Տեղեկացրել էինք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշման համաձայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Այս որոշմանը դեմ է հայ համայնքը:
«Աթեշյանին սկզբից էր պետք տեղը նստեցնել: Ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա նրան խորհուրդ եմ տալիս ոտք չդնել «Զվարթնոց» օդանավակայան: Դրա իրավունքը չունի: Նա ոչինչ չի արել, որպեսզի հայկական ինքնությանը վերադառնալու գործընթացը տեղի ունենա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Պոլսահայ երաժիշտ Պողոս Եղիազարն էլ անդրադառնալով Երևանում Աթեշյանի հայտնած խոսքին, թե Էրդողանն իր եղբայրն է, նկատեց.
«Մեկը լինի Էրդողանին հարցնի՝ արդյո՞ք ուրախ է, որ Աթեշյանը նրան իր եղբայրն է համարում: Այսօր Աթեշյանի շնորհիվ եկեղեցին ահաբեկված է: Վերջերս մի կին վեր կացավ ու եկեղեցում ի նշան բողոքի երգեց «Տե՜ր Ողորմեա»-ն և արդյունքում հայտնվեց ոստիկանական բաժանմունքում»:


