▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանը կարողանում է տեսնել ապագան

168.am-ը գրում է. «Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, IDeAհիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը կարողանում է տեսնել ապագան: GQ-ն նրանից պարզել է, թե ինչպե՞ս կարող է բիզնեսը փրկել աշխարհը, ինչո՞ւ է մահվան մասին մտածելը նորմալ, և ամենակարևորը՝ նրա ինչի՞ն է պետք այդ ամենը:

Մի քանի տասնամյակ առաջ նայել Ռուբեն Վարդանյանը կարողացել է այն ժամանակ, երբ դեռ 15 տարեկան էր. «Ավարտում եմ դպրոցը, հետո՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, հետո հայտնվում եմ Երևանի համալսարանում՝ ինչպես հայրս: Նորից տանը մոտ»,- 48-ամյա Ռուբեն Վարդանյանը հիշում է իր հստակ պլանը՝ դժվարությամբ զսպելով ծիծաղը:

Սովորաբար այս հատվածում գրում են՝ ինչ-որ բան այնպես չընթացավ, կամ ուղղակի հնչում է այսպիսի ձայն՝ ba-dum-tss: Բայց ամեն ինչ իրոք այնպես չընթացավ. ԽՍՀՄ-ը փլուզվեց, պլանային տնտեսությունը փոխարինվեց շուկայականով: Եվ ահա արդեն ՄՊՀ տնտեսական ֆակուլտետի 22-ամյա շրջանավարտ Վարդանյանը փորձաշրջան է անցնում իտալական Banca CRT-ում, դառնում է նորաստեղծ «Տրոյկա դիալոգի» բաժնի պետ: 23 տարեկանում ղեկավարում է այդ բրոքերային ընկերությունը, որը փաստացի շուկա է ստեղծում և 2011 թվականին վաճառվելու է «Սբերբանկին»՝ ավելի քան 1 մլրդ դոլարով: Ba-dum-tss:

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից դուրս շատ ժամանակ է անցկացնում. մի օր՝ Բրազիլիայում, երկու օր՝ Հայաստանում, մեր հանդիպման նախօրեին վերադարձել էր ԱՄՆ-ից: Դրանք ճամփորդություններ չեն, այդ ամենը նախագծերի պատճառով է: Իր համար նա նախընտրում է մի տերմին, որը Ռուսաստանում ընդհանրապես չի ասոցիացվում միջազգային թռիչքների և հոլիվուդյան աստղերի հետ համագործակցության հետ. սոցիալական ներդրող և ձեռնարկատեր:

Մարդասիրությունն ու հովանավորչությունը 2010-ականների ռուս գործարարների մոտ  հազվագյուտ  չէ: Բայց Վարդանյանի մոտ ամեն ինչ այլ է, նա այսպես է ասում. «Եթե ես այդ թռիչքներն ընկալեի՝ որպես աշխատանք, ապա դժվար թե դրանք այդքան հեշտ տրվեին, բայց ես ուղղակի այդպես ապրում եմ, այսպես հարմարավետ է»: Եվ դա կոկետություն չէ: Նրա սոցիալական նախագծերը հենց իր շարունակությունն են, իր բնավորության, մտածելու եղանակի:

Օրինակ՝ 30 տարեկանում նա հասկացավ, որ կտակ գրելու ժամանակն է. «Դա ոչ թե մահվան մասին մտքերի մոտիվացումն էր, այլ այն, թե ինչպես են ապրելու իմ երեխաները, ինչ եմ նրանց թողնելու»: Թվում է՝ ասում եմ նրան, ապագային նայելու այդ միջոցը բնորոշ է ինչպես՝ հրեա, այնպես էլ՝ հայ տղամարդկանց: Իմ հայրը, ով հայ էր, բոլոր նկատողությունները սկսում էր հետևյալ խոսքերով՝ ահա, ես չեմ լինի… Ի պատասխան՝ Վարդանյանը ժպտում է. «Երբեք դրա մասին այդ տեսանկյունից չեմ մտածել»:

Վարդանյանը հակված է դրան նայել սամուրայական փիլիսոփայության տեսանկյունից: Այսպես թե այնպես, կտակի ու ժառանգության մտքից է ծնվել Phoenix Advisors ընկերությունը: Վերջին հարյուրամյակում առաջին անգամ մեր երկրում, ասում է Վարդանյանը, ստեղծվում է իրավիճակ, որի դեպքում իր սերնդի բիզնեսմենները 10-20 տարի հետո իրենց երեխաներին թողնելու ինչ-որ բան կունենան: Շուկայի և մշակույթների հաջորդականություն Ռուսաստանում փաստացի չկա, և Վարդանյանը, Phoenix Advisors ընկերության ղեկավար Օլեգ Ցարկովի հետ, պատրաստվում է դա ուղղել:

Ժառանգության մասին հարցերը Վարդանյանի համար ոչ միայն նյութական, այլ նաև ինտելեկտուալ հարթությունում են, հետևաբար՝  «Տրոյկայի» իր նախկին գործընկերների հետ նա ստեղծել է «Երազանքից բարձր» ծրագիրը՝ տաղանդավոր ֆինանսիստ, մաթեմատիկոս և տնտեսագետ ուսանողներին օժանդակելու համար, որոնք կժառանգեն այն ամենը, ինչ երբևէ իմացել են Վարդանյանն ու իր գործընկերները:

2005 թվականին արտասահմանում ստանալով բիզնես-կրթություն՝ Ռուբենը ոգեշնչվում է Ռուսաստանում միջազգային բիզնես դպրոց հիմնելու գաղափարով, և իր ռուսաստանցի ու օտարերկրացի գործընկերների հետ նախաձեռնում են «Սկոլկովոյի» հիմնումը:

Նրանք միանգամից որոշում են, որ բիզնես-դպրոցում կրթվողները պետք է ոչ միայն միջազգային կոնտեքստի, այլ նաև ռուսական իրականության համար կարողանան մտածել, աշխատել և նպաստել տնտեսության զարգացմանը: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ խոշոր բիզնեսմենները կարող են միասին ներդնել իրենց գումարներն  ընդհանուր նախագծում, բայց Ռուբենը կարողացավ համոզել նրանց: Չնայած դպրոցի հաջողություններին՝ Վարդանյանն ասում է. «Խոսել այն մասին, թե կայացե՞լ է արդյոք դպրոցը, կարելի է միայն 2025 թվականին, դեռ այդ նախագիծն աշխատանքային փուլում է»:

Վարդանյանն ունի սիրելի հնարք, որը ես կենդանի տեսել եմ, և որն էֆեկտիվ էր: «Սկոլկովո» բիզնես-դպրոցի տասնամյակի առիթով կազմակերպված դիսկուսիաներից մեկի ժամանակ նա լսարանին խաղ առաջարկեց. «Խնդրում եմ՝ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր վստահում են տասից ավելի մարդկանց»: Լսարանում միայն մի քանի անվստահ ձեռքեր բարձրացան: «Հիմա բոլոր նրանք, ովքեր վստահում են 5 մարդու»: Ձեռքերն ավելի են շատանում: «Շնորհակալություն, իսկ հիմա՝ նրանք, ովքեր՝ 3 և ավելի»,- և ձեռքերն ավելի են շատանում: Նույն այդ հարցերի ցանկը դրվում է  նաև սոցիալական ինստիտուտների վստահության վերաբերյալ: Երբ երկու դեպքերի հաշվարկներն էլ հասնում են մեկին, ձեռք բարձրացնում են գրեթե բոլորը: Հենց այն, ինչ պահանջվում էր ապացուցել: «Մենք ապրում ենք վստահության շատ նեղ միջավայրում: Դա հենց հիմնական խնդիրն է: Մեզ թվում է, թե հենց սկսում ես վստահել, դառնում ես խոցելի: Եթե մենք ոչ ոքի չենք հավատում, մենք չենք ուզում ռիսկի գնալ ու ավելի շատ բան անել»,- ասում է Վարդանյանը:

Վստահությունը նա ամեն ինչից թանկ է գնահատում, իր բոլոր սոցիալական նախագծերում ընտանիքի անդամներ և մեծ թվով գործընկերներ են, որոնց վերաբերյալ նա հստակ գիտի՝ նրանց համար կարևոր է իրենց հեղինակությունը և աշխարհը փոխելու հնարավորությունը: Դա տրամաբանական է՝ աշխատել այն մարդկանց հետ, որոնց գիտես, բայց Վարդանյանն առաջարկում է աճպարարություն անել. դա չի նշանակում, որ «դրսի» մարդիկ նրա մոտ երբեք չեն հայտնվում: Նրանց հետ աշխատել կարող են նրանք, ովքեր պատրաստ են նայել այնքան հեռու, որքան ինքը: «Ինչքան բարձր է վստահության աստիճանը, այնքան քիչ են ծախսերը: Վստահելով՝ մարդիկ անում են ավելի շատ, քան պետք է անեն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները: Իսկ վստահությունը, առաջին հերթին, հիմնված է գիտելիքների վրա»,- ասում է Վարդանյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին