«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով» ֆիլմերի ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը սեպտեմբերի 19-ին, Երևանում ներկայացնելու է իր նոր՝ «Ազնիվ գողեր»-ը ֆիլմը: Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը, թեև երևանցիների մասին է, սակայն այն ազգություն չունի, քանի որ այն կարող են հասկանալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ: Asekose.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ ֆիլմի ստեղծման, դերասանական կազմի ընտրության, Ռաֆայել Երանոսյանին ընտրելու հարցում «սխալվելու» մասին և ոչ միայն:
90%-ով ստացել եմ այն, ինչ պատկերացրել էի
«Ազնիվ գողեր»-ը ֆիլմի գաղափարն իմն է, իսկ սցենարն արդեն գրել ենք «Դեմք» շոուի անդամների հետ, ովքեր իմ ընկերներն են: Այս ֆիլմի գաղափարն առաջացել էր դեռ 2014թ.-ին: Երկար ժամանակ ոչինչ չէի անում այս սցենարի վրա, պարզապես փորձում էի պատմությունն ի մի բերել, որից հետո մի օր նստեցի և սկսեցի գրել ֆիլմի սինոփսիսը, որը բավական երկար աշխատանք էր, որովհետև ցանկանում էի այնպես անել, որ բոլոր կերպարների բնավորություններն օրգանիկ լինեին և իրական: Հետո որոշ ժամանակ անց նորից փոփոխություններ արեցի ու արդեն ներկայացրի «Դեմք» շոուի տղաներին, նրանց էլ շատ հավանեցին և սցենար գրելու որոշում կայացրինք: Ինչի վրա էլ բավական երկար աշխատեցինք, որպեսզի այն մեր ցանկացածը լինի՝ պատմությունը չունենա թույլ կողմեր, հումորային հատվածները շատ լինեն: Շատ ոգևորված եմ վերջնական արդյունքից, բոլորս էլ գիտենք, թե որքան բարդ է ֆիլմ նկարահանելը, քանի որ այնպես չէ, որ ամեն ինչ մեր ցանկացածի պես է լինում: Սա արդեն իմ 5-րդ ֆիլմ է, կարող եմ ասել, որ 90%-ով ստացել եմ այն, ինչ պատկերացրել էի, իսկ կարծիք կա, որ եթե 70%-ով էլ ստացվում է պատկերացրածդ, ուրեմն՝ ֆիլմն արդեն հաջողված է:
Ֆիլմ ն ասելիք չունի
«Ազնիվ գողեր»-ը հատուկ հաղորդագրություն ու ասելիք չունի, այն ավելի շատ «popcorn» ֆիլմ է, այսինքն՝ զվարճանքի համար է նախատեսված: Ես հենց այդպիսի ֆիլմ էլ ցանկանում էի նկարահանել, որ հանդիսատեսը գա, «popcorn» ուտի, զվարճանա և լավ տրամադրությամբ հեռանա դահլիճից, 1 ժամ 40 րոպե իր հոգսերից կտրվի: Չունենալով հատուկ հաղորդագրություն՝ «Ազնիվ գողեր»-ը տարբերվում է՝ պատմությունը ներկայացնելու մոտեցմամբ, նկարահանման ոճով, մոնտաժով: Կարող եմ վստահաբար ասել, որ ֆիլմն ունի շատ օրիգինալ ոճ, այն նաև տարբերվում է իմ նկարահանած մնացած ֆիլմերից:
Պարտադիր չէ հայ լինել, որպեսզի հասկանաս այս ֆիլմը
Կան շատ ֆիլմեր, որոնցում մի փոքր գրոտեսկը շատ է, հայկական իրականությունից, ապրելաձևից դուրս են, իսկ «Ազնիվ գողեր»-ն ավելի շատ երևանցիների մասին է, ովքեր բնակվում են այս քաղաքում, ավելի շատ մարդկային հարաբերությունների մասին է, սակայն պարտադիր չէ, որ հայ լինես կամ Հայաստանում ապրես, որպեսզի այն հասկանաս: Սա մի պատմություն է, որը կարող էր լինել ցանկացած քաղաքում: Ընտրված հումորային տարբերակն էլ ժամանակի հետ կապ չունի, այսինքն՝ «Ազնիվ գողեր»-ը կարելի է նայել նաև 10 տարի անց և հասկանալ հումորը: Ես միշտ փորձում եմ ֆիլմերն այնպես նկարել, որ դրանք երկար կյանք ունենան: Կարծում եմ, որ այն ավելի շատ արված է ինտերնացիոնալ հումորի զգացողությամբ՝ հայկական աղ ու բիբարով: Իսկ պատմությունն այպիսին է, որ կարող է լինել աշխարհի ցանկացած ծայրում:
Այս տեսակ մոտեցում հայկական ֆիլմարտադրության դեռ չի եղել
Եթե խոսում ենք ժանրի մասին (քրեական կատակերգություն), ապա նմանատիպ ֆիլմեր աշխարհում շատ կան, սակայն կարող եմ ասել, որ այս տեսակ մոտեցում այս ժանրին հայկական ֆիլմերի մեջ դեռ չի եղել: «Ազնիվ գողեր»-ը շատ մոնտաժային ֆիլմ է, որի շնորհիվ այն ավելի հետաքրքիր է դարձել: Մենք ի սկզբանե էլ այդպես էինք նախատեսել, որ ֆիլմի պատմությունը պետք է մոնտաժի միջոցով պատմենք: Շատ արագ, դինամիկ և մոնտաժային մեծ լուծումներով ֆիլմ է:
Մի քիչ փոշմանել եմ, որ Ռաֆայել Երանոսյանին եմ ընտրել
Դերասաննների ընտրությունը միշտ կատարվում է իմ կողմից, միշտ փորձում եմ գտնել դերասանների, ովքեր կհամապատասխանեն այն կերպարներին, որոնց մասին մենք գրել ենք սցենարում: Կային դերասաններ, ում հետ ես նախկինում աշխատել էի, իհարկե, կային նաև մարդիկ, որոնց հետ երբեք չէի աշխատել: Փորձում էի գտնել դերասաններ, որոնց հետ ինքս չեմ աշխատել, նոր դեմքեր էի նաև ցանկանում տեսնել, քանի որ ինձ էլ հետաքրքիր նրանց հետ աշխատելը: Կարող եմ ասել, որ ինձ զարմացրել է Ռաֆայել Երանոսյանը, նա նոր և շատ հետաքրքիր մոտեցում բերեց կերպարին, միաժամանակ, նաև հաճելի չէր, քանի որ Ռաֆայելը շատ էր խոսում նկարահանման տաղավարում ու անընդհատ խանգարում էր(կատակում եմ): Մի քիչ փոշմանել եմ, որ նրան եմ ընտրել, բայց նաև ուրախ եմ, որ նա ֆիլմում նկարահանվել է:
Բոլորս միանգամից պատկերացրինք հենց Արամ MP3-ին
Ես և Արամ MP3-ը միմյանց երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք, ֆիլմի վրա չենք աշխատել, սակայն այլ նախագծերում աշխատելու առիթներ ունեցել ենք: Տարիների ընթացքում լավ ընկերներ ենք դարձել: Երբ գրում էինք սցենարը, իսկ մեր գլխավոր հերոսի անունը Արամ էր և մտածում էինք, թե ով կարող է խաղալ այս բարի կերպարը, բոլորս միանգամից պատկերացրինք հենց Արամ MP3-ին: Նա շատ տաղանդավոր դերասան, երգիչ է, ինչպես նաև երբ նայում ես նրա դեմքին և աչքերին, նա շատ բարի հայացք ունի, իսկ մեր գլխավոր հերոսը պետք է հենց այսպիսին լիներ:
Ինձ մոտ չստացվեց, հասկացա, որ ինքս ինձ դավաճանում եմ
Ես ինձ շատ հանգիստ եմ զգում կատակերգության մեջ: Կարողանում եմ հասկանալ, թե ինչը ծիծաղելի է, ինչը՝ ոչ: Կարող են լինել դեպքեր, որ ես ինքս այդ կատակի վրա չծիծաղեմ, բայց վստահ լինեմ, որ այն շատերին դուր կգա: Հայաստանում այդ ժանրը շատ ավելի հայտնի է և ավելի շատ ընդունված է, որովհետև մեր ազգը շատ է սիրում գնալ և զվարճալի ֆիլմեր դիտել, քան դրամաներ: Երբ ես ինքս ավելի երիտասարդ էի, փորձեցի մի քիչ ավեի ոչ ինձ հատուկ ֆիլմ նկարահանել, ավելի մեծ ասելիքով, որը կունենար մեծ գաղափար, սակայդ ինձ մոտ չստացվեց, հասկացա, որ ինքս ինձ դավաճանում եմ, որովհետև ես այդ մարդը չեմ: Հիմա, քանի որ ավելի հասունացել եմ, կարծում եմ, որ այլ ֆիլմեր էլ կարող եմ նկարահանել, ունեմ շատ մտքեր և գաղափարներ, որոնք ցանկանում եմ իրականացնել, սակայն հաստատ կատակերգական ժանրին չեմ դավաճանի:
Հեղինակ՝ Լ. Հ.