Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը գիտի, թե որտեղ է կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանը, բայց լիազորված չէ հայտնել նրա գտնվելու վայրը: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտնեց Սեյրան Ավագյանը` ՎՊ 2013թ. հաշվետվության քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: «Ես փորձել եմ նրա հետ կապվել, նա շատ հեռու չէ, բայց, ցավոք սրտի, չի կարող այս պահին այս դահլիճում լինել»,- ասաց նա` հավելելով, թե պատգամավորները երևի թե գիտեն, թե որտեղ է նա:
«Միգուցե Իշխան Զաքարյանն ունի մեր պաշտպանության կարիքը, միգուցե ինքը չի ցանկացել գալ: Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ԲՀԿ-ն առաջիկայում, օգտվելով իր իրավասությունից, խմբակցություն կհրավիրի Իշխան Զաքարյանին»,- հայտարարեց տիկին Զոհրաբյանը:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնում էր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչն առաջացրել էր պատգամավորների վրդովմունքը: