▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր տարածքներն են, որ սպառնալիք չեն Արցախին. Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը` Նալբանդյանին հարցրեք

Aysor.am-ը գրում է.Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում տարածքների վերադարձի մասին:

Մեր թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախի բոլոր տարածքներն էլ երկրի անվտանգության առումով մեծ նշանակություն ունեն:

«Իհարկե, Նալբանդյանի տեսլականը իրենից կարող եք ճշտել, բայց ես ասեմ հետևյալը՝ մենք միշտ ընդգծել ենք՝ հակամարտությունն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում ավելի մեծ պատերազմ կամ ավելի ողբերգալի իրադարձություններ տեղի չունենան: Այս առումով, մեզ համար չափազանց կարևոր է անվտանգության բաղադրիչը», - հավելեց նախագահի մամուլի խոսնակը:

Նրա դիտարկմամբ, եթե Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար՝ կյանքի ու մահվան: Նա նկատեց, որ 1988-ին ԼՂԻՄ-ի սահմանները և 1991-ին ԼՂՀ-ի սահմանները գայթակղիչ են եղել Ադրբեջանի համար՝ հարձակվելու հայկական կողմի վրա ու հարցը կարգավորելու ուժային տարբերակով:

«Հիմա այն, ինչ ուզում է Ադրբեջանը՝ վերադառնալ 1988 թվականի սահմաններին: Ադրբեջանի համար դա գայթակղիչ է, պետք է հարձակվել ոչնչացնել մեզ: Եթե մենք չլինեինք այն սահմաններում, ինչպես նախկինում եղել է ԼՂԻՄ-ի սահմաններում, միգուցե թշնամին չէր հարձակվի: Ասենք Քարվաճառը, որտեղից սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը՝ Արփա և Որոտան գետերըմ որոնք փրկում են Սևանա լիճը, իսկ Սևանը մեր ամենամեծ հարստությունն է: Լավ, հիմա եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, տիրացավ այդ տարածքին, ի՞նչ է ջրային ահաբեկչությամբ չի՞ զբաղվելու:

Մենք միշտ ասել ենք՝ եթե ուզում են հարցը համապարփակ կարգավորել, եթե Ադրբեջանը պատրաստ է քայլեր կատարել, ընդհանրապես այդ քայլերը պետք է լինեն համարժեք: Չի կարող լինել փոխզիջում՝ տարածք տալ խոստումի դիմաց: Խոստումի դիմաց մենք նրան խոստում կարող ենք տալ», - նշեց Դ.Բաբայանը:

Հետաքրքրվեցինք, թե ո՞ր տարածքները նկատի ուներ Է.Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախին, Բաբայանը պատասխանեց. «Նալբանդյանից հարցրեք: Իսկ մենք ասել ենք, որ մեզ համար վերադարձ չկա անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով»:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին