▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ոստիկաններին բերում են Հայաստան, որ պատերազմի ժամանակ չթողնեն հասնենք Արցախ.Քաղաքագետ

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին հետաքրքրում է՝ հայկական կողմը տեղյակ եղե՞լ է այս որոշման մասին, թե՞ այն միակողմանի է:

«Մեր իշխանությունները դիվանագիտական խողովակներով ստացե՞լ են նորությունը, թե՞ մեզ հետ միասին «ՌԻԱ Նովոստի»-ից տեղեկացան: Ի՞նչ են պլանավորում անել: Օտար զինված ուժերի հետ կապված հարցերն առաջին հերթին կարգավորվում են Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ նախարարությունների համակգործակցության մակարդակով: ՌԴ-ում Ռազմական ոստիկանությունը ստեղծվել է 2011 թվականին՝ ՊՆ-ի շրջանակներում, բայց ֆունկցիաները դասական ոստիկանական են: Պարզ է, որ նրանք զինվորներ չեն: Ինչո՞ւ պետք է այլ երկրի ոստիկանները լինեն Հայաստանում, ես չեմ հասկանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը նշեց, որ այս հարցի հետ կապված իր վարկածն ունի.այն կապված է արցախյան հացրի հետ:

«Այո՛, Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում  ուժեղացնել իր ներկայությունը: Դե թող 1000 զինվոր ուղարկեր, ի վերջո պայմանագրով դա նախատեսված է: Իսկ ոստիկանների ներկայությունը ինձ այլ բան է հուշում: Վերջերս Ռուսաստանից Հայաստան եկան մեզ հետ ակտիվ աշխատող մարդիկ և հետաքրքիր հաղորդագրություն փոխանցեցին, այն է՝ Ռուսաստանը եզրակացություններ է արել ապրիլյան պատերազմից հետո: Համամիտ եմ, ՌԴ-ն հասկացավ, որ ՀՀ-ում միայն իշխանության հետ գործ ունենալը բավարար չէ: Հասկացան, որ հայ հասարակությունը Արցախի հարցում լուրջ դեր ունի ու ՌԴ սցենարը կարող է խափանել: Կարծում եմ, որ ռազմական ոստիկաններին հենց սրա համար էլ բերում են: Եթե հանկարծ Արցախում պատերազմ սկսվի Ադրբեջանի կողմից, այնպես կանեն, որ այստեղից աջակցություն չլինի, չհասցնեն գնալ այնտեղ: Մինչև փորձենք հասնել՝ պատնեշ կդնեն ու իրենց ուզած ձևով կլուծեն հարցը: Սա մեծ վտանգ է, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Թուրքիայի դերը օրեցօր աճում է Ռուսաստանի համար, որովհետև Արևմուտքի հետ հարաբերություններն օրեցօր վատթարանում են: Հետևաբար, Ռուսաստանն այդ շրջափակումից պետք է դուրս գա Թուրքիայի հետ համագործակցելով, իսկ դրա գինը Արցախն է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին