▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետին պատկանող ընկերությունը «արտոնյալ» է վարկավորվել

civilnet.am-ի փոխանցմամբ կառավարությունը Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին պատկանող «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը (Վահե Հակոբյանը ընկերության հիմնադիր սեփականատերն է) լայնածավալ վարկավորել է ռուսական վարկի միջոցներով։ 2012թ. գործադիրը ընկերությանը տրամադրել է $20 մլն-ի բյուջետային վարկ՝ 5 տարի մարման ժամկետով, այն դեպքում, երբ «Զանգեզուր մայնինգը» դեռևս չէր մարել 2009թ. հունիսին ստացված $15 մլն-ի փոխառությունը։

Երկու դեպքում էլ վարկավորումն իրականացվել է ռուսական վարկի միջոցներով, երկու դեպքում էլ վարկը տրամադրվել է Libor+7 տարեկան տոկոսադրույքով։ Ուշագրավը, սակայն, այն է, որ երկու վարկերի ապահովման գրավը չի եղել ընկերության սեփականությունը։

Այսպես, 2009թ. վարկի գրավի ապահովման միջոց է ծառայել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության երաշխավորությունը՝ վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ։ 2012թ. օգոստոսին տրամադրված վարկն ապահովվել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության՝ Երևանում 118 հա տարածքով, որը գնահատվել է 23,6 մլրդ դրամ։

Կառավարության կողմից Վահե Հակոբյանի ընկերությանը 2012թ. նոր վարկային միջոցների տրամադրումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել նրանով, որ ընկերությունը չի կարողացել սպասարկել նախորդ վարկը։ Պարզ ասած՝ տեղի է ունեցել 2009թ. տրամադրված փոխառության վերաֆինանսավորում։ Սրա մասին վկայում է այն, որ եթե 2010թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը գործադիրն ուղղել է ընկերությունից ստացված 1,1 մլրդ դրամը, ապա 2011-ին ընկերությունը ամենայն հավանականությամբ վարկը չի սպասարկել, քանի որ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքի վերաբերյալ հրապարակման մեջ այս մասին խոսք չկա։

Մյուս կողմից՝ 2012թ. կառավարությունից $20 մլն-ի վարկային միջոցներ ստանալուց հետո ընկերությունը նույն տարում վճարել է 2 մլրդ դրամ (միջոցները գործադիրն ուղղել է պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը), այն դեպքում, երբ պետք է վճարեր 1,13 մլրդ դրամ։ Այս և գալիք տարի «Զանգեզուր մայնինգից» ընդհանուր առմամբ գործադիրը ստանալու է 5 մլն դրամ, որը կրկին ուղղելու է պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Թեև կառավարությունը «Զանգեզուր մայնինգին» վարկավորելիս նշել էր, որ այն խոշոր ենթակառուցվածների գործունեություն ապահովող ձեռնարկություն է, ընկերությանը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ընդամենը 12,5% մասնաբաժինը։ «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը հիմնադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, Սյունիքի ներկայիս մարզպետը, 2004թ.՝ նույն այն տարում, երբ մասնավորեցվեց ԶՊՄԿ-ն։ «Զանգեզուր մայնինգը» մասնագիտացած է լոգիստիկ ծառայությունների մատուցման ոլորտում, այսինքն ԶՊՄԿ-ի արբանյակն է, և ընկերության եկամուտները կախված է վերջինիս գործունեությունից։

Ռուսական վարկի միջոցներով «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը պետբյուջեի հաշվին վարկավորելու գործընթացը բխում է ընկերություն շահերից։ Ընկերությունը փաստացի սեփականություն չունի, ինչը գրեթե բացառում է բանկային համակարգից միջոցների ներգրավման հնարավորությունը։ Բացի այդ, եթե դոլարային խոշոր բիզնես վարկերի տոկոսադրույքները տատանվում են 10-12%-ի շրջանակում, ապա կառավարությունը ընկերությունը վարկը տրամադրել է տարեկան միջինը 7,5%-ով (անցած չորս տարիներին 6-ամսյա Libor-ը չի գերազանցել 0,5%-ը)։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին