▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանի կողմից յուրացվել են վարորդների վճարած տուգանքների գումարները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանը, ով սպասարկել է Սիսիանի ենթաշրջանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է չորս դրվագներով իրեն վստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ:

Մասնավորապես՝ կատարված լրիվ, բազմակողմանի և անաչառ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները չորս տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության մայոր Գ. Հովհաննիսյանին, ով իր իրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամ գումարները, այնուհետև քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծման ժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել է վճարման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին