ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկում է երկրի բոլոր գյուղերն օպտիկամալուխային կապով ապահովելու ծրագիրը։ Այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում ընթացող N2 միջազգային համաժողովի ժամանակ։
«Պլանավորվում է Հայաստանում նոր ծրագիր իրականացնել, որ այս պահին մեր գործընկերների հետ քննարկում և ծրագրում ենք․ դա Հայաստանի բոլոր գյուղերը օպտիկամալուխային կապով ապահովելու նախագիծն է։ Տարվա վերջում կունենանք նախագծի գնահատականը և կհայտարարենք այդ մասին»,- նշեց նախարարը:
Նա ավելացրեց՝ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անհնար է պատկերացնել առանց ինտերնետի և թվային ենթակառուցվածքների զարգացման։
«Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում․ գրեթե ամբողջ տարածքում մենք ունենք 4G LT կապ։ Բոլոր քաղաքները և բազմաթիվ բնակավայրեր օպտիկամալուխային կապ ունեն։ Այնուամենայնիվ, մենք չենք համարում, որ ամեն ինչ շատ լավ է՝ հաշվի առնելով այն կտրուկ զարգացումները, որոնք կան այսօր»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Երևանում այժմ ընթանում է N2 միջազգային ֆորումը։ Թվային ոլորտի այս միջոցառումն առաջին անգամ է Հայաստանում անցկացվում, այն «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո է։
Ֆորումի 3 օրերի ընթացքում քննարկելու են Հայաստանը որպես Եվրոպան և Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան և ոլորտի այլ հարցեր։
Համաժողովի խոսնակ, RIPE NCC-ի կառավարիչ և տնօրեն Աքսել Պավլիկը, որը երեկ նաև պանելային ելույթ ունեցավ WCIT համաժողովի ընթացքում, ասաց՝ Հայաստան իր այս այցի ընթացքում իրեն ամենաշատ տրվող հարցն այն է, թե ինչպես է ինքը գնահատում Հայաստանի ներուժը։ Ասաց՝ դա շատ բարդ հարց է, և իրեն ավելի շատ տեղեկություններ են հարկավոր դրա վերաբերյալ գնահատական տալու համար։ Աքսել Պավլիկը մեր երկրում է արդեն 3-րդ անգամ։
«Այս այցի ընթացքում ես ծանոթացել եմ նաև ինտերնետ հանրության հետ։ Շատ հետաքրքիր, ակտիվ և ոգևորված ժողովուրդ է աշխատում համայնքների միջև, ուստի շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Այս անգամ քաղաքից դուրս եմ գնացել և շատ հետաքրքիր բաներ եմ տեսել։ Ասյտեղ շատ բան կա տեսնելու․ ես կվերադառնամ Հայաստան»։
N2 համաժողովն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, այն կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։ Այսօրվա քննարկման խոսնակներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, RIPE NCC-ի կառավարիչ և տնօրեն Աքսել Պավլիկը, ICANN նախագահ և տնօրեն Յորան Մարբիմը, Ինտերնետ հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը։ Արտերկրյա այս հյուրերը WCIT 2019-ի պանելային քննարկումների խոսնակների շարքում էին։