:

 

  • ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ՝

– Վիճակն օրհասական է, և հիմա է որոշվում Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի հետագա գոյության  ճակատագիրը.

– Առանց անկախ, ինքնիշխան Հայաստան պետության գոյության վտանգվում է հայ ազգի հարատևումն ընդհանրապես.

ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ՝

– Կասեցնելու Հայաստանի Հանրապետության վերջնական փլուզումն ու ինքնիշխանության կորուստը,

– Վերացնելու Հայաստանի Հանրապետության՝ 1990 թ. Անկախության հռչակագրի դրույթներին հակասող սահմանադրական, օրենսդրական բոլոր ակտերը, պայմանագրերը և փաստացի դրսևորումները՝ վերջ դնելով երկրի գաղութացման բոլոր նկրտումներին,

– Բացառելու Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ առևտուր կամ սակարկություն,

– Հաստատելու ազգային համերաշխության, գիտակցված և ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն,

ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճակատի ստեղծումը:

Ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականով, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով նոր, ժողովրդավարական, օրինական-սահմանադրական կարգի հաստատմամբ, ՀՀ ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժողովրդական վստահության ժամանակավոր անցումային կառավարության ձևավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով:

Խորապես համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները և հայ ժողովուրդն ունակ են վերջտալու փլուզման ներկա գործընթացին, կառուցելու քաղաքացուն և հայ մարդուն հարիրարժանապատիվ պետություն:

Համոզված ենք, որ տիրող հուսալքության, անելանելիության, անտարբերության ներկահոգեվիճակը, անկասկած, հնարավոր է բարեշրջել:   

Ակնկալում ենք կամք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիների ու արտերկրում բնակվող մերհայրենակիցների՝ այս խնդրով մտահոգ մարդկանց համախմբումը, համազգային ներուժիձևավորումը:

Ճակատը բաց է հռչակված նպատակներին հասցնող «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բոլոր առաջարկների համար:  

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ճակատի նախաձեռնող խումբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին