Ինտերնետ տիրույթն ուսումնասիրելիս աչքովս ընկավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է, թե Հայաստանի Հանրապետության էներգոհամակարգը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է: Հայտարարության մեջ խոսվում է այնպիսի ահռելի գումարների մասին, որոնք վերցվել են էներգոհամակարգը բարելավելու համար, բայց ցավոք սրտի ոչ մի բան չի արվել:
Համակարգում կուտակված են մեծ պարտքեր: Համակարգի միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առևտրային վարկերի չափը հասնում են 13 մլրդ դրամի, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը՝ մոտ 224 մլն. դոլար է: Այդ վարկերի սպասարկումը սակագներում նախատեսված չէ, ինչն այսօր լրացուցիչ բեռ է համակարգի համար: Դրանից բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք -, ասել է Երվանդ Զախարյանը: Սա նշանակում է, որ համակարգը աշխատում է ոչ լիարժեք: Էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը ուղղված էր այս խնդիրների լուծմանը, բայց խնդիրները չլուծվեցին, իսկ թանկացումն իր հերթին բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացու սոցիալական վիճակի վրա: Այդ դեպքում որտե՞ղ փոշիացան թանկացման արդյունքում ստացված գումարները: