▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա ընթացքում անշարժ գույքի վաճառքի գները կիջնեն 30 տոկոսով, վարձակալության գները՝ 50 տոկոսով

COVID-19-ի տնտեսական հետևանքները չեն շրջանցել նաև անշարժ գույքի շուկան.Կադաստրի կոմիտեն հրապարակել է 2020 թ. առաջին եռամսյակին անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, ըստ որի՝ շուկան համավարակի հետևանքով ծագած խնդիրներին արձագանքել է գործարքների թվի կրճատմամբ:

Թեմայի անդրադարձել է  168.am-ը, որի հետ հետ զրույցում «Կենտրոն»  անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը   խոսել է  նաև համավարակի մեկ այլ կանխատեսելի հետևանքի՝ շուկայում սպասվող գնանկումների մասին.

«Այս տարվա ընթացքում անշարժ գույքի վաճառքի գները կիջնեն շուրջ 30 տոկոսով, վարձակալության գները՝ 50 տոկոսով:

Առաջին երկու ամսում արդեն գործարքների նվազման հետ կապված դինամիկան տեսանելի կլինի»:

Շուկայում միտումները բացասական են. Գործակալության տնօրենը ներկայացրել է նաև հիմնական պատճառները.

«Տուրիստներ չկան, իսկ տուրիստները բավականաչափ մեծ գումար էին բերում երկիր: Նրանց մեծ մասը մեր սփյուռքահայերն էին, որոնք նաև գույք էին ձեռք բերում. այս տարի դա չի լինելու, ՌԴ-ից մեծ տրանսֆերներ էին կատարվում Հայաստան, որը նույնպես կրճատվելու է, և այս ամենը բերելու է նրան, որ գների անկում կունենանք, այսինքն՝ անշարժ գույքի պահանջարկը կնվազի»:

Նա նաև ընդգծել է համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների ուղիղ ազդեցությունը ոլորտի վրա. «Հաշվի առնելով այն, որ վարկավորումը բարձր է եղել վերջին երկու-երեք տարում, բավականաչափ վարկ է տրվել, ու, ինչպես հասկանում եմ՝ տուրիստական, սպասարկման ոլորտներում գործազուրկները կշատանան, հետևաբար՝ վճարումների խնդիրներ կլինեն. բանկերը կվերցնեն այդ գույքը, իրենք կհանեն վաճառքի, ինչը նույնպես կնպաստի գների անկմանը»:

Ըստ մասնագետի՝ գնանկումը կշարունակվի մինչև հաջորդ տարի. «Մարտ-ապրիլ ամսից աստիճանաբար կսկսի վերականգնվել»:

Հարցին, թե պետությունն ի՞նչ միջոցառումներով կարող է համակշռել ոլորտը, Վ. Դանիելյանը պատասխանել է. «Մեր պետության դերը սահմանափակ է. Կարող է հնարավորինս մեղմել, բայց մեծ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև շատ մեծ  ծավալի գումարներ էին մտնում արտերկրից. այդ գումարները չեն լինելու, իսկ պետությունը չունի այն ռեսուրսը, որ դրանք փոխարինի ինչ-որ ձևով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին