▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը Էջմիածնից են. նոր մանրամասներ

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը արտակարգ դրության պայմաններում Առողջապահության նախարարության կազմակերպած և կազմակերպելիք միջոցառումները ներկայացնելիս նախ խոսեց ամբողջ աշխարհում վարակի աճող թվերից և նշեց, որ վիրուսները սահմաններ չեն ճանաչում: 

Նա նշեց, որ երեկ կատարվել է 105 թեստ, որի արդյունքում հաստատված դեպքերի քանակն ավելացել է: Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ վարակված բոլոր հիվանդները, բացի թոքաբորբ ունեցող երկու հիվանդից, առանց ախտանիշների են և լավ են զգում իրենց: Մարտի 1-ին արձանագրված առաջին վարակվածն էլ դուրս է գրվել:

/filemanager/uploads/nanushyan.jpeg

 

«Մինչ օրս իրականացվել է 700-ից ավել հետազոտություն»,- նշեց փոխնախարարը:

Նանուշյանը կարևորեց թեժ գծի ստեղծումը, որի միջոցով իրազեկման աշխատանքներ են իրականացնում բնակչության համար: Մարտի 1-ից մինչ օրս թեժ գիծը ստացել է 14 հազարից ավելի զանգ: Հիմնական հարցերը հիվանդության ախտանիշներին, փոխանցման ուղիներին և վարակված երկրներին են վերաբերել, նշեց նա:

Առողջապահության փոխնախարարը նշեց, որ բժիշկների վերապատրաստման դասընթացներ են նախատեսվում որոշակի խմբի բժիշկների համար, որոնք ավելի ներգրավված են հիվանդների բուժման, հայտնաբերման և համաճարակաբանական աշխատանքների ամբողջ ընթացքում:

«Միջազգային համագործակցությունից նշեմ, որ բազմիցս հեռախոսազանգեր ենք ունեցել և մասնակցել ենք տեսազանգերի միջոցով ԵԱՏՄ երկրների հետ քննարկումների, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար: Սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ»,- նշեց Նանուշյանը՝ հավելելով, որ ինֆորմացիոն փոխանակում է կատարվում մի շարք միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ:

Երեկ Շենգավիթում գրանցված վարակի դեպքի մասին խոսելով՝ փոխնախարարն ասաց, որ անկախ նրանից, թե դեպքը որտեղ է արձանագրվել, իրականացվում են աշխատանքներ՝ պարզելու, թե հիվանդը ում հետ, ինչպիսի շփումներ է ունեցել, և նրանք մեկուսացվում են 14 օր:

«Ունենալ սերտ շփում՝ ամենևին չի նշանակում, որ իրենք կարող են վարակվել: Կորոնավիրուսի վարակի տարածվածությունը այնքան բարձր չէ, որքան կարմրուկինը: Այն համարյա թե հավասար է գրիպի վարակելիությանը, բայց ամեն դեպքում հայտնաբերում ենք այն շրջանակը, որի հետ շփում է ունեցել վարակված հիվանդը, և հետևում ենք՝ արդյոք նրանց մոտ հիվանդություն կզարգանա՞, թե՞ ոչ»,- նշեց Լ. Նանուշյանը:

Փոխնախարարը նշեց, որ ախտահանման աշխատանքների իրականացման ուղեցույց է հաստատել նախարարությունը, և այնտեղ ասվում է, թե ցանկացած կառույցում ինչպիսի ախտահանում պետք է իրականացվի: 

Թոքաբորբով հիվանդ երկու անձ միջին տարիքի են և ունեն բավարար վիճակ ու թեթև են տանում թոքաբորբը՝ նշեց Նանուշյանը:

Վիրուսի աշխարհագրությունը ամեն օր փոփոխության է ենթարկվում՝ տեղեկացրեց նա՝ հավելելով, որ մեծամասնությունը Էջմիածնի բնակիչ են:

«Քանի որ վիրուսը նոր ,է և շատ հարցեր դեռևս վերջնականապես պարզաբանված չեն, մենք մեր աշխատանքների հիմքում ընդունում ենք միջազգային գործընկերների առաջարկները: Առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացրած ուղեցույցն է, ըստ որի՝ թեստավորվում են որոշակի կլինիկական ախտանիշներ ունեցող դեպքերը՝ տաքություն, հազ, շնչառական դժվարացում ունեցողները, նաև միաժամանակ ունեցել են ճամփորդական պատմություն համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներից»,- նշեց Լ.Նանուշյանը:

Թեստերի քանակը բավարար է աշխատանքների իրականացման համար, բայց նոր թեստեր ևս ձեռք են բերվելու՝ նշեց ՀՀ առողջապահության փոխնախարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին