Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Առաջին հայացքից թվում է, որ մեր գլխավոր դատախազը վերջապես կատարում է իր իսկ տված տղամարդկային խոստումը: Սակայն իրականում ամեն բան այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Բանն այն է, որ այսօր ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը հաղորդագրություն տարածեց, որ Պերմյակովը կդատվի Գյումրիի ռազմական բազայում ռուսական օրենքներով:
Սա նշանակում է, որ մեր պետության գործադրած ջանքերը, եթե այդպիսիք գործադրվել էլ են առհասարակ ի դերև ելան, հօդս ցնդեցին ու հիմա պարոն Կոստանյանն այս հայտարարությամբ փորձում է «դեմք փրկելու» նման ինչ-որ բան անել, սակայն չստացված: Պայքարն ու պահանջատիրությունը այն չէր, որ Պերմյակովը դատվեր միայն աշխարհագրորեն Հայաստանին պատկանող տարածքում, այլ որ դատվեր Հայաստանում, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից, մի բան, որ Մոսկվայի հայտարարությանը նայելով կարելի է ասել չի լինելու:
Ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ: Սկսած տոտալ հիասթափության ու ապատիայի հերթական ալիքից ու զանգվածային արտագաղթից մինչև բախումներ հնարավոր են, սակայն պարզ է մի բան. մեր պետության ղեկին կանգնած իշխանությունները չունեցան այնքան կամք, որպեսզի սեփական երկրի ու ժողովրդի արժանապատվության համար պայքարեին ու ստիպեին Մոսկվային գնալ զիջումների այն էլ այս` Մոսկվայի համար բավական դժվար պահին: Իզուր չէր ի սկզբանե այն, որ պարոն Կոստանյանը ռուսների համար ավելի շատ էր փաստաբանություն անում, քան սեփական ժողովրդի շահերը ներկայացնում: