Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Կփորձեն ներկայացնել հայկական մշակույթի բոլոր շերտերը.դասական երաժշտություն, կերպարվեստ, քանդակագործություն և այլն:
Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կկայանա դասական երաժշտության համերգ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ:
«Բացման արարողությանը ներկա կլինի ՀՀ նախագահը»,-հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Հարցին՝ հայտնի է, թե ինչի՞ մասին են այս այցի ընթացքում խոսելու ՀՀ և ՌԴ նախագահները, դեսպանը պատասխանեց.
«Դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց քննարկվելու են առևտրային, ռազմական և այլ հարցեր»: