«Փաստինֆո»-ն գրում է. Վերնիսաժի մոտ կրակոցների գործով հարցաքննվեցին մի շարք վկաներ: Մասնավորապես, կին վկան հայտնեց, որ լսել է կրակոցներ, ապա տեսել գետնին ընկած ծեր մարդու, ում օգնություն էին ցույց տալիս: Տեսել է նաև շենքի աստիճանների մոտ արյունաքամ լինող մի երիտասարդի, փորձել է նրան օգնել: Վկան հայտնեց, որ երիտասարդը դատական նիստին ներկա, գործով տուժող Մյասնիկ Հայրապետյանն էր: Վկան հայտնեց, որ լսել է երկու կրակոց, ապա ևս երեքը, որից հետո դադար է եղել: Վկան տեսել է սպիտակ շորերով բարձրահասակ երկու տղաների:
«Նրանք ամբաստանյալնե՞րն են» հարցին ի պատասխան՝ վկան հայտարարեց՝ «չէ, այսպես կարճահասակ չէին» ու թիկնեղ էին: Լսել է ինչպես նրանք իրար հետ խոսում էին՝ ասելով՝ «էս ի՞նչ եղավ, պետք է թողնեինք գնայինք»: Սպիտակ գույնի մեքենայի մոտ տեսել է մի շիկահեր կնոջ, ով հրում էր տղամարդուն՝ վիճում էր, թե՞ նրան զսպում էր՝ հետ մղելով դեպի ելման դիրքեր, չի կարող ասել: «Վերնիսաժ» տոնավաճառում աշխատող Վանիկը կրակոցներ լսել է՝ գտնվելով 7-8 մ հեռավորության վրա, սակայն ոչինչ չի տեսել, քանի որ դեպքի վայրին թիկունքով է կանգնած եղել, այդպես էլ չի շրջվել, քանի որ վախեցել է, որ իր ապրանքը կգողանան: Վկան հայտնեց, որ լսել է 7-8 կրակոց, որոնցից վերջին երեքը՝ հաջորդաբար:
Վկա Արսենն իր նախաքննական ցուցմունքում ուղղում կատարեց՝ հայտարարելով, որ նախաքննության ժամանակ շփոթել է դեպքի վայրի «հակամարտ մեքենաների» գույները, դրա համար նախաքննական ցուցմունքում նշել է իր տեսածի ճիշտ հակառակը. իրականում Գոռ Առաքելյանին են հարվածել, ոչ թե՝ հակառակը: Վկան հայտնեց, որ հինգ կրակոց է լսել 150 մ հեռավորությունից: Պարզվեց, որ նախաքննական ցուցմունքում վկան այլ հեռավորություն էր նշել՝ 15-20 մ: Վերնիսաժում իր նկարները վաճառող նկարիչ Տիգրանը հայտնեց, որ վիճաբանության ձայներ է լսել, թեև դեպքի վայրից գտնվել է 10 մ հեռավորության վրա, սակայն չի տեսել ոչինչ, քանի որ իր տեսադաշտը փակված էր իր նկարներով:
Մինչդեռ նախաքննության ժամանակ վկան հայտնել էր, որ լսել է վիճաբանության ձայներ, տեսել է ավտոկայանատեղիից դուրս եկող սև գույնի ավտոմեքենան, որի դիմաց եղել է սպիտակ գույնի ավտոմեքենան, որը հատել էր սև ավտոմեքենայի ճանապարհը («Փաստինֆո». սև գույնի ավտոմեքենան վարում էր Գոռ Առաքելյանը): Վկան քննիչին հայտնել էր, որ վեճն առաջացել է կայանման հարցի շուրջ, լսել է 3-4 կրակոցներ, հայհոյանքների ձայներ: Դատարանում վկան հայտարարեց, որ նախաքննության ընթացքում շատ բան ասել է ոչ թե տեսածի, այլ՝ պատմածների հիման վրա: Դատարանը, ինչպես և խոստացել էր, անդրադարձավ նախորդ նիստին ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայության հարցին: Փաստաբանը պարզաբանեց, որ մասնակցում էր անհետաձգելի քննչական գործողության, որից հեռանալ պարզապես իրավունք չուներ: